Թոքերի լայնացում (թոքերի էմֆիզեմա) (հուն․՝ εμφύσημα` փքվել, հուն․՝ έμφυσαω` փչում եմ), թոքերի հիվանդություն, որը բնորոշվում է թոքերի լայնացումով, դրանցում մնացորդային օդի պարունակության ավելացմամբ, թոքերի օդափոխության և արյան շրջանառության խանգարումներով։ Թոքերի լայնացման հիմնական պատճառներն են մանր բրոնխների նեղացումը և լորձաթաղանթի այտուցը։ Թոքերի լայնացումը լինում է սահմանափակ և տարածուն։ Վերջինս իր հերթին բաժանվում է ծերունական (ապաճական), կոմպենսատոր (վիկար) և քրոնիկական (ինքնուրույն) ձևերի։ Կլինիկական նշանակություն ունի վերջին ձևը, որը բնորոշվում է բրոնխների ծայրային ճյուղավորումների անանցանելիությամբ, թոքաբշտիկների պատերի առաձգական հյուսվածքի ետաճումով, միջթոքաբշտիկային խտրոցների քայքայումով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 214)։