Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պինգվիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինգվին (այլ կիրառումներ)

Պինգվին կամ անթևուկ[2][3][4][5][6] (լատին․՝ Spheniscidae), համարյա բացառապես հարավային կիսագնդում, հիմնականում՝ Անտարկտիդայում ապրող ջրալող, չթռչող թռչուններ են։ Դասվում են պինգվինանմանների կարգին։

Ենթադրվում է, որ «պինգվին» բառը ծագում է ուելսերեն pen՝ գլուխ և gwyn՝ սպիտակ բառերից։ Դա ընդունում են շատ բառարաններ, այդ թվում՝ «Օքսֆորդի անգլերենի բառարանը»։

Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն pinguis բառով, որը նշանակում է՝ «գեր»։ Աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են պինգվինները, նրանք պատկանում են թռչունների հատուկ կարգի։ Ավելի շատ հանդիպում են Անտարկտիդայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի հարավային ափերին։ Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։ Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։ Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ։ Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են։ Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։

Արտաքին տեսքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պինգվինի կմախքը

Առաջին ծովագնացները, Անտարկտիդայում պինգվիններ տեսնելով, քիչ էր մնում նրանց ֆրակ և ձյունաթույր կրծքակալ հագած մարդկանց ամբոխի տեղ դնեին։ Այն ժամանակ հանդիսավոր առիթներով տղամարդիկ հենց այդպես էին հագնվում։ Գիտնականներն հատուկ գալիս էին խստաշունչ Անտարկտիդա՝ իմանալու, թե ինչով են սնվում այդ թռչունները, ինչպես են ձագեր հանում, ինչպես են դիմանում ահավոր սառնամանիքներին։
Ամենախոշորները կայսերական պինգվիններն են (Լատիներեն՝Aptenodytes forsteri)։ Նրանց հասակը մինչև 120սմ է, իսկ քաշը՝ 25-40կգ։ Պինգվինի մարմինը նման է պոչամասին հենված հրթիռի.լողաթաղանթով ոտքերն ու սեպաձև կարճ պոչն ասես հրթիռի երեք հենարաններն լինեն։ Մարմնի և թևերի փետուրները մուգ կապույտ են, մեջքին՝ արծաթափայլ երանգով, իսկ փորի վրա կուրացուցիչ սպիտակ են։ Գլուխը սև է, իսկ գլխի և պարանոցի կողքերին նարնջաոսկեգույն գեղեցիկ նախշեր կան։ Թևերը նման են երկար լողակների։ Պինգվինների մաշկը մարմնին հպված է ոչ կիպ, հատկապես փորի ներքևի մասում, որտեղ այն խոր ծալք է գոյացնում։ Մաշկի տակ կա ճարպի հաստ շերտ։

Պինգվինը ջրի տակ

Պինգվինները հիանալի հարմարվում են դաժան պայմաններին։ Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը, եթե ոչ ավելին, անց են կացնում ջրում՝ Անտարկտիդայի ափերին լողալով։ Նրանք սնվում են ձկներով, կաղամարներով։ Նրանց անդյուրաշարժ մարմինը ասես ճկուն սրընթաց տորպեդ լինի.թաթերն ու թևերը թիավարում են, ձգված մարմինը կատարյալ շրջահոսելի ձև է ընդունում։ Փետուրներն ամուր կպչում են մարմնին և օգնում հրաշալի սահելու ջրում։ Պինգվինը կարող է սլանալ ժամում 36 կմ արագությամբ։ Պինգվինները արագ բազմացող կենդանիներ են եվ բնադրում են մերձափնյա շրջաններում՝ հսկայական գաղութներով, որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ։ Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա։ Ձվերը մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի վրայի մաշկային ծալքով։

Թագավորական պինգվիններ

2018 թվականի դրությամբ Պինգվինների ընտանիքի մեջ դասակարգվում են 6 ցեղ և 18 տեսակ[7]։

Փոքր պինգվիններ
Հումբոլդտի պինգվիններ

Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը։ Էգ պինգվինը սառնամանիքին, ոըղղակի ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գրամանոց մի ձու է ածում։ Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ հենված լինի իր թաթերին։ Հայր և մայր պինգվիններն սնվում են հերթով։

Փոքրիկ պինգվիններն ծածկված են լինում բաց գույնի աղվամազով։ Ծակող քամուց ու սառնամանիքից պաշտպանվելու համար պինգվինները հոծ խմբեր են կազմում։ Խմբի ներսում տաք է, իսկ խումբը կարծես անընդհատ շարժման մեջ է. սառած թռչունները դրսից դեպի ներս են շարժվում և իրենց ընկերների թիկունքում տաքանում։

Պինգվինները մշակույթում և կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1978 թվականին «Հայֆիլմում» նկարահանված «Պինգվին Վինը» անիմացիոն ֆիլմի հերոս փոքրիկ պինգվինի անունն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նկարագիր
  2. Mēnēvishean, Gabriēl (1897). Պատկերազարդ բնական պատմութիւն. Մխիթարեան տպարան.
  3. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - անթևուկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - անթևուկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - անթևուկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - անթևուկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  7. Loons, penguins, petrels : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.2). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.2.(Ստուգված է 15 Նոյեմբերի 2018).
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինգվիններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինգվիններ» հոդվածին։