Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Սիմպաթիկ նյարդային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմպաթիկ նյարդային համակարգ

Սիմպաթիկ նյարդային համակարգ (ՍՆՀ), վեգետատիվ նյարդային համակարգի (ՎՆՀ) բաժին։ Վեգետատիվ նյարդային համակարգը բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ (ՊՆՀ) և մետասիմպաթիկ բաժինների[1][2]։ ՎՆՀ-ն բաղկացած է կենտրոնական և ծայրամասային բաժիններից, իսկ ծայրամասային բաժնում տարբերում են աֆերենտ ու էֆերենտ ուղիներ։ Բարձրագույն վեգետատիվ կենտրոնները գտնվում են հիպոթալամուսում, ընդ որում սիմպաթիկ կենտրոններն ունեն առավելապես հետակողմնային (postero-lateral), իսկ պարասիմպատիկը՝ առաջամիջային (antero-medial) տեղակայում[3]։

Հանգույցների կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգետատիվ նյարդային համակարգի էֆերենտ ուղին, ի տարբերություն սոմատիկի, դուրս գալով այս կենտրոններից նախահանգույցային միելինապատ նյարդաթելերով, սինապսավորվում են համապատասխան ծայրամասային վեգետատիվ հանգույցներում և այնտեղից էլ շարունակվում միելինազուրկ հետհանգույցային նյարդաթելերով։ Սիմպաթիկ նյարդային համակարգի նախահանգույցային թելերից ձևավորում են առաջողնաշարային (prevertebral) և հարողնաշարային (paravertebral) սիմպաթիկ հանգույցներ, որոնք էլ, կապակցող ճյուղերով միանալով միմյանց, ձևավորում են աջ և ձախ սիմպաթիկ սահմանային ցողունները՝ բաղկացած պարանոցային, կրծքային, գոտկային և սրբանային բաժիններից[4]։

Պարանոցային բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանոցային ողների լայնաձիգ ելուններից առաջ, գլխի և պարանոցի երկար մկանների մակերեսին և պարանոցի նյարդանոթային խրձից հետ տեղակայված են երեք սիմպաթիկ հանգույցներ՝ վերին, միջին, ստորին, ընդ որում ստորինը հաճախ ձուլվում է կրծքային առաջին՝ Th1 հանգույցին և ձևավորում աստղաձև հանգույցը։

Վերին պարանոցային սիմպաթիկ հանգույցը տեղակայված է C2-C3 ողերի մակարդակին, ներքին քնային զարկերակից հետ, թափառող նյարդից միջայնորեն։ Այն տալիս է հետևյալ հիմնական ճյուղերը՝ 1. լծային նյարդ - nervus jugularis - яремный нерв, 2. արտաքին քնային նյարդ - nervus caroticus externus - наружный сонный нерв, որն առաջացնում է հյուսակ արտաքին քնային երակի և նրա ճյուղերի շուրջ, 3. ներքին քնային նյարդ - nervus caroticus internus - внутренний сонный нерв, որն էլ ուղեկցում ու հյուսակավորում է ներքին քնային երակը և ճյուղավորվում նրա ճյուղերի վրա, այդ թվում և nervus petrosus profundus-ը և ճյուղեր թարթչային հանգույցին, որոնք սակայն դուրս են գալիս C8-Th2 սեգմենտներում տեղակայված թարթչաողնուղեղային (ցիլիոսպինալ) կենտրոնից[5]։

Միջին պարանոցային հանգույցը սովորաբար տեղակայված է C5-C6 ողների մակարդակին՝ հարելով վահանագեղձի ստորին զարկերակին (arteria thyroidea inferior)։ Ստորին պարանոցային հանգույցը տեղակայվում է C7 ողի լայնաձիգ ելունից և առաջին կողոսկրի գլխիկից առաջ, ողնաշարային զարկերակի (arteria vertebralis) սկզմբնամասից ետ, որն էլ տեղակայվում է նրանից առաջ և վերև, իսկ առաջ և ներքև արդեն գտնվում է թոքամզի գմբեթը։ Ստորինից միջին հանգույց ձգվող ենթաանրակային զարկերակը երկու կողմից գրկող կապակցող թելերով ձևավորվում է Վիեսենևյան հանգույցը։

Կրծքային բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

10-12 եռանկյունաձև հանգույցներով ձևավորված սիմպաթիկ սահմանային ցողունի կրծքային բաժինը, որպես կանոն, տեղակայված է կողաողնային ակոսում երկփեղկված ներկրծքային փակեղի մեջ ու ծածկված է առպատային թոքամզով։ Ընդ որում, վերևում այն տեղակայված է կողաողնային հոդերից դրսայնորեն, իսկ ներքևում՝ միջայնորեն։ Հետևում գտնվում են կողերի գլխիկները և միջկողային անոթները։ Աջ ցողունը դասավորված է կենտ երակից կողմնայնորեն և հետ, ձախը՝ կիսակենտ երակից կողմնայնորեն։ Սովորաբար, կրծքի խոռոչից այն շատ լավ նշմարվում է՝ թափանցելով պլևրայի և ներկրծքային փակեղի հաստության միջով։ Լավ երևում են նաև գորշ կապակցող ճյուղերը, որոնք հեռանալով հանգույցների կողմնային եզրից առավել հաճախ մոտենում են տվյալ սեգմենտի միջկողային նյարդերին, սակայն կարող են նաև բարձրանալ կամ իջնել հարևան սեգմենