Կինեն Այվորի Ուեյանսը ծնվել է 1958 թվականիհունիսի 8-ին՝ Նյու Յորքի բազմազավակ ընտանիքում (10 երեխա)։
Սովորել է Ալաբամի «Tuskegee» ինստիտուտի քոլեջում, բայց լքել է այն, որպեսզի ամբողջովին նվիրվի շոու-բիզնեսին։ Իր կարիերայի սկզբնական շրջանում Կինենը նկարահանվել է մի քանի հեռուստատեսային սերիալում, ինչպես օրինակ «Կալիֆոռնիական ճանապարհային պարեկ» (սերիալ), «Բլյուզ Հիլլ-սթրիթ» (1981-1987 թվականներ) և խաղացել է էպիզոդիկ դեր «Փլեյբոյի աստղ» (1983 թվական) ֆիլմում։ Որպես ռեժիսոր դեբյուտել է կատակերգական «Ես կհասնեմ քեզ, անճոռնի՛» (1988 թվական) մարտաֆիլմում, որը բեմադրվել է ըստ իր իսկ գրած սցենարի, որտեղ նաև գլխավոր դերը մարմնավորել է հենց ինքը։ Ֆիլմը, սակայն, հաջողության չհասավ։
Առաջին ճանաչումը Այվորիին ԱՄՆ-ում բերում է կատակերգական «Կենդանի գույն» հեռուստաֆիլմը (1990-1994 թվականներ)։ Ռեժիսորի հաջորդող աշխատանքները արդարացրեցին իրենց գործնականում. «Կորած միլիոններ» (1994 թվական), «Շատ սարսափելի ֆիլմ» (2000 թվական), «Շատ սարսափելի ֆիլմ 2» (2001 թվական), «Չարաճճի» (2006 թվական)։ Իր ռեժիսորական աշխատանքներից մեծամասնությունում Կինենը և՛ դերասան է, և՛ պրոդյուսեր, և՛ սցենարիստ։ Նա իր ֆիլմերում հիմնականում ներգրավում է իր բարեկամներին։ Բոլորից առավել որպես դերասան և սցենարիստ հանդես են գալիս Շոն և Մարլոն Ուեյանս եղբայրները։