Ազդրոսկր (լատին․՝ femur, os femoris), մարդու մարմնի խողովակաձև ամենամեծ ոսկրը։ Մարմինն ունի գլանաձև տեսք և առջևում ինչ-որ չափով ուռուցիկ է, նրա հետևի մակերեսի երկայնքով ձգվում է անհարթ գիծ (linea aspera), որը ծառայում է մկանների կպման համար։ Մարմինը ներքևի մասում լայնանում է։
Մոտակա ծայրի վրա գտնվում է ազդրոսկրի գլուխը (caput femoris), որն ունի հոդային մակերևույթ, որը ծառայում է կոնքոսկրի հետ հոդավորվելու համար։ Գլխի մակերևույթի մեջտեղում կա փոսիկ։ Գլուխը ոսկրի մարմնին միացված է լավ արտահայտված վզիկով (collum femoris), որը ազդրոսկրի մարմնի երկայնական առանցքի հետ առաջացնում է մոտավորապես 130 ° անկյուն։ Վզիկի և մարմնի սահմանում կան երկու` վերին և ստորին ոսկրային հզոր թմբեր, որոնք կոչվում են տամբիոններ։ Մեծ տամբիոնը (trochanter major) տեղակայված է կողմնայնորեն` մարմնի վերին ծայրում, նրա` դեպի վզիկը դարձած միջային երեսին տամբիոնային փոսն է (fossa trochanterica): Երկու տամբիոնները միմյանց են միանում դիմացից միջտամբիոնային գծով (linea intertrochanterica), իսկ հետևից լավ արտահայտված միջտամբիոնային կատարով (crista intertrochanterica): Այս փոսն ու կատարը ծառայում են մկանների կպման համար։
Ազդրոսկրի մարմինը (corpus femoris) ծռված է դեպի առաջ, նրա առաջային մակերեսը հարթ է, իսկ հետին մակերեսի երկայնքով անցնում է անհարթ գիծը (linea aspera), որը բաժանվում է միջային ու կողմնային շուրթերի։ Մարմնի մեջտեղում շուրթերը սերտ հարում են միմյանց, իսկ դեպի վեր ու վար նրանք հեռանում են իրարից։ Դեպի վեր կողմնային շուրթը հաստանում է, գոյացնում է հետույքային թմբկությունը (tuberositas glutea), որը երբեմն նաև անվանում են երրորդ տամբիոն (trochanter tertius)։ Միջային շուրթը, շարունակվելով վեր, դառնում է կտինային գիծ (linea pectinea)։ Դեպի ներքև շրթերն աստիճանաբար հեռանում են միմյանցից` սահմանափակելով եռանկյունաձև ծնկափոսային մակերեսը (հարթակը) (facies poplitea)։
Ազդրոսկրի մարմնի հեռակա ծայրը լայնանալով գոյացնում է երկու խոշոր կոճեր՝ միջային և կողմնային (condylus medialis et lateralis), որոնց միջև հետևի կողմից գտնվում է միջկոճային փոսն է (fossa intercondylaris)։ Կոճերն ունեն հոդային մակերևույթներ, որոնք նախատեսված են ոլոքին ու ծնկոսկրին միանալու համար։ Յուրաքանչյուր կոճի կողմերում` հոդամակերեսւց վեր, տեղակայված է համապատասխան վերկոճը (epicondylus medialis et epicondylus lateralis)։