Ֆենտեզի
Ֆենթըզի (անգլ.՝ fantasy - «երևակայություն»), գրականության ֆանտաստիկ ժանրի տեսակ, որտեղ օգտագործվում են հեքիաթային և առասպելական կերպարներ։ Ժամանակակից տեսքով այն ձևավորվել է 20-րդ դարում։ Ժանրի վրա մեծ ազդեցություն է թողել Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, որն իր ստեղծագործություններում օգտագործել է նոր ռասաներ, իսկ եղածներն էլ փոփոխել։ Շատերի կողմից Թոլքինին համարվում է ժամանակակից ֆենթըզի գրականության «նախահայր»։
Ֆենթըզի ստեղծագործությունները մոտ են պատմաարկածային ժանրի վեպերին, որտեղ գործողությունները կատարվում են հորինված աշխարհում, որն հաճախ հիշեցնում է միջնադարյան աշխարհը։ Այս ստեղծագործությունների հերոսները գործ են ունենում գերբնական երևույթների ու կենդանիների հետ։
Ի տարբերություն գիտաֆանտաստիկ ժանրի, ֆենթըզին չի ձգտում գիտության տեսանկյունից բացահայտել այն աշխարհը, որտեղ տեղի են ունենում ստեղծագործության գործողությունները։ Այդ աշխարհը գոյություն ունի հիպոթետիկ տեսանկյունից։ Հաճախ այն շատ մոտ է իրականությանը։ Հնարավոր է որ այդ աշխարհը լինի զուգահեռ աշխարհ կամ մեկ այլ մոլորակ, որտեղ ֆիզիակական օրենքները կարող են տարբերվել մեր իմացածից։ Այդ աշխարհներում իրական է դառնում աստվածների գոյությունը, կախարդությունն ու հրաշագործությունը, ինչպես նաև առասպելական արարածները՝ (վիշապներ, էլֆեր, թզուկներ, տրոլներ և այլն)։ Ի տարբերություն ֆենթըզիի անալոգ «հեքիաթային» ժանրի, նրանք այդ աշխարհների համար սովորական երևույթ են համարվում՝ ինչպես բնության օրենքները։
Ֆենթըզին նաև կինեմատոգրաֆիայի, գեղանկարչություն, համակարգչային խաղերի ժանրի տեսակ է։ Չինական ֆենթըզին մի փոքր տարբերվում է ավանդական ֆենթըզիից, քանի որ այնտեղ առկա է նաև մարտարվեստի օգտագործումը։
Գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա գրական ժանրի վրա մեծ ազդեցություն են թողել միջնադարյան էպոսները և ասպետների մասին պատմող վեպերը։ Ֆենտեզի ժանրի շատ ստեղծագործությունների համար հիմք է դարձել Արթուր արքայի մասին պատմող լեգենդը։
Որոշ հետազոտողներ ֆենտեզիի էլեմենտներ են նկատում անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի «Նա» (1887), «Երկրի սիրտը» (1896), «Սառցե աստվածներ» (1925) և այլ ստեղծագործություններում։
Ժամանակակից ֆենտեզիի առաջին ստեղծագործությունները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին։ Դրանց թվում են՝ «Էլֆլանդիի արքայի դուստրը» (1924, Էդվարդ Դանսենի), «Կոնան» (1932, Ռոբերտ Իրվին Հովարդ), «Նարնիայի ժամանակագրություններ» (1950-1956, Քլայվ Սթեյփլս Լյուիս) և այլ վեպեր։ Ֆենտեզիին լայն տարածում բերեց Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպը (1954-1955)՝ մեծ ազդեցություն թողնելով ժանրի վրա։ Նրան հետևորդ կարելի է համարել հետագայի գրեթե բոլոր խոշոր ֆենտեզի ժանրի գրողներին՝ Քրիստոֆեր Պաոլինին («Էրագոն»), Ջոան Ռոուլինգին («Հարի Փոթեր») և այլն։ Ներկայումս ժանրին մեծ հայտնիություն է բերում ժամանակակից ֆենտեզի-գրականությունը՝ Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարը, Ռոբերտ Սալվատորի «Մոռացված թագավորություններ» սագան և այլն։
Ֆիլմարտադրությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենտեզի ժանրի ֆիլմերը հիմնականում նկարահանվում են գրքերի, կոմիքսների հիման վրա։ Ֆենտեզի ժանրի ամենահայտնի ֆիլմերն են.
- «Բարբարոս Կոնանը» (1982) - ռեժիսոր՝ Ջոն Միլիուս,
- «Կործանիչ Կոնանը» (1984) - ռեժիսոր՝ Ռիչարդ Ֆլեյշեր,
- «Ուիլլոու» (1988) - ռեժիսոր՝ Ռոն Հովարդ,
- «Մատանիների տիրակալը» (2001—2003) - ռեժիսոր՝ Փիթեր Ջեքսոն,
- «Հարի Փոթեր» (2001—2011) - Ջոան Ռոուլինգի վիպաշարի հիման վրա, ռեժիսորներ՝ Քրիս Կոլամբուս, Ալֆոնսո Կուարոն, Մայքլ Նյուելլ, Դեվիդ Յեյց,
- «Մայրամուտի ասպետը» (2003) - ռեժիսոր՝ Բրոք Մորս,
- «Նարնիայի ժամանակագրություններ» (2005—2014) - ռեժիսոր՝ Էնդրյու Ադամսոն,
- «Էրագոն» (2006) - ռեժիսոր՝ Քրիստոֆեր Պաոլինի,
- «Ալիսան հրաշքների աշխարհում» (2010) - ռեժիսոր՝ Թիմ Բարթոն,
- «Հոբիթ» (2012-2014) - ռեժիսոր՝ Փիթեր Ջեքսոն,
- «Գահերի խաղ» (2011—այժմ) - հեռուստասերիալ, ռեժիսորներ՝ Ալան Թեյլոր, Դեվիդ Նաթեր, Ալեքս Գրեյվզ, Ջերեմի Պոդեսվա և ուրիշներ։
Ֆենտեզին ներկայացվում է նաև մի շարք մուլտֆիլմներում։
Հեռուստասերիալներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆենտեզի ժանրի հայտնիությունը բերեց նրան, որ ստեղծվեցին մի շարք հեռուստասերիալներ, որոնցից առավել հայտնի են «Գահերի խաղ», «Գերբնական» «Որոնողի լեգենդը», «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալները և այլն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմկոն ֊ ֆենթեզի և գիտաֆանտաստիկա ժանրերում գրական մրցույթ Հայաստանում
- Ֆենտեզի կատեգորիան standardebooks.org-ում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆենտեզի կատեգորիայում։ |