Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Հարկաբյուջետային քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարկաբյուջետային (Ֆիսկալ) քաղաքականություն, տնտեսագիտության և քաղաքագիտության մեջ հայտնի է որպես կառավարության եկամուտների (հիմնականում հարկերի) և ծախսումների միջոցով ազգային եկամտի վրա ազդելու մակրոտնտեսական քաղաքականություն։ Այն սկսվել է կիրառվել Մեծ ճգնաժամի տարիներին, երբ Laissez-faire սկզբունքն սպառեց իրեն և առաջացավ պետության միջամտության խիստ անհրաժեշտություն։ Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները երկու հիմնական ռազմավարություններ են, որոնք օգտագործում են կառավարությունը և կենտրոնական բանկը՝ դրված տնտեսական նպատակներին հասնելու համար։ Բրիտանացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի տեսություններում հարկաբյուջետային քաղաքականությունն ունի առանցքային դեր։ Ըստ քեյնսյան տնտեսագիտության՝ երբ կառավարությունը փոփոխում է հարկերի և ծախսումների մեծությունները, դա ազդում է համախառն պահանջարկի և տնտեսական ակտիվության մակարդակի վրա։ Սա թույլ է տալիս կառավարությանը նպատակադրել գնաճը (տնտեսության համար օգտակար է համարվում 2-3% գնաճը) և բարձրացնել զբաղվածության մակարդակը։ Այս քաղաքականությունն ուղղված է նաև պահպանելու ՀՆԱ-ի աճը միջինում 2-3%-ի սահմաններում, իսկ գործազրկությունը՝ բնական մակարդակին մոտ[1]։ Սա նշանակում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունն օգտագործվում է բիզնես շարքի ընթացքում՝ տնտեսությունը կայունացնելու նպատակով[2]։

Հարկերի և ծախսումների փոփոխությունը կարող է ազդել մակրոտնտեսական հետևյալ փոփոխականների վրա․

  • համախառն պահանջարկ և տնտեսական ակտիվության մակարդակ,
  • խնայողություններ և ներդրումներ,
  • եկամտի բաշխում,
  • ռեսուրսների տեղաբաշխում։

Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններն ունեն մի շարք տարբերություններ։ Հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվում է հարկերի և ծախսումների փոփոխության միջոցով, հիմնականում՝ օրենսդիր և գործադիր մարմնի կողմից։ Մյուս կողմից, դրամավարկային քաղաքականությունն իրականացվում է փողի առաջարկի և տոկոսադրույքի միջոցով, հիմնականում՝ կենտրոնական բանկի կողմից։ Վերջինս սահմանում է հիմնական տոկոսադրույքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ազդում փողի առաջարկի վրա։ Այս երկու քաղաքականություններն էլ կարող են կիրառվել կարճաժամկետ հատվածում տնտեսական ցուցիչների վրա ազդելու համար։

Դրամավարկայի՞ն, թե՞ հարկաբյուջետային քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներից սկսած՝ պարզ դարձավ, որ դրամավարկային քաղաքականությունը հարկաբյուջետայինի նկատմամբ ունի որոշակի առավելություն, քանի որ, կիրառվելով կենտրոնական բանկի կողմից (որն անկախ կառույց է), նվազեցնում է քաղաքական ազդեցությունը (ընտրություններում շատ ձայներ հավաքելու համար, գործող կառավարությունը կարող է անհիմն կրճատել տոկոսադրույքը)։ Ի հավելումն, հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է ունենալ ավելի շատ հակադարձ ազդեցություններ․ հարկերի բարձրացմամբ և կառավարության ծախսումների կրճատմամբ գնաճի զսպումը երբեմն կարող է ոչ նպատակահարմար լինել, սակայն կառավարությունը ստիպված կարող է կիրառել այն։ Որպես կանոն՝ դրամավարկային քաղաքականությունն արագ է ազդում տնտեսության վրա, քանի որ յուրաքանչյուր ամիս որոշվում է տոկոսադրույքը, մինչդեռ կառավարության ծախսումների աճի մասին որոշում կայացնելը կարող է բավականին երկար տևել, որպեսզի որոշվի, թե ծախսումների ավելացման համար հատկացվող գումարը որ ոլորտում պետք է ծախսվի։

