Մենանդրոս
Մենանդրոս հուն․՝ Μένανδρος | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 343 և ոչ ուշ քան մ. թ. ա. 344 |
Ծննդավայր | Kephisia, Erechtheis, Հին Աթենք |
Վախճանվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 290 և ոչ ուշ քան մ. թ. ա. 291 |
Վախճանի վայր | Freattyda, Piraeus Municipality, Piraeus Regional Unit, Ատիկա, Հունաստան |
Մասնագիտություն | կատակերգակ և բանաստեղծ |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Կրթություն | Պերիպատետիկյան դպրոց |
Ժանրեր | կատակերգություն |
Գրական ուղղություններ | Նոր կատակերգություն[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Dyskolos?, Aspis?, Encheiridion?, Epitrepontes?, Misoumenos?, Perikeiromene?, Samia? և Sikyonioi? |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Glycera? |
Մենանդրոս Վիքիքաղվածքում | |
Menander Վիքիպահեստում |
Մենանդրոս (հունարեն՝ Μένανδρος, ոչ վաղ քան մ. թ. ա. 343 և ոչ ուշ քան մ. թ. ա. 344, Kephisia, Erechtheis, Հին Աթենք - ոչ վաղ քան մ. թ. ա. 290 և ոչ ուշ քան մ. թ. ա. 291, Freattyda, Piraeus Municipality, Piraeus Regional Unit, Ատիկա, Հունաստան), հին հունական կատակերգակ, աթենական նոր կատակերգության գլխավոր ներկայացուցիչ։
Կյանքն ու ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենացի է, Դիոպեյֆի որդին, Միջին աթենական կատակերգության կատակերգակ Ալեքսիդեսի բարեկամներից։ Հասարակական գործունեության մասին որևէ տեղեկություն չի պահպանվել։ Ուներ կենսախինդ բնավորություն, հայտնի էր իր սիրավեպերով։ Մերժել է Եգիպտոսի Պտղոմեոս I արքայի Ալեքսանդրիա քաղաք տեղափոխվելու հրավերը։ Մենանդրոսի կատակերգությունների թիվը հասնում է 105-ի կամ 108-ի, սակայն կատակերգակների մրցույթում միայն 8 անգամ է հաղթանակ տարել։ Թեև Մենանդրոսը մեծ հռչակ էր վայելում հելլենիզմի դարաշրջանում, սակայն հետագայում ճաշակի փոփոխության պատճառով Մենանդրոսի և ոչ մի կատակերգություն մինչև մեր օրերը ամբողջությամբ չի հասել։ Հռոմեացի կատակերգակներ Պլավտոսն ու Տերենցիուսը փոխադրել և հարմարեցրել են Մենանդրոսի կատակերգությունները հռոմեական բեմի համար։ Անտիկ հեղինակավոր քերականագետ Արիստոփանես Բյուզանդացին (262 - 185 թթ. մ.թ.ա.) Մենանդրոսին դասում է Հոմերոսից հետո երկրորդը՝ գտնելով նրա ստեղծագործությունների մեջ ոչ թե իրականության արտացոլումը, այլ հենց իրականությունը։ Պլուտարքոսը նշում է Մենանդրոսի կատակերգությունների բարոյախոսական արժեքը, կյանքին մոտիկ լինելը, խոսքի ազնվականությունն ու մաքրությունը՝ դասելով նրան Արիստոփանեսից բարձր։ «Չարժի գնալ թատրոն, — գրում է հույն բարոյախոսը, — եթե այնտեղ չի տրվում Մենանդրոսի գործերից մեկը»։ Հռոմեական հռետոր Քվինտիլիանոսի խոսքերով՝ Մենանդրոսն փառքով գերազանցում է իր բոլոր ժամանակակիցներին։ Մենանդրոսի հռչակը կասկածի տակ չէր առնվում անգամ քրիստոնեական գրողների կողմից. Պողոս առաքյալը, Հիերոնիմոսը, Կյուրեղ Ալեքսանդրացին գովում էին Մենանդրոսին և մեջբերումներ կատարում նրա իմաստուն խոսքերից։
