Արևելք օրաթերթ, ազգային, քաղաքական և գրական։ Հրատարակվել է Կոստանդնուպոլսում, 1884-96 և 1898-1912-ին։ Տարբեր տարիներ թերթի արտոնատեր, տնօրեն, հրատարակիչ-խմբագիրներ են եղել Ստեփան Տամատյանը, Գ. Պոյաճյանը, Երվանդ Սրմաքեշխանլյանը։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հալածանքների ժամանակ հայ առաջավոր մտավորականները հրապարակել են հոդվածներ արևմտյան Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակի վերաբերյալ։ «Արևելքը» հրաժարվել է տպագրել թուրքական պաշտոնական հերյուրանքները 1894-96-ի հայկական կոտորածների մեղավորներ հայերին համարելու մասին, ուստի գրաքննությունը ժամանակավորապես արգելել է թերթի հրատարակումը։ 1908-ին «Արևելքը» ողջունել է համիդյան բռնապետության տապալումը և սահմանադրության վերահաստատումը հուսալով հայերի և Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների ազատագրումն ու իրավահավասարությունը։ Ըստ «Արևելքի» հայկական հարցի ծագման պատճառներն են ազգային և կրոն, դաժան ճնշումը, հայերի բնաջնջման մշտական սպառնալիքը։ Դատապարտել է 1909-ի Ադանայի կոտորածը և նշել երիտթուրքերի մասնակցությունն այդ եղեռնին։ Բանավիճել է թուրք մամուլի հետ մերկացնելով կառավարության երկդիմի քաղաքականությունը Կիլիկիայի հայերի արտագաղթի և վերադարձի հարցում։ «Արևելքը» հանդես է եկել հայ քաղաքական կուսակցությունների համատեղ գործողությունների օգտին, տպագրել ՀՀԴ դիրքորոշումը օսմանյան պառլամենտի ընտրությունների նկատմամբ, ՀՀԴ Կոստանդնուպոլսի պատասխանատու մարմնի շրջաբերականները, հնչակյանների գործունեությունը լուսաբանող նյութեր։ Ադանայի կոտորածից հետո «Արևելքը» հնարավոր է համարել հայերի նոր կոտորածներ և առաջադրել է ինքնապաշտպանության գաղափարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 36)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։