Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ռասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խմբային լուսանկար
Երեխաների պաշտպանության օրվա խորհրդային նամականիշ
Արմենոիդ ռասային պատկանող քեսաբցի

Ռասա (մարդացեղ), պատմականորեն կազմավորված և ընդհանուր ժառանգական հատկանիշներով ծագման (սերման) միասնականություն արտահայտող մարդկանց արեալային խումբ։ Ելնելով մոնոգենիզմի սկզբունքից, արդի մարդաբանությունը գտնում է, որ բոլոր ռասաները առաջացել են նույն տեսակի բրածո մարդակերպից։ Հետևաբար անհիմն են մարդակերպ կապիկների տարբեր ցեղերից ռասաների առաջացման տեսակետները։

Ռասա բառը, որ հավանաբար առաջացել է արաբերեն ռաս (գլուխ, սկիզբ) արմատից, առաջին անգամ արդի իմաստով գործածել է ֆրանսիացի մարդաբան Ֆրանսուա Բեռնյեն։ Գլխավորապես ելնելով արտաքին կազմաբանական հատկանիշներից՝ 18-20-րդ դարերում առաջարկվել են ռասաների բազմաթիվ դասակարգումներ։

Մարդաբանության մեջ հստակությամբ զատորոշվում են երեք հիմնական կամ մեծ ռասաներ՝ նեգրոիդ ռասա (սև), եվրոպոիդ ռասա (սպիտակ) և մոնղոլոիդ ռասա (դեղին)։ Սակայն արդի մարդկության ոչ բոլոր խմբերն են պատկանում այդ երեք ռասաներին։ Օրինակ, ավստրալիացիները, մելանեզացիները, հնդկացիները, բուշմենները, պոլինեզացիները, այները, վեդդաները և ուրիշ խմբեր դիտվում են կամ երեք մեծ ռասաներից դուրս, կամ դրանց միջև ընկած միջանկյալ ձևեր, կամ դրանցից մեկից առանձնացված տիպեր և այլն։

Սկզբնապես հարավարևմտյան Ասիայում, հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում ձևավորված եվրոպոիդ ռասաներին բաժանում են երեք գլխավոր խմբերի. հարավայինը բնորոշվում է մուգ մաշկով, գորշ և կապույտ աչքերով, խարտյաշ և բաց խարտյաշ մազերով, իսկ միջանկյալը՝ չափավոր գունավորմամբ։ Մաշկի, աչքերի և մազերի գույնով, դեմքի կառուցվածքով, ուղեղագանգի համամասնություններով և մի քանի այլ հատկանիշներով մարդաբանները եվրոպոիդների մեջ առանձնացնում են զանազան տեղային կամ այսպես կոչված՝ երկրորդ կարգի ռասաներ։ Հարավային եվրոպոիդներին, նկատի ունենալով նրանց արեալը, անվանում են հնդ-միջերկրածովյան ռասա։ Դրանց հարաբերականորեն երկայնագանգ պոպուլյացիաների մեջ առանձնացվում են՝ բուն միջերկրածովյանը (արևմուտքում) և հնդ-աֆղանականը (արևելքում), կարճագանգ հարավային եվրոպոիդների կազմում ` ադրիատիկյանը կամ դինարյանը, առաջավորասիականը (արմենոիդ) և պամիրաֆերգանականը։ Ըստ մաշկի գունավորման` միջանկյալ եվրոպոիդներին (մեծ մասամբ կարճագանգ) ստորաբաժանում են՝ ալպիական, միջին եվրոպոիդներ և այլն։ Միջնաերկայնագանգ և բաց գույնի եվրոպոիդներին նախկինում բնորոշում էին իբրև հյուսիսային կամ նորդյան ռասա, իսկ առավել կարճագանգերին՝ բալթիական ռասա։ Որոշ մարդաբաններ բոլոր բաց գույնի եվրոպոիդներին ստորաբաժանում են հյուսիսարևմտյանի և հյուսիսարևելյանի. վերջինիս ձևավորմանը հավանաբար մասնակցել են Անդրուրալից Եվրոպա թափանցած մոնղոլոիդ պոպուլյացիաները։

Իրենց արեալի արևելյան սահմաններում եվրոպոիդները հնագույն ժամանակներից փոխազդեցության մեջ են եղել մոնղոլոիդների հետ։ Նրանց վաղ միախառնման (սկսվել է հավանաբար, դեռևս միջին քարի դարում) հետևանքով, Սիբիրի հյուսիս-արևմուտքում և Եվրոպայի ծայր արևելքում կազմավորվել է ուրալյան ռասան, որին բնորոշ է միջանկյալ մոնղոլոիդա-եվրոպոիդյան հատկությունների զուգորդումը որոշ ուրույն գծերի հետ (օրինակ՝ կճատ քթի)։ Ուրալյան ռասային շատ հատկանիշներով մոտիկ է լապոնոիդ ռասան։ Շատ մարդաբաններ նույնիսկ այդ երկու ռասաներին միացնում են (ուրալա-լապոնոիդյան)։ Հետագայում (մթ առաջին դարերից) Ուրալի և Ենիսեյի միջտափաստանային գոտում եվրոպոիդների և մոնղոլոիդների միախառնման ընթացքում ձևավորվում է հարավսիբիրական ռասան (բնորոշվում է չափազանց լայն դեմքով և արտահայտված կարճագանգությամբ)։ Միջին դարերում Միջին Ասիայի տարածքում կազմավորվում են նոր՝ եվրոպոիդա-մոնղոլոիդյան խառը պոպուլյացիաներ։ Բուն մոնղոլոիդները Ասիայում ստորաբաժանվում են երկու գլխավոր խմբերի՝ մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան. առաջինը երկրորդից տարբերվում է առավել բաց գույնի մաշկով, մազերի ու աչքերի գունաթափման որոշ հակումով, դեմքի խոշորությամբ, հարթակզակությամբ, առավել բարակ շուրթերով։ Մայրցամաքային մոնղոլոիդների կազմում զատվում են սիբիրյան կամ հյուսիսասիական և միջինասիական ռասաները։ Մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների միջև միջանկյալ դիրք է գրավում արկտիկական (էսկիմոսյան) ռասան (բնորոշվում է ծայրահեղ բարձր ու լայն դեմքով, առաջածնոտության հակումով և շատ նեղ քթով)։ Խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների բարձր, բայց համեմատաբար նեղ դեմքով հյուսիսային խմբերը միավորվում են հեռավոր-արևելյան կամ արևելաասիական ռասայի մեջ։ Ասիական ծագում ունեցող ամերիկյան մոնղոլոիդների դասակարգումը շատ է բարդացված, քանի որ գաղութարարների ձեռքով ոչնչացվել են հնդկացիների շատ խմբեր, քշվել բնակության սկզբնական վայրից կամ խառնվել եվրոպացիների ու աֆրիկացիների հետ։ Հարավասիական կամ մալայան ռասայի մեջ մտնող խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների հարավային խմբերը դրսևորում են բավականին ավստրալոիդյան առանձնահատկություններ (ալիքավոր մազեր, երբեմն մորուքի ու մարմնի փարթամ մազեր, մուգ մաշկ, ցածր դեմք, համեմատաբար լայն քիթ, հաստավուն շուրթեր և այլն)։ Թվարկած հատկանիշներից շատերը յուրահատուկ են ճապոնացիներին, որոնց ռասայական կազմի ձևավորմանը մասնակցել են մոնղոլոիդ և ավստրալոիդ բաղադրատարրերը (վերջիններս հավանաբար մասամբ կապված են այներին)։

Վերոհիշյալ գրեթե բոլոր ռասայական հատկանիշները ժառանգվում են միմյանցից անկախ և բազմածին են։ Սակայն մարդիկ ունեն նաև գենետիկական ավելի պարզ կառուցվածքով արեալային այլ առանձնահատկություններ։ Ելնելով ռասայական բոլոր հատկանիշների միագումարի փոփոխականության վերլուծությունից, դրվում է ըստ գենետիկական կապերի ռասաների՝ արևմտյան և արևելյան խմբերի բաժանման հարցը։ Որոշ գիտնականներ, հիմք ընդունելով գլխավորապես մազածածկույթի առանձնահատկությունները և գանգի կազմվածքը, արևմտյան խմբին են վերագրում եվրոպոիդ և հասարակածային (նեգրա-ավստրալոիդ) մեծ ռասան, իսկ արևելյանին՝ մոնղոլոիդը։ Այլ ուսումնասիրողներ օգտագործելով ատամնագիտության, մաշկաբանության և շիճուկաբանության տվյալները, ռասաների արևմտյան (ատլանտա-միջերկրածովյան) խմբում ընդգրկում են նեգրոիդներին ու եվրոպոիդներին, իսկ արևելյան (խաղաղօվկիանոսյան) խմբում՝ ավստրալոիդներին ու մոնղոլոիդներին։

Ժամանակակից ռասաների պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդաբաններ ենթադրում են, որ ռասաները սկսել են կազմավորվել հնագույն մարդկանց (արխանթրոպոսների) ժամանակ՝ Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի մի քանի կենտրոններում, մյուսները գտնում են, որ ռասայական շերտավորումը Միջերկրականի արևելյան երկրներում, Հարավային Եվրոպայում, Հյուսիսային ու Արևելյան Աֆրիկայում, Արևմտյան Ասիայում և հարակից շրջաններում տեղի է ունեցել ավելի ուշ, արդեն ժամանակակից կերպարանքի մարդու ձևավորումից հետո։ Հավանաբար պալեոլիթի վերջում ժամանակակից կերպարանքի մարդկանց մեջ նախ առաջացել է ռասայագոյացման երկու կենտրոն. արևմտյան՝ Աֆրիկայի հյուսիս-արևելքում ու Ասիայի հարավ-արևմուտքում, և արևելյան՝ Ասիայի արևելքում և հարավ-արևելքում։ Ավելի ուշ մարդկանց զանազան պոպուլյացիաներ, տարածվելով երկրագնդի վրա, խառնվել են միմյանց և հարմարվելով բնաաշխարհագրական տարբեր պայմաններին, տարաբաժանվել են արդի ռասաների։

Սկզբնապես մուտացիաների հատկանիշների փոփոխության միջոցով առաջացած ռասայական շատ հատկանիշներ ձեռք են բերել հարմարվողական նշանակություն և բնական ընտրության ներգործությամբ ռասայագոյացման վաղ փուլերում ամրապնդվել ու տարածվել են տարբեր աշխարհագրական միջավայրում ապրող պոպուլյացիաներում։ Նեգրոիդ և ավստրալոիդ ռասաներին բնորոշ առանձնահատկությունները կազմավորվել են Աֆրիկայում և հարավային Ասիայում ` շոգ, խոնավ կլիմայի պայմաններում արևի խիստ լուսավորմամբ, որի վնասակար ազդեցությանը կարող էր դիմագրավել մաշկի մուգ երանգը, հնարավոր է` նաև գանգուր մազերը, որոնք գլխի վրա ստեղծում են պաշտպանական բնական ծածկոց։ Արևադարձային շրջաններում լորձաթաղանթի միջով խոնավության ուժեղ գոլորշացման համար հարմարվողական նշանակություն կարող էին ունենալ հաստացած շուրթերը և լայնակի դիրքով լայն քթանցքերը։ Եվրոպոիդների մեջ ընտրության ներգործությանը կարող էր ենթարկվել մաշկի, մազերի, աչքերի բաց գույնը, քանի որ այդ հատկանիշները պայմանավորող մուտացիաներն առավել հավանականություն ունեին գոյատևելու և տարածվելու հյուսիսային և միջին Եվրոպայում, որտեղ ուշ պալեոլիթում գերակշռում էր զովաշունչ խոնավ կլիման՝ զգալի ամպամածությամբ և նվազ արևահարությամբ։ Կենտրոնական Ասիայում, հավանաբար տափաստաններում ու կիսաանապատներում, ձևավորված մոնղոլոիդների մեջ հարմարվողական դեր կարող էին խաղալ էպիկանտուսը և աչքերն ուժեղ քամիներից, ավազահողմերից պաշտպանող վերին կոպի խիստ զարգացած ծալքը։

Հասարակության արտադրողական ուժերի զարգացմամբ և համատեղ աշխատանքի ընթացքում արհեստական մշակութային միջավայրի ստեղծմամբ բնական ընտրության դերը ռասայագոյացման մեջ աստիճանաբար նվազել է։ Այդ նվազեցումն սկսվել է հավանաբար դեռևս պալեոլիթից մեզոլիթին անցման ժամանակ, երբ մարդիկ սկսել են հյուսիսարևելյան Ասիայից սփռվել Ամերիկա, իսկ հարավարևելյան Ասիայից՝ Ավստրալիա և Օվկիանիայի կղզիները։ 16-19-րդ դարերում եվրոպացիների ու աֆրիկացիների վերաբնակեցման հետևանքով առաջացան մետիսային նոր խմբեր՝ ամերիկյան մուլատներն ու մետիսները, հարավաֆրիկյան «գունավորները», Սիբիրի բնակչության խառը խմբերը և այլն։ Ժողովուրդների ռասայական կազմի որոշակի պատմությունը (ուսումնասիրում է էթնիկական մարդաբանությունը) կախված է նրանց փոխազդեցությունների բնույթից, քանակի տատանումներից, բնակչության տնտեսաձևից և մշակութային մակարդակից, կրթությունից ու գենետիկական պատնեշների վերացումից, պատերազմներից, սովից, համաճարակներից, էթնիկական ձուլման և ինտեգրացիայի երևույթներից։

Տնտեսական, հասարակական և մշակութային զարգացման աստիճանի, ինչպես նաև տարբեր ժողովուրդների կենսաբանական փոխազդեցության համեմատ, ռասայական արեալների սահմաններն ավելի ու ավելի են վերանում, առաջանում են միասնական մարդկության ռասայական հատկանիշների տեղային նոր զուգորդումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։