Մենանդրոսի ստեղծագործությունների հայտնագործությունը 20-րդ դարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինջին դարերում Մենանդրոսի ստեղծագործությունները կորսվեցին, պահպանվեցին միայն դրանցից մեջբերումներ, որոնք դարձան լայնորեն շրջանառվող աֆորիզմներ։ Մենանդրոսից պահպանված այդ պատառիկներն առաջին անգամ հրատարակվեցին 1709 թ. Ժան լը Քլերքի կողմից Ամստերդամում, 1823 թ. Բեռլինում լույս է տեսնում շատ ավելի ամբողջական ժողովածու։ XIX դարի վերջին Մենանդրոսի ստեղծագործություններից մեզ էր հասել միայն շուրջ 1750 տող։ 1876 թ, Կոբբեթի կողմից հրատարակվեց «Ուրվական» կատակերգությունից մի հատված, որը նա հայտնաբերել էր Սինայի վանքում 6-րդ դարի 2 մագաղաթի թերթիկների վրա։ 1897 թ. Եգիպտոսում հայտբաներվեց պապիրուս, որը պարունակում էր Մենանդրոսից 90 տող՝ «Հողագործ» կատակերգության սկիզբը։
Շրջադարձային եղավ 1905 թվականը, երբ Եգիպտոսում, Ափրոդիտոպոլ հին քաղաքի տեղում գտնվեց պապիրուսից փաստաթղթերի մի կույտ, որոնց մեջ՝ Մենանդրոսի կատակերգությունների հավաքածու գրքի մնացորդներ։ Ընդամենը գտնվեց 1300 տող Մենանդրոսի 5 կատակերգություններից, որոնք են՝ «Միջնորդական դատարան», «Սամիուհի», «Կտրված հյուսը», «Հերոսը» և մեկ անանուն ստեղծագործություն։ Պապիրուսի վրա գտածոների քանակը գնալով ավելանում էր. 1959 թ. հրատարակվեց «Փնթփնթանը» կատակերգության գրեթե ամբողջական տեքստը և «Սամիուհի» ու «Վահան» կատակերգություններից նոր բավականին նշանակալից հատվածներ։ 1901 - 1960 թթ. Ֆայումի օազիսում գտնված մումիաների վրա որպես ծածկույթ ծառայող պապիրուսների փաթաթաններում հայտնաբերվեց Մենանդրոսի «Սիկիոնցիներ» կատակերգության տեքսը պարունակող մ.թ.ա III դարի թղթափաթեթ։
Հայտնագործությունները շարունակվում են առ այսօր։ Այսպես, 2003 թ. հայտնաբերվեց 9-րդ դարի մագաղաթ պալիմպսեստ, որը պարունակում էր «Փնթփնթանը» կատակերգության հատվածներ և 200 տող Մենանդրոսի մեկ այլ՝ դեռևս չնույնականացված կատակերգությունից[2][3]։
Հայտնի մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում (Ա Կորնթ, 15։33) մեջբերում է Մենանդրոսին՝ «Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը» (գրաբար՝ «Մի՛ խաբիք. Ապականեն զբարս քաղցունս բանք չարք»)։
Ամբողջությամբ կամ մասամբ պահպանված կատակերգությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aspis («Վահան»; պահպանվել է մոտավորապես կեսը)
- Dyskolos («Փնթփնթանը» Մենանդրոսի միակ կատակերգությունը, որը պահպանվել է ամբողջությամբ)
- Epitrepontes («Միջնորդական դատարան» կամ «Մարդիկ հաշտարար դատարանում»; պահպանվել է գրեթե ամբողջությամբ)
- Perikeiromene («Կտրված հյուսը» կամ «Վարսերը կտրած աղջիկը»; մոտավորապես կեսը)
- Samia («Սամիուհի» կամ «Աղջիկ Սամոս կղզուց»; պահպանվել է կատակերգության շուրջ 4/5–ը)
- Sikyonioi կամ Sikyonios («Սիկիոնացիներ»; պահպանվել է մոտ կեսը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oxford Classical Dictionary / S. Hornblower, A. Spawforth, E. Eidinow — Oxford: OUP, 2012. — ISBN 978-0-19-173525-7
- ↑ Dieter Harlfinger, Warten auf Menander im Vatikan. 400 griechische Komödienverse in einer syrischen Palimpsest-Handschrift entdeckt, in: Forum Classicum, 2004 Արխիվացված 2009-05-08 Wayback Machine. Տե'ս այստեղ Անգլերեն թարգմանության համար։
- ↑ F. D’Aiuto: Graeca in codici orientali della Biblioteca Vaticana (con i resti di un manoscritto tardoantico delle commedie di Menandro), in: Tra Oriente e Occidente. Scritture e libri greci fra le regioni orientali di Bisanzio e l’Italia, a cura di Lidia Perria, Rom 2003 (= Testi e studi bizantino-neoellenici XIV), S. 227-296 (esp. 266-283 and plates 13-14)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենանդրոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենանդրոս» հոդվածին։ |