2000-ականների ճգնաժամը ցույց տվեց, որ դրամավարկային քաղաքականությունը նույնպես ունի թերություններ։ Լիկվիդային ծուղակը (իրավիճակ, երբ մարդիկ նախընտրում են պահել բացառապես կանխիկ փող) տեղի է ունենում այն ժամանակ, երբ տոկոսադրույքի կրճատումը բավարար չէ պահանջարկի խթանման համար, քանի որ բանկերը չեն ցանկանում վարկեր տրամադրել, իսկ սպառողներն էլ ապագայի հանդեպ բացասական սպասումների պատճառով սկսում են շատ սպառել այսօր (քանի որ ունեն գնաճային սպասումներ)։ Կառավարության ծախսումները պատասխանատու են պահանջարկ ստեղծելու և տնտեսությունը ճգնաժամային իրավիճակից հանելու համար։ Երբ խորը ճգնաժամ է տեղի ունենում, նպատակահարմար չէ տնտեսական նախկին հավասարակշռությունը վերականգնելու հույսը դնել միայն դրամավարկային քաղաքականության վրա[3]։ Այս երկու քաղաքականություններն էլ ունեն իրենց յուրահատկությունները, և սրանց միավորումը դարձել է տնտեսական խնդիրների լուծման հիմնական վիջոց, որն այժմ կիրառվում է Միացյալ Նահանգներում։ Այս քաղաքականություններն ունեն սահմանափակ ազդեցություն․ այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի երկարաժամկետ հատվածում, իսկ դրամավարկայինը՝ կարճաժամկետ[4]։

Տնտեսության վիճակից կախված՝ հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է հետապնդել տարբեր նպատակներ․ այն կարող է կենտրոնանալ տնտեսական աճի դանդաղեցման վրա՝ գնաճը զսպելու նպատակով, կամ հակառակը՝ խթանել տնտեսական աճը՝ կրճատելով հարկերը և մեծացնելով կառավարության ծախսումները, ինչը կխրախուսի ծախսումներն այն ոլորտներում, որոնք կհանգեցնեն ՀՆԱ-ի աճի։

Կա հարկաբյուջետային քաղաքականության 3 տեսակ.

  • Չեզոք հարկաբյուջետային քաղաքականությունը կիրառվում է, երբ տնտեսությունը գտնվում է ո՛չ ճգնաժամի, ո՛չ էլ վերելքի փուլում։ Կառավարության ծախսումներն այնքան են, որքան որ միջինում սովորաբար լինում են, այսինքն՝ չկա ծախսումների այնպիսի փոփոխություն, որը կազդեր տնտեսական ակտիվության վրա։
  • Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը կիրառվում է, երբ կառավարությունը փորձում է կարգավորել բիզնես շարքի բացասական ճեղքը։ Խթանող հարկաբյուջետային քաղաքականության օրինակ է հանրային աշխատանքի ոլորտում կառավարության ծախսումների աճը (դպրոցների, ճանապարհների կառուցում և այլն), հարկերի կրճատումը գնողունակության մեծացման համար (որպեսզի կասեցվի պահանջարկի կրճատումը)։
  • Զսպող (արգելակող) հարկաբյուջետային քաղաքականության դեպքում աճում են հարկերի դրույքաչափերը, իսկ կառավարության ծախսումները՝ նվազում։ Դա տեղի է ունենում, երբ բյուջեի ճեղքվածքը գերազանցում է նորման։ Զսպող քաղաքականությունն ուղղված է դանդաղեցնելու տնտեսական աճը, երբ գնաճը (որն առաջացել է համախառն պահանջարկի և փողի առաջարկի մեծացման պատճառով) զգալիորեն գերազանցում է նորմալ համարվող մակարդակը։ Համախառն եկամտի կրճատման պատճառով կկրճատվեն նաև բնակչության սպառողական ծախսերը։ Այսպիսով, արգելակող հարկաբյուջետային քաղաքականությունը կիրառվում է, երբ տեղի է ունենում ոչ կայուն տնտեսական աճ, որը հանգեցնում է բարձր գնաճի, ներդրումների մեծ ծախսատարության, գործազրկության աճի բնական մակարդակի, որը համարվում է 3%–4%։

Այնուամենայնիվ, վերոնշյալ սահմանումները երբեմն կարող են շփոթեցնել, քանի որ նույնիսկ կառավարության կողմից մակրոտնտեսական քաղաքականություն չկիրառելու պայմաններում բիզնես շարքի տատանումները հանգեցնումն են հարկային մուտքերի և կառավարության ծախսումների փոփոխությունների՝ փոփոխելով բյուջեի պակասուրդի (կամ հավելուրդի) մեծությունը․ սա չի համարվում քաղաքականության հետևանք։ Ուստի արդյունավետ նպատակադրման համար առանձնացվում են կառավարության՝ ցիկլով ճշգրտված ծախսեր և ցիկլով ճշգրտված հարկային մուտքեր։ Որպես օրինակ՝ ցիկլով ճշգրտված և հավասարակշռված բյուջեն համարվում է չեզոք և արդյունավետ բյուջետային քաղաքականության գործիք։

Հարկաբյուջետային քաղաքականության ֆինանսավորման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը ծախսում է իր տնօրինության տակ եղած դրամական միջոցները բազմաթիվ ոլորտներում՝ ռազմական ոլորտից մինչև կրթություն, առողջապահություն, ինչպես նաև սոցիալական նպաստներ և այլն։ Այս ծախսերը կարող են ֆինանսավորվել մի քանի ճանապարհով․

  • հարկում,
  • սենյորաժ՝ եկամուտ փողի էմիսիայից,
  • ներքին կամ արտաքին պետական պարտք,
  • ֆինանսական միջոցների պահուստ,
  • հիմնական միջոցների վաճառք։

Պետական պարտք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջեի պակասուրդը հաճախ ֆինանսավորվում է պետական պարտատոմսերի թողարկմամբ և առաջնային տեղաբաշխմամբ՝ վճարելով տոկոսագումարներ ֆիքսված կամ անորոշ ժամանակահատվածում։ Եթե տոկոսագումարների և կապիտալի պահանջը չափազանց մեծ է, պետությունը կարող է իրեն սնանկ հայտարարել սովորաբար արտաքին պարտատերերի նկատմամբ։

Նախորդ ժամանակաշրջանի ավելցուկի ծախս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջեի հավելուրդը հաճախ պահվում է ապագայում օգտագործելու համար ու կարող է ներդրվել և՛ ազգային արժույթում, և՛ արտարժույթում, կամ ցանկացած ֆինանսական գործիքում, որը կարող են հետագայում վաճառել, երբ կառաջանա դրամական միջոցների կարիք։

Ֆիսկալ «զսպաշապիկ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիսկալ «զսպաշապիկի» հայեցակարգը տնտեսական ընդհանուր սկզբունք է, որը ենթադրում է կառավարության ծախսումների և պետական պարտքի խիստ սահմանափակում բյուջեի ճեղքվածքը որոշակի ժամանակահատվածում զսպելու կամ կառավարելու համար։ ԱՄՆ-ի շատ նահանգներ հավասարակշռում են իրենց բյուջեն, որը թույլ չի տալիս ունենալ պակասուրդ։ ԱՄՆ-ի կառավարությունն ունի պետական պարտք վերցնելու իրավաբանական որոշակի սահմանափակումներ, սակայն դա այնքան էլ նշանակալի սահմանափակում չէ, քանի որ երկրի ֆինանսական հնարավորությունները կարող են աճել նույնպիսի հեշտությամբ, ինչպես, օրինակ, կորոշվեր պետական ծախսումների ծավալը, և, որպես կանոն, ԱՄՆ-ի ֆինանսական կարողություններն աճում են ավելի արագ, քան պետական պարտքը։

Տնտեսական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
IS կորը շարժվում է դեպի աջ՝ մեծացնելով իրական տոկոսադրույքները (r) և ընդլայնվելով «իրական» տնտեսությունում (իրական ՀՆԱ, կամ Y):

Կառավարությունը կիրառում է հարկաբյուջետային քաղաքականություն՝ ազդելու համախառն պահանջարկի վրա, որպեսզի հասնի դրված տնտեսական նպատակներին՝

Քեյնսյան տնտեսագիտությունը պնդում է, որ կառավարության աճող ծախսումները և կրճատվող հարկերը համախառն պահանջարկի վրա ազդելու լավագույն ճանապարհն են, մինչդեռ տնտեսական «բումից» (աննախադեպ աճ) հետո պետք է կրճատել ծախսումները և բարձրացնել հարկերը։ Քեյնսյանները կարծում են, որ խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, որպես տնտեսական աճի և լրիվ զբաղվածության հասնելու հիմնական գործիք, պետք է կիրառվի անկման և տնտեսական ցածր ակտիվության դեպքում։ Խթանող քաղաքականության պատճառով առաջացած պակասուրդն իր հերթին կծածկվի ապագա տնտեսական «բումի» շնորհիվ։

Կառավաությունը կարող է օգտագործել բյուջեի ավելցուկը հետևյալ 2 նպատակների համար․

  • դանդաղեցնել գնաճի հաշվին տեղի ունեցող աննախադեպ տնտեսական աճը (անվանական ՀՆԱ-ի աննախադեպ աճը),
  • կայունացնել գների մակարդակը, երբ գնաճը շատ բարձր է։

Քեյնսյան տեսության համաձայն ծախսումների կրճատումը կիջեցնի համախառն պահանջարկի մակարդակը և կարգելակի տնտեսությանը՝ կայունացնելով գների մակարդակը։

Սակայն տնտեսագետները դեռևս բանավիճում են հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության շուրջ։ Բանավեճի հիմնական օղակներից մեկը դուրսմղման էֆեկտն է, որի դեպքում կառավարության վերցրած պարտքը հանգեցնում է տոկոսադրույքների աճին, ինչն էլ մասամբ կամ ամբողջությամբ կարող է չեզոքացնել սպառման խթանումը։ Կառավարությունը բյուջեի պակասուրդը կարող է ֆինանսավորել ներքին պարտքի (պարտատոմսերի թողարկում), արտաքին պարտքի կամ նոր թղթադրամների թողարկման միջոցով։ Երբ կառավարությունը պակասուրդը ֆինանսավորում է պետական պարտատոնսերի թողարկմամբ, տոկոսադրույքը կարող է բարձրանալ, որովհետև կառավարության ներքին պարտքի աճը ֆինանսական շուկայում հանգեցնում է վարկերի և փոխառությունների պահանջարկի մեծացման։ Սա կրճատում է ապրանքների և ծառայությունների համախառն պահանջարկը՝ մասամբ կամ ամբողջությամբ չեզոքացնելով խթանող քաղաքականության ազդեցությունը։ Նորդասական (նեոդասական) տնտեսագետները հարկաբյուջետային քաղաքականության անարդյունավետությունը հաստատելու համար գրեթե միշտ նշում են դուրսմղման էֆեկտը, սակայն քեյնսյանները պնդում են, որ այս քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, հատկապես լիկվիդային ծուղակի դեպքում, այդ ժամանակ դուրսմղման էֆեկտը նվազագույնի է հասնում[5]։

Դասական տնտեսագիտության տեսանկյունից խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նաև կրճատում է զուտ արտահանումը, որն իր հերթին ազդեցություն է թողնում ազգային եկամտի վրա։ Երբ կառավարության պարտքի մեծացման պատճառով բարձրանում է տոկոսադրույքը, տեղի է ունենում կապիտալի ներհոսք այլ երկրներից։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ այլ հավասար պայմաններում երբ կառավարությունը բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար պարտատոմսեր է թողարկում և տեղաբաշխում, տնտեսությունում փողի զանգվածը կրճատվում է, բարձրանում է տոկոսադրույքը, ինչն էլ նշանակում է, որ ներդրված կապիտալի շահութաբերությունն ավելի մեծ է։ Պետական պարտատոմս գնելու համար, օտարերկրյա ներդրողները պետք է ձեռք բերեն տվյալ երկրի ազգային արժույթը։ Այսինքն՝ երբ արտասահմանյան կապիտալը հոսում է տվյալ երկիր, այդ երկրի ազգային արժույթի պահանջարկն աճում է։ Աճած պահանջարկն ի վերջո պատճառ է հանդիսանում ազգային արժույթի արժևորման՝ ներքին գնորդների համար էժանացնելով այլ երկրներից ներմուծումը, իսկ արտասահմանյան գնորդների համար թանկացնելով տվյալ երկրից արտահանված ապրանքները։ Արդյունքում աճում է ներմուծումը, կրճատվում է արտահանումը՝ կրճատելով զուտ արտահանումը։

Որոշ տնտեսագետներ հակադրվում են հայեցողական հարկաբյուջետային քաղաքականությանը, քանի որ այն ունի ժամանակային ներքին լագ (կիրառվող քաղաքականության մասին որոշում կայացնելու և իրագործելու ժամանակահատված), որը գոյություն ունեցող իրավական և օրենսդրական նորմերի պատճառով բավականին մեծ է։ Իսկ արտաքին լագի դեպքում, (որը քաղաքականության իրագործման և դրա ազդեցությունների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածն է) խթանող քաղաքականության ազդեցությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ տնտեսությունը դուրս է եկել անկման կամ ճգնաժամի փուլից և գտնվում է վերելքի կամ պիկի փուլում, իսկ վերջին 2 դեպքում տնտեսությունը, որպես կանոն, պետք է ոչ թե խթանել, այլ կիրառել զսպող քաղաքականություն։

Որոշ տնտեսագետներ էլ անհանգստացած են խթանող քաղաքականությամբ և աճած պահանջարկով պայմանավորված գնաճով։ Տեսության մեջ նշվում է, որ խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը չի առաջացնում գնաճ, քանի որ օգտագործվում են պարապուրդի մատնված ռեսուրսներ։ Օրինակ՝ եթե խթանող քաղաքականության արդյունքում գործազուրկը գտնում է աշխատանք, այս դեպքում գնաճ չի առաջանա․ սակայն, եթե աշխատանք է գտնում այն անձը, որն այսպես թե այնպես կարողանալու էր գտնել իր համար աշխատանք, այս դեպքում աշխատանքի պահանջարկը աճում է, իսկ աշխատանքի առաջարկը մնում է նույնը՝ առաջացնելով աշխատավարձի աճ, հետագայում՝ հանգեցնելով նաև գների աճի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kramer, Leslie. «What Is Fiscal Policy?». Investopedia. Dotdash. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  2. O'Sullivan, Arthur; Sheffrin, Steven M. (2003). Economics: Principles in Action. Upper Saddle River, New Jersey 07458: Pearson Prentice Hall. էջ 387. ISBN 978-0-13-063085-8.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  3. Pettinger, Tejvan. «Difference between monetary and fiscal policy». Economics.Help.org. Economics.Help.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  4. Schmidt, Michael. «A Look at Fiscal and Monetary Policy». Invetopedia. Dotdash. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Cliff Notes, Economic Effecs of Fiscal Policy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.