Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Անանիա Շիրակացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանիա Շիրակացի
Ծնվել էմոտ 610[1][2]
Ղոնախղռան, Բյուզանդական կայսրություն[3]
Մահացել էմոտ 685[2]
Անիավան, Բյուզանդական կայսրություն[4]
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս, պատմաբան, աստղագետ, աշխարհագրագետ, փիլիսոփա, քարտեզագիր և ալքիմիկոս
Գործունեության ոլորտմաթեմատիկա, աստղագիտություն և բնական պատմություն
Ալմա մատերԴպրեվանք[5]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Anania Shirakatsi Վիքիպահեստում
Անանիա Շիրակացուն նվիրված հուշադրամ

Անանիա Շիրակացի (մոտ 610[1][2], Ղոնախղռան, Բյուզանդական կայսրություն[3] - մոտ 685[2], Անիավան, Բյուզանդական կայսրություն[4]), VII դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում[6]։

Ծննդավայրը և ուսումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում[7]։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով` որոշել է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով` մեկնել է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսել է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որն ապրում էր Չորրորդ Հայքում։

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո եկել է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանությանը։ Ապա կամեցել է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպել է այնտեղից եկող ծանոթների և լսել, թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորել է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետել համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթաել այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի։ Ապա նա վերադարձել է Հայաստան և փորձել ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացել է դպրոց և գրել դասագրքեր[8]։

Գիտական գործունեության ոլորտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։

Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություններից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։

Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում [փա՞ստ]։

Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր Կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։ Ընդունելով երկրի գնդաձևությունը՝ Շիրակացին կարծում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է, մյուսում՝ գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է «խիտ և աղոտ աստղերի կուտակում»։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք համարում են, որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ Մատենադարան։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 (unspecified title)ISBN 978-2-7089-6874-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Oxford Dictionary of Late Antiquity / O. NicholsonOUP. — P. 68.
  3. 3,0 3,1 3,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  5. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1974. — հատոր 1. — էջ 362—364.
  6. Հայկական Սովետական Հանրագիտարան հատոր 1, 1974 թ
  7. «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները». Վերցված է 2014 Հուլիսի 24-ին.
  8. Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան, ed. (1979). «Խոսք Երիցս Երանելի Ուսուցիչ Անանիա Շիրակացու՝ Իր Կյանքի Որպիսության Մասին -- Ինքնակենսագրություն». Անանիա Շիրակացի Մատենագրություն. Երևան: «Սովետական Գրող» հրատարակչություն. էջ 25-29.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանիա Շիրակացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362