Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պալար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պալար (լատին․՝ tuber), բույսերի հաստացած (ձևափոխված) ընձյուղը, ենթաշաքիլային ծունկը կամ հավելյալ արմատը։ Ըստ ձևավորման տեղի տարբերում են ցողունային և արմատային պալարներ։ Ցողունային պալար՝ ցողունի հաստացած մսալի մասը, բաղկացած է մեկ կամ մի քանի միջհանգույցներից։ Պալարները կարող են լինել վերգետնյա և ստորգետնյա։ Վերգետնյա պալար գլխավոր ցողունի առանցքային (կաղամբագոնգեղ) կամ կողմնային ընձյուղների (խոլորձ) հաստացումն է։ Դրանք կանաչ են և ունեն բնականոն տերևներ։ Ստորգետնյա պալար՝ ենթաշաքիլային ծնկի (արջտակ) կամ ստորգետնյա ընձյուղների (կարտոֆիլ, գետնախնձոր) հաստացումն է։

Որոշ բույսերի ստորգետնյա պալարները ձևափոխված տերևանութի բողբոջներն են սաղմնային տերևներով (դիոսկորեաներ)։ Արմատային պալար կողմնային կամ հավելյալ արմատների հաստացումն է։ Ի տարբերություն ցողունայիններից արմատային պալարը չունի ապաճած թեփուկավոր տերևներ։ Գագաթին առաջանում են հավելյալ աչքեր։ Արմատային պալարներ ունեն գեորգինան, այգածաղիկը, հացարմատը ևն։ Պալարներով բույսերը կարող են ձմեռել և վեգետատիվ ճանապարհով բազմանալ։ Բացի այդ պալարները օգտագործվում են սննդի մեջ և կենդանիներին կերակրելու համար, քանի որ դրանց մեջ կուտակվում են սննդանյութերի՝ գլխավորապես ածխաջրերի (օսլա, ինուլին և այլն), ավելի քիչ յուղերի (գետնանուշ) պաշարներ։ Օրինակ, կարտոֆիլի պալար պարունակում է օսլա՝ մինչև 19, հում պրոտեին՝ 0,7—4,5, շաքար՝ մինչև 1%, ինչպես նաև С, В, B2, РР վիտամիններ և А պրովիտամին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալար» հոդվածին։