Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Եղնջաթռչնակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղնջաթռչնակներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Troglodytidae


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Եղնջաթռչնակներ, (լատին․՝ Troglodytidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 60, Հայաստանում 1 տեսակ. սովորական Եղնջաթռչնակը (լատին․՝ Troglodytes troglodytes

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 9-10 սմ է, թևերի բացվածքը՝ 13-17 սմ, կենդանի զանգվածը՝ 10 գ., հոնքը բաց գույնի է, պոչը՝ կարճ, վեր ցցված։ Մարմնի վերին մասը մոխրադարչնագույնից շիկակարմիր-դարչնագույն է, ստորինը՝ բաց դարչնագույն, փորը և կողքերը՝ զոլավոր, թևերն ու պոչը՝ մուգ զոլերով։ Թևի ծածկող փետուրների ծայրերը հաճախ սպիտակ պտերով են։

Նստակյաց է, քիչ տարածված։ Բնակվում է անտառներում, առվակների առափնյա մացառներում, ձմռանը՝ թփուտներում և քարքարոտ կիսաանապատներում։ Հետաքրքրասեր է. վտանգի պահին թաքստոցից դուրս է նետվում՝ հեռացնելու թշնամիներին։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով, սերմերով։

Բույնը բավական զանգվածեղ է, գավաթաձև կամ գնդանման (տրամագիծը՝ 10,6-14,3 սմ)։ Կառուցում է խոտաբույսերից (հիմնականում մամուռներ և պտերազգիներ), բրդից։ Բնադրում է խիտ բուսուտներում, խոնավ քարանձավներում կամ ժայռաճեղքերում։

Հարսանեկան զույգերը ձևավորվում են և արուների ակտիվ երգը լսվում է մարտի սկզբից մինչև հուլիսի վերջը։ Ձվադրում է ապրիլի 3-րդ տասնօրյակից հուլիսի վերջը։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրադարչնագույն պտերով 5-8 ձու (1 ձվի զանգվածը կազմում է մայր թռչնի միջին կենդանի զանգվածի 13%-ը)։ Թխսակալում է միայն էգը՝ 14-16 օր։ Այդ ընթացքում արուն երգում է՝ հաճախակի, սուր, բարձր, կտրուկ սուլոցներ արձակելով, և հսկում թխսակալող էգին ու ընդհանուր բնադրատարածքը։ Միայնակ էգերը, արձագանքելով սուլոցներին, թափանցում են բնադրատարածք, զույգ կազմում բնի արուի հետ, նորոգում կիսակառույց բներից մեկը և ձվադրում (հայտնի է, որ 1 արուն հազվադեպ 3 տարբեր էգերի կարող է տիրել և ձագեր ունենալ)։ Նորելուկ ձագերին կերակրում է նաև արուն։ Մեկ ժամվա ընթացքում ծնողները ձագերին կեր են բերում 10-15 անգամ։ Ձագերը բնից հեռանում են 15-16-րդ օրը, իսկ մինչ այդ 7-8 օր ծնողների խնամքի տակ ձեռք են բերում աներեր թռչելու ունակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղնջաթռչնակներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղնջաթռչնակներ» հոդվածին։