Երկնային կոորդինատների համակարգեր
Երկնային կոորդինատային համակարգեր, թվերի որոշակի համակարգեր, որոնց օգնությամբ որոշվում է լուսատուների և օժանդակ կետերի դիրքը երկնոլորտի վրա։ Աստղագիտությունում օգտագործվող երկնային կոորդինատային համակարգերից յուրաքանչյուրը համապատասխան ձևով ընտրված բևեռային կոորդինատների համակարգ է։ Երկնային կոորդինատային համակարգեր որոշվում են երկնոլորտի մեծ շրջանով կամ նրա բևեռով։ Կախված այդ շրջանի ընտրությունից՝ երկնային կոորդինատային համակարգեր կոչվում են հորիզոնական, հասարակածային, խավարածրային, գալակտիկական։ Երկնային կոորդինատային համակարգեր օգտագործվել են դեռևս հին դարերում։ Որոշ համակարգերի նկարագրությունը պարունակվում է հույն երկրաչափ Էվկլիդեսի (մոտավորապես III դարում մեր թվարկությունից առաջ) աշխատանքներում։ Հիպարքոսի (II դար մեր թվարկությունից առաջ) աստղացուցակը (հայտնի է Պտղոմեոսի «Ալմագեստից») պարունակում է 1022 աստղի դիրքն ըստ խավարածրային համակարգի։
Հորիզոնական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորիզոնական համակարգում հիմնական շրջանը NESW մաթեմատիկական կամ իրական հորիզոնն է, իսկ բևեռը՝ դիտման վայրի Z զենիթը։ σ լուսատուի դիրքը որոշելու համար դրանով և զենիթով տանում են մեծ շրջան, որը կոչվում է տվյալ լուսատուի բարձրության շրջան։ Կոորդինատներից մեկը հորիզոնի ու լուսատուի միջև ընկած բարձրության շրջանի աղեղն է և կոչվում է լուսատուի բարձրություն (հ)։ Հաճախ հ-ի փոխարեն օգտագործում են լուսատուի զենիթային հեռավորությունը (z), որը հավասար է զենիթի և լուսատուի միջև ընկած բարձրության շրջանի Zσ աղեղին։ Մյուս կոորդինատը՝ A ազիմուտը, հորիզոնի աղեղն է, որը չափվում է միջօրեականի ու հորիզոնի հատման կետից՝ հարավի Տ կետից արևմուտքի ուղղությամբ մինչև տվյալ լուսատուի բարձրության շրջանը։ Այս համակարգը, սովորաբար, օգտագործվում է լուսատուների օրական շարժումներն ուսումնասիրելիս։
Առաջին հասարակածային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հասարակածային համակարգում հիմնական շրջանը QγQ՛ երկնային հասարակածն է, իսկ բևեռը՝ աշխարհի հյուսիսային P բևեռը։ σ լուսատուի դիրքը որոշելու համար դրանով և P բևեռով տանում են մեծ շրջան, որը կոչվում է հակման շրջան։ Կոորդինատներից մեկը հասարակածի ու լուսատուի միջև ընկած հակման շրջանի աղեղն է և կոչվում է լուսատուի հակում (δ)։ Երբեմն, հակման փոխարեն վերցնում ևն բևեռային հեռավորությունը (p), որը հավասար է հյուսիսային բևեռի և լուսատուի միջև ընկած հակման շրջանի Pσ աղեղին։ Մյուս կոորդինատը՝ t ժամային անկյունը, հասարակածի QM աղեղն է․ որը չափվում է հասարակածի և երկնային միջօրեականի հատման Q կետից մինչև լուսատուի հակման շրջանը, երկնոլորտի պտտման ուղղությամբ։
Երկրորդ հասարակածային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ հասարակածային համակարգը առաջինից տարբերվում է միայն երկրորդ կոորդինատով։ ժամային անկյան փոխարեն վերցվում է լուսատուի α ուղղակի ծագումը՝ երկնային հասարակածի γM աղեղը, որը չափվում է երկնոլորտի պտտման հակառակ ուղղությամբ γ գարնանային գիշերահավասարի կետից մինչև տվյալ լուսատուի հակման շրջանը։ Այս կոորդինատներն անկախ են երկնոլորտի օրապտույտից և հարմար են աստղացուցակներ ու աստղային քարտեզներ կազմելիս։
Խավարածրային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խավարածրային համակարգում հիմնական շրջանը EγE՛ խավարածիրն է, բևեռը՝ խավարածրի П բևեռը։ σ լուսատուի դիրքը որոշելու համար դրանով և П կետով տանում են մեծ շրջան, որը կոչվում է տվյալ լուսատուի լայնության շրջան։․ Կոորդինատներից մեկը խավարածրի ու լուսատուի միջև ընկած լայնության շրջանի աղեղն է և կոչվում է խավարածրային լայնություն (β)։ Մյուս կոորդինատը՝ խավարածրային երկայնությունը (λ), խավարածրի γM աղեղն է՝ δ կետից մինչև տվյալ լուսատուի լայ–նության շրջանը և չափվում է Արեգակի տարեկան շարժման ուղղությամբ։ Խավարածրային կոորդինատները, սովորաբար, օգտագործվում են արեգակնային համակարգի մարմինների շարժումներն ուսումնասիրելիս։
Գալակտիկական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալակտիկական համակարգում հիմնական շրջանը BDB՛ գալակտիկայի հասարակածն է, այսինքն՝ երկնոլորտի մեծ շրջանը, որը զուգահեռ է Երկրից երևացող Ծիր կաթնի սիմետրիայի հարթությանը և գալակտիկայի հարթության հետ կազմում է 62°(աստիճան) անկյուն, բևեռը՝ այդ շրջանի G բևեռը (G և G՛ գալակտիկայի բևեռներն են)։ Գալակտիկայի հասարակածի դիրքը երկնոլորտի վրա կարելի է որոշել միայն մոտավոր ճշտությամբ։ Սովորաբար, այն տրվում է հյուսիսային բևեռի հասարակածային կոորդինատներով՝ α=12 ժամ 49 րոպե և δ=+27°,4 (1950 թվականի համար)։ σ լուսատուի դիրքը որոշելու համար դրանով և G բևեռով տանում են մեծ շրջան, որը կոչվում է գալակտիկական լայնության շրջան։ Կոորդինատներից մեկը գալակտիկայի հասարակածի ու լուսատուի միջև ընկած այդ շրջանի աղեղն է և կոչվում է գալակտիկական լայնություն (b)։ Մյուս կոորդինատը գալակտիկական երկայնությունն է (l), որը գալակտիկայի հասարակածի ու երկնային հասարակածի հատման D կետի և լուսատուի գալակտիկական լայնության շրջանի միջև ընկած գալակտիկայի հասարակածի DM աղեղն է։ Գալակտիկական երկայնությունը փոփոխվում է ուղղակի ծագումների աճման ուղղությամբ։ D կետի ուղղակի ծագումը 18 ժամ 49 րոպե է։ Գալակտիկական կոորդինատներն օգտագործվում են գալակտիկայի կառուցվածքն ու անդամների շարժումներն ուսումնասիրելիս։ Առաջին երեք համակարգերի կոորդինատները որոշվում են դիտումներից, իսկ խավարածրային և գալակտիկական կոորդինատներն ստացվում են հասարակածայինից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 612)։ |