Արխար (Ovis ammon, Архар), վայրի ոչխար։ Տարածված է Միջին և Կենտրոնական Ասիայում։ Ունի աշխարհագրական մի քանի տիպեր (ռասա), որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով, եղջյուրների ձևով և բրդի գույնով։ Պամիրում և Ալթայում խոշոր արխարի կենդանի քաշը մոտ 200 կգ է։ Ապրում են հոտերով (200-300 գլուխ, իսկ որոշ շրջաններում՝ 15-20) դժվարանցանելի կիրճերում, լեռնալանջերի բաց տարածություններում և սարահարթերում։ Հիմնական կերը խոտաբույսերն են։ Ծինը սկսվում է գարնանը։ Արխարն արժեքավոր որսի կենդանի է։ Որսվում է մսի և կաշվի համար։
Արխարի և նրբագեղմ ոչխարների հիբրիդացումից ստացվել է ղազախական արխարամերինոս ցեղը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 66)։