Նիզակ
Նիզակ (նաև գեղարդ, տեգ), մոտիկից և հեռվից նետմամբ խոցող հնագույն զենք։ Գործածվել է որսի ժամանակ և մարտերում։ Երևան է եկել պալեոլիթի դարաշրջանում։ Նախնական նիզակը եղել է սրածայր փայտե ձող։ Հետագայում 1.5 մետրից մինչև 5 մետր երկարությամբ ձողի ծայրին ամրացրել են սուր շեղբեր։ Նիզակը առանձնապես տարածվել է երկաթի դարում։ Նիզակը առանձնապես տարածվել է երկաթի դարաշրջանում։
Հայկական լեռնաշխարհում տերևաձև և դաշունաձև շեղբերով բազմաթիվ մեծ ու փոքր նիզակներ են գտնվել բրոնզի և երկաթի դարաշրջանների հնավայրերից։ Թոփրախ կալեից հայտնաբերվել են նաև երկաթե ձողաբնով ամբողջական նիզակներ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբին նիզակը եղել է Ուրարտուի հեծյալ և հետիոտն մարտիկների հիմնական զենք, որի մասին են վկայում պեղածո բազմաթիվ նյութերն ու պատկերաքանդակները։ Լայնորեն օգտագործվել է նաև Հին Արևելքի այլ երկրների ու անտիկ աշխարհի զորաբանակներում։ Միջնադարյան Հայաստանում եղել է ծանրազեն (զրահակիր) հեծելազորի գլխավոր զենքը։ Եվրոպայում նիզակով զինվել են գլխավորապես ասպետական զորքերը։ Հաճախ օգտագործվել են սուր ծայրի կողքերից զույգ կեռեր (հեծյալին ձիուց վայր բերելու համար) կամ մի կողմից սակր (հարվածելու համար) ունեցող նիզակներ։ Նիզակի գործածությունը որոշ երկրներում հարատևել է մինչև XX դ․ սկիզբը։ Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի որոշ բնիկների մոտ նիզակը ցարդ օգտագործվում է որպես որսի զենք։
Հնում նիզակը դիտվել է իշխանության խորհրդանիշ։ Լանգոբարդները հանդիսավորությամբ նիզակ են հանձնել նորընծա թագավորին, հռոմեացիները՝ բարձր դաս փոխադրվող քաղաքացուն։ Պատերազմում պարտված հակառակորդին ու գերիներին նիզակներից պատրաստած յուրահատուկ «լծի» տակով անցկացնելու հին սովորույթը համարվել է անարգանքի ու ստորացման նշան։ Հայ պատմիչները վկայում են պարտված երկրում, որպես քաջության նշան, արքայի կամ զորավարի նիզակ կանգնեցնելու հին հայկական սովորույթի մասին։
Գրականություն
խմբագրել- Սամուելյան Խ․, Հին Հայաստանի կուլտուրան, հ․ 2, Ե․, 1941։
- Առաքելյան Բ․ Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։
- Есаян С․, Оружие и военное дело древней Армении (III–I тыс․ до н․ э․), Е․, 1966․
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիզակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 289)։ |