Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Հիպերսոմնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպերսոմնիա
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և քնի բժշկություն

Հիպերսոմնիա, եզրույթ, որը նշանակում է չափից ավելի ցերեկային քնկոտություն կամ քնի ավելորդ տևողության առկայություն[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է տարբերակել հոգեֆիզիոլոգիական հիպերսոմնիան, որը նկատվում է առողջ անձանց անբավարար գիշերային քնի կամ սթրեսի պայմաններում, և հիպերսոմնիայի տարբեր պաթոլոգիական տարբերակները, օրինակ՝ նարկոլեպսիա, իդիոպաթիկ հիպերսոմնիա, քնի տարբեր երևույթներ (քնի ապնոէ սինդրոմ, շարժողական խանգարումներ քնած ժամանակ), նյարդաբանական խանգարումներ, հետվնասվածքային հիպերսոմնիա, դեղորայքային հիպերսոմնիա, շրջանային ռիթմի խանգարում և այլն[2]։

Հիպերսոմնիայի ախտորոշման համար կան որոշակի սանդղակներ և թեստեր (օրինակ, Էպֆորտի սանդղակ)։ Դրանք անցկացվում են մասնագետի խորհրդատվությամբ, իսկ ցանկության դեպքում այցելուները կարող են ինքնուրույն իրականացնել։

Հիպերսոմնիա ունեցող որոշ անձանց շրջանում նկատվում է սոցիալական, կենցաղային, մասնագիտական հմտությունների կորուստ։ Որպես կանոն՝ հիպերսոմնիան ի հայտ է գալիս երիտասարդ տարիքում[3]։

Հիպերսոմնիայի հայտնի պատճառներից են գլխուղեղի վնասվածքները, նյարդաբանական խանգարումները, կլինիկական դեպրեսիան, ուրեմիան, ֆիբրոմիալգիան, քնի ապնոէն, անհանգիստ ոտքերի համախտանիշը և վերջույթների պարբերական շարժումների համախտանիշը։ Հիպերսոմնիան կարող է լինել նաև որոշակի հոգեակտիվ դեղեր ընդունելու կողմնակի ազդեցություն, ինչպես նաև առաջանալ թմրամոլության և հարբեցողության դեպքում։ Հնարավոր է նաև գենետիկական նախատրամադրվածություն[3]։

Կլինիկորեն առավել նշանակալի հիպերսոմնիա է համարվում նարկոլեպսիան, որը բնութագրվում է ցերեկային քնկոտությամբ՝ ցերեկային քնի իմպերատիվ (անհաղթահարելի) դրվագներով, անհանգիստ գիշերային քնով և քնի պակասի, քնելու կամ արթնանալու ժամանակ զգայապատրանքների, կատապլեքսիայի (մկանային տոնուսի հանկարծակի կորուստ, որը սովորաբար առաջանում է ուժեղ հուզական ապրումների ժամանակ), քնի պարալիզի զգացողությամբ։ Նարկոլեպսիայի ժամանակ նկատվում է արագ քնի փուլի վաղ դրսևորում (քնելուց անմիջապես հետո կամ քնի առաջին րոպեների ընթացքում), d-քնի (անգլ.՝ desynchronized) արտահայտվածության նվազում և գիշերային քնի ընթացքում արթնանալու հաճախակի դրվագների առաջացում։ Նարկոլեպսիան ցմահ հիվանդություն է, որի բուժումը ախտանշանային է[4]։

Այլ հիպերսոմնիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերսոմնիայի հաճախակի ձևը իդիոպաթիկ հիպերսոմնիան է, որը սովորաբար նկատվում է երիտասարդների (15-30 տարեկան) շրջանում։ Իդիոպաթիկ հիպերսոմնիայի ժամանակ նկատվում է բարձր ցերեկային քնկոտություն, որը պահպանվում է լարված արթուն մնալու ժամանակ։ Կան ցերեկային քնի դրվագներ սովորաբար հանգիստ արթունության վիճակում, առանց նարկոլեպսիային բնորոշ իմպերատիվության՝ կարճ «վերականգնմամբ»։ Առավոտյան արթնանալը դժվար է, արթնանալիս կարող է նկատվել ագրեսիվություն։ Իդիոպաթիկ հիպերսոմնիայով հիվանդների d-քունը լավ արտահայտված է, ընդ որում, դրա զգալի մասը կարող է բաժին ընկնել քնի վերջին փուլերին, ինչը բնորոշ չէ առողջ անձանց և նարկոլեպսիայով հիվանդներին։ Քնի ժամանակը կրճատվում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Reynolds, Charles F.; O’Hara, Ruth (2013). «DSM-5 Sleep-Wake Disorders Classification: Overview for Use in Clinical Practice». The American Journal of Psychiatry. 170 (10): 1099–1101. doi:10.1176/appi.ajp.2013.13010058. PMID 24084814. «The aim is simply to acknowledge the bidirectional and interactive effects between sleep disorders and coexisting medical and psychiatric illnesses.»
  2. «NINDS Hypersomnia information page». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 National Institutes of Health (2008 թ․ հունիս). «NINDS Hypersomnia Information Page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին.(անգլ.)
  4. Нарколепсия Сайт отделения медицины сна

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]