Գրացիա Մենդես Նասի
Գրացիա Մենդես Նասի եբրայերեն՝ חנה נשיא և պորտ.՝ Gracia Mendes Nasi | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1510 |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Մահացել է | նոյեմբերի 3, 1569 (59 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2][3] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Պորտուգալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրոն | հուդայականություն[4] |
Մասնագիտություն | բանկիր, դիվանագետ և տպագրիչ |
Gracia Mendes Nasi Վիքիպահեստում |
Գրացիա Մենդես Նասի (պորտ.՝ Gracia Mendes Nasi, հունիսի 20, 1510, Լիսաբոն, Պորտուգալիա - նոյեմբերի 3, 1569, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2][3]), պորտուգալացի մտավորական և Վերածննդի դարաշրջանի Եվրոպայի ամենահարուստ հրեուհին։ Ամուսնացել է Ֆրանցիսկո Մենդեսի հետ և հանդիսացել Ջոակո Միկասի (հրեական անունը՝ Ջոզեֆ Նասի) հորաքույրն ու բիզնես գործընկերը․ վերջինս հանրահայտ դեմք է դարձել Օսմանյան կայսրության քաղաքական կյանքում։ Ձևավորել է փախուստի համակարգ, որով հարյուրավոր հավատափոխների փրկել է Ինկվիզիցիայից[5]։ Պորտուգալերեն և իսպաներեն Գրացիա անունը փոխարինել է եբրայերեն Հաննա անվանը, որը նշանակում է «շնորհ, ողորմածություն»[6], հայտնի է եղել նաև քրիստոնեական Բեատրիս դե Լունա անվամբ։
Ընտանիք և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեատրիս դե Լունան ծնվել է 1510 թվականին Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում։ Ընտանիքը սերում էր Իսպանիայի Արագոնյան թագից և բռնի հավատափոխության ենթարկված հրեաներ էին։ Բեատրիսի հայրը՝ Ալվարո դե Լունան, ամուսնացել է Ֆրանցիսկո և Դիոգո Մենդեսների քույր Ֆիլիպա (Ֆա) Մենդես Բենվենիստի հետ[7]։
Ամուսնություն և այրիություն Լիսաբոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1528 թվականին ամուսնացել է իր մորեղբայր, սև պղպեղի վաճառքով զբաղվող հարուստ առևտրական Ֆրանցիսկո Մենդեսի հետ։ Զույգն ամուսնացել է Լիսաբոնի մեծ տաճարում կաթոլիկ ամուսնական արարողակարգով, որից հետո կազմակերպել քեթուբայի կնքմամբ կրիպտո-հուդայական հարսանիք։ Ֆրանցիսկո Մենդեսն ու իր եղբայր Դիոգոն համաշխարհային հռչակ ունեցող հզոր առևտրական ընկերության ու բանկի տնօրեններ էին, որոնք գործակալներ են ունեցել ամբողջ Եվրոպայում ու Միջերկրական ծովի շրջակայքում։ Մենդեսները հավանաբար սկսել էին որպես թանկարժեք իրեր վաճառող ու արժութային արբիտրաժով զբաղվող ընկերություն, սակայն աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանից և պորտուգալացիների կողմից դեպի Հնդկաստան ծովային ուղին հայտնագործելուց հետո Մենդես եղբայրները դարձել են համեմունքների նշանավոր առևտրականներ։ Նրանք նաև արծաթ էին վաճառում, որն անհրաժեշտ էր ասիացիներին այդ համեմունքների դիմաց վճարելու համար։ 1538 թվականի հունվարին, երբ Բեատրիսն ընդամենը քսանութ տարեկան էր, Ֆրանցիսկոն մահացել է։ Իր կտակում վերջինս իր ունեցվածքը բաժանել էր իր կնոջ ու եղբոր միջև․ այդ համարձակ կտակի շնորհիվ Բեատրիսը դարձել է տասնվեցերորդ դարի հաջողակ և հանրահայտ այն գործարար կինը, որի մասին մենք այսօր գիտենք։ Հետագայում խնդրել է Հռոմի պապի թույլտվությունն ամուսնու գերեզմանն այլ տարածք տեղափոխելու համար և այն ստանալուց հետո նա ամուսնու մասունքները տեղափոխել է Երուսաղեմում գտնվող Ձիթենյաց լեռը[7]։
Հիմնադրումներ Անտվերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]1538 թվականին Ֆրանցիսկոյի մահից մի քանի տարի առաջ վերջինիս եղբայր Դիոգոն իր ազգական Աբրահամ Բենվենիստի հետ Անտվերպենում մասնաճյուղ էր բացել։ Ֆրանցիսկոյի մահից հետո Բեատրիս Մենդեսն իր մանկահասակ դստեր՝ Անայի (դոն Ժոզեֆ Նասիի ապագա կնոջ) և իր կրտսեր քրոջ՝ Բրիանդա դե Լունայի հետ մեկնել է Անտվերպեն։ Լիսաբոնից տեղափոխությունը կատարվել է ճիշտ ժամանակին, Պորտուգալիայում քաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված, երբ 1536 թվականի մայիսի 23-ին Հռոմի պապը հրամայել է ստեղծել պորտուգալական ինկվիզիցիան։
Անտվերպենում հաստատվելուց հետո Բեատրիսն իր ամբողջ ընտանեկան կարողությունը ներդրել է ամուսնու եղբոր բիզնեսի մեջ ու սկսել անուն վաստակել ինքն իր համար ոչ միայն որպես բիզնես գործընկեր, այլ նաև որպես անկախ գործարար կին։ Դե Լունաների ու Մենդեսների ընտանեկան կապերն ավելի են ամրապնդվել Բեատրիսի քրոջ՝ Բրիանդայի ու Դիոգո Մենդեսի ամուսնությամբ։ Բայց Անտվերպենում հաստատվելուց հինգ տարի անց Դիոգոն նույնպես մահացել է։ Արդեն 1542 թվականն էր և իր կտակում վերջինս Մենդեսների առևտրական ամբողջ կայսրությունը թողել էր իր եղբոր կնոջը՝ Բեատրիս Մենդեսին դարձնելով կարևոր կին-գործարար։ Այդ հսկայական հարստությունը վերջինիս հնարավորություն է տվել ազդել թագավորների ու Հռոմի պապերի վրա, որը նա օգտագործել է հավատափոխներին պաշտպանելու համար։ Դա նաև նրան հնարավորություն է տվել ֆինանսավորել նրանց փախուստը կազմակերպող համակարգը։ Այս ամբողջ ընթացքում նաև փորձել է խուսափել տարբեր միապետների կողմից իր միակ աղջկան իրենց հարազատների հետ ամուսնացնելու միջոցով իր ունեցվածքին տիրանալու ձգտումից։ Եթե դա տեղի ունենար, ընտանեկան հարստության մի մեծ հատված կկորսվեր, քանի որ կանցներ իր դստեր ամուսնու ձեռքը։ Բեատրիսը դիմադրել է այս բոլոր փորձերին, ինչը նրան հաճախ անձնական վտանգի տակ է դրել։
Բեատրիս Մենդեսի գլխավորությամբ Մենդեսների ընտանիքը հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի, Կառլոս V կայսեր, վերջինիս քրոջ՝ Մարիա Ավստրիացու, Հռոմի պապեր Պողոս III-ի և Պողոս IV-ի, օսմանների սուլթան Սուլեյման I-ի հետ։ Այս գործարքները ներառել են առևտրային գործունեություն, վարկեր և կաշառքներ։ Ավելի վաղ Հռոմի պապին վճարելու միջոցով Մենդեսների ընտանիքն ու նրանց գործընկերները հետաձգել էին Պորտուգալիայում ինկվիզիցիայի հաստատումը։
Կյանք Վենետիկում և Ֆերարայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1544 թվականին նա փախել է ևս մեկ անգամ, այս անգամ՝ դեպի Վենետիկի հանրապետություն և բնակություն հաստատել Մեծ ջրանցքի վրա։ Քաղաք-պետությունը հրեաներին ու հավատափոխներին ապրելու և բիզնեսով զբաղվելու ապահով տեղ էր երաշխավորում, թեև բազմաթիվ հրեաներ ամբոխվել էին մարդաշատ գետոներում․ այս իրավիճակից ելնելով Մենդես ընտանիքը շարունակել է գաղտնի հուդայականություն դավանել, այն քողարկելով կեղծ կաթոլիկությամբ։ Այստեղ Բեատրիսը շարունակել է այն բիզնեսը, որով զբաղվել է ամուսնու եղբոր հետ և մեծ հաջողությամբ վաճառել պղպեղ, հացահատիկ և տեքստիլային գործվածքներ։ Վենետիկում կալվածքի շուրջ վիճաբանություն է ունեցել իր քրոջ՝ Դիոգոյի կնոջ հետ և մեկնել Ֆերարա՝ փորձելով վերջ դնել ունեցվածքի նկատմամբ հավասար վերահսկողություն սահմանելու քրոջ հետ վեճին։
Ֆերարա քաղաքն ընդունել է Մենդեսների ընտանիքին մեծ պատրաստակամությամբ, որտեղ առաջին անգամ իր կյանքում Բեատրիսը հնարավորություն է ստացել բացահայտ հուդայկանություն դավանել։ Նա ընտրել է եբրայերեն Նասի ազգանունը, որով էլ հայտնի է դարձել իր կյանքի այս շրջանում որպես Դոնա Գրացիա Նասի։ Ընդգրկվել է Ֆերարայի հրեական գաղութի կյանքում, դարձել Ֆերարայի հրեաների շրջանում գրագիտության ու տպագրության տարածման ակտիվ աջակիցը, որի շնորհիվ այս շրջանում տպագրված այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ 1553 թվականին տպագրված «Ֆերարայի աստվածաշունչը» և «Իսրայելի դժբախտությունները» նվիրվել են դոնա Գրացիային.[7]։
Ֆերարա տեղափոխվելը սակայն վերջ չի դրել դոնա Գրացիայի և իր քրոջ՝ ունեցվածքի կառավարման շուրջ վեճին, որը վերջնականապես լուծելու համար դոնա Գրացիան կարճ ժամանակով տեղափոխվել է Վենետիկ ու քրոջ հետ այն քննարկել Վենետիկի հանրապետության խորհրդակցական և օրենսդրական մարմին վենետիկյան սենատում։
Վերջին տարիներ Ստամբուլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայնության գալուց հետո Գրացիան, իր դուստր Անան (որն այժմ կորվում էր Ռեյնա Նասի) և մի մեծ շքախումբ տեղափոխվել են Կոստանդնուպոլիս (մերօրյա Ստամբուլ), որտեղ մայրը կազմակերպել է իր դստեր ամուսնությունը իր ամուսնու զարմիկ և բիզնես գործընկեր դոն Ժոզեֆ Նասիի հետ։ 1553 թվականին կատարված այս տեղափոխությունը, ինրպես և նրա նախկինում արված քայլերը, եղել է ճիշտ ժամանակին, քանի որ հակառեֆորմացիոն Իտալիայում քաղաքական մթնոլորտը սկսել էր թշնամական դառնալ։ Կոստանդնուպոլիսում դոնա Գրացիան ճոխ ապրել է Գալաթայի եվրոպական մասում․ նա շատ նվիրված էր հրեական կենսակերպին և օսմանյան կայսրությունում ստանձնել է հրեական բնակչության առաջնորդի դերը։
1556 թվականին, դոնա Գրացիայի Կոստանդնուպոլիս ժամանելուց կարճ ժամանակ անց, Հռոմի պապ Պիոս V-ը Անկոնայում մի խումբ հավատափոխների խարույկի վրա այրելով մահապատժի է ենթարկել՝ պնդելով, թե նրանք շարունակել են հրեական ծեսեր անել։ Դրան ի պատասխան դոնա Գրացիան պապական մարզերում Անկոնա նավահանգստում կազմակերպել է առևտրի էմբարգո (արգելափակում), իսկ Ստամբուլում սինագոգներ ու եշիվաներ կառուցել։ Այդ սինագոգներից մեկն անվանվել է նրա պատվին (La Señora)։ Այս կառույցներն առաջնային նպատակ են ունեցել փախստականներին օգնել վերադառնալ իրենց նախնիների հավատին՝ հուդայականությանը։
1558 թվականին սուլթան Սուլեյման I-ը նրան երկարաժամկետ վարձակաություն է շնորհել Գալիլեայի Տիբերիա քաղաքում, փոխարենն ստանալով ամենամյա հարկային եկամուտների զգալի աճի երաշխավորություն։ Սուլթանի օրոք օսմանյան կայսրությունն ավելի վաղ նվաճել էր Սուրբ Երկրի այդ հատվածը, բայց այն մեծապես ամայի վայր էր։ Արդյունքում դոնա Գրացիան իշխանություն է ստացել Տիբերիայի տարածքի վրա ու սուլթանի օգնությամբ սկսել վերակառուցել այնտեղի լքված քաղաքներն ու փախստականների համար այնտեղ վերաբնակվելը հնարավոր դարձրել։ Նրա նպատակը եղել է Տիբերիան դարձնել հրեական նոր հզոր բնակավայր, առևտրի ու ուսման կենտրոն։ Հրեա մի ճանապարհորդ, որն այդ ժամանակներում այցելել է Տիբերիա, նշել է, թե որքան շատ է նա օգնել հրեական համայնքին ու ինչպես նրա մահից հետո վերջիններս ստիպված են եղել այլուր նվիրատվություններ փնտրել[8][9]։ Դոնա Գրացիան մահացել է Ստամբուլում 1569 թվականի սկզբին։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև մահից անմիջապես հետո մոռացության է մատնվել ու համարյա անհայտ մնացել հաջորդ 500 տարվա ընթացքում, այսօր դա արդեն փոխվում է և դոնա Գրացիան արագ վերածվում է պաշտամունքի առարկայի։ Նյու Յորք քաղաքը 2010 թվականի հունիսին դոնա Գրացիայի օր է նշանակել, որին մեկ տարի անց միացել է նաև Ֆիլադելֆիան։ Իսրայելի քաղաքական ղեկավարությունն առաջին անգամ նրան պատվել է 2010 թվականի հոկտեմբերին։ 2011 թվականին գործարկվել է նրան նվիրված վեբ կայքը[10], ունի նաև իր ֆեյսբուքյան էջը[11]։ Նյու Յորքում թուրքական կառավարության հովանավորությամբ անցկացվել է դոնա Գրացիայի երեկոն, ինչպես նաև՝ ցուցահանդես Լիսաբոնում։ Ամբողջ Եվրոպայում նրա պատվին կարդացվել են դասախոսություններ, տպագրվել հոդվածներ ու անցկացվել փառատոններ։ Բիզնեսում ներգրավված կանանց աճող թիվը նույնացվում է Գրացիայի ձգտումների, համարձակության ու նւյնիսկ անձնական միայնության հետ։ Իտալական սպիտակ գինու մի տեսակ անվանվել է նրա պատվին։ Իսրայելական կառավարության մետաղադրամների ու մեդալների ընկերությունը հուշամեդալ է թողարկել նրա պատվին։ Տիբերիայում թանգարան է գործում՝ նվիրված նրա կյանքին ու գործունեությանը։ Նրան պաշտում են իր փրկած հավատափոխների ժառանգները, որոնք ապրում են հարավային Իտալիայում, կենտրոնական ու հարավային Ամերիկայում ու ԱՄՆ-ում։ «Հոյակապ դար» հեռուստասերիալում նրան մարմնավորել է թուրք դերասանուհի Դոլունայ Սոյսերտը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Los últimos años de la vida de Doña Gracia Mendes (1564-1569) por el Rabbi Yosef Bitton — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 Personajes: Doña Gracia / דונה גרציה, “La Señora” — 2018.
- ↑ 3,0 3,1 3,2 https://esefarad.com/?p=78166
- ↑ Jewish Women's Archive — 1995.
- ↑ Birnbaum, Marianna D. (2003). The long journey of Gracia Mendes ([Online-Ausg.]. ed.). Budapest: Central European University Press. ISBN 9639241679.
- ↑ Solomon H. P. and Leone Leoni A. Mendes, Benveniste, De Luna, Micas, Nasci: The State of the Art (1522-1558. The Jewish Quarterly Review 88, 3-4, 1998, p. 175
- ↑ 7,0 7,1 7,2 Solomon H. P. and Leone Leoni A. Mendes, Benveniste, De Luna, Micas, Nasci: The State of the Art (1522-1558. The Jewish Quarterly Review 88, 3-4, 1998, pp. 135-211
- ↑ Zechariah Dhahiri, Sefer Ha-Mūsar (ed. Mordechai Yitzhari), Chapter Twenty-four, Bnei Brak, 2008 (Hebrew), p. 157.
- ↑ Cecil Roth, Doña Gracia of the House of Nasi, Philadelphia: Jewish Publication Society, 1948, pp. 120-121
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Dona Gracia Worldwide». www.facebook.com.
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- jwa.org
- Andrée Aelion Brooks, The Woman who Defied Kings Paragon House, 2002
- Marianna D. Birnbaum, 2003: The long journey of Gracia Mendes
- "Nasi, Gracia", in The Encyclopaedia Judaica
- Gad Nassi, Rebecca Toueg, Doña Gracia Nasi, Women's International Zionist Organisation, Tel Aviv, 1990
- Cecil Roth, Dona Gracia of the House of Nasi, The Jewish Publication Society of America, Philadelphia, 1948
- Novel - The Ghost of Hannah Mendes [1] St. Martin's Griffin (November 16, 2001)
- Di Leone Leoni A. The Hebrew Portuguese Nations in Antwerp and London at the Time of Charles V and Henry VIII, New Jersey.
- Solomon H. P. and Leone Leoni A. "Mendes, Benveniste, De Luna, Micas, Nasci: The State of the Art (1522-1558)". The Jewish Quarterly Review 88, 3–4, 1998, pp. 135–211.
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maynes, Mary Jo., and Ann Beth. Waltner. "Chapter 5 Families in Global Markets." The Family: A World History. Oxford: Oxford UP, 2012. 65–67. Print.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոնա Գրացիա նախագիծ
- Կրթական նյութեր Իսպանիայից
- Կենսագրություն Jewish Heritage Online ամսագրում
- Դոնա Գրացիայի տուն-թանգարան, Տիբերիա
- Դասախոսություն Դոնա Գրացիա Նասիի մասին, հեղինակ՝ Հենրի Աբրամսոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրացիա Մենդես Նասի» հոդվածին։ |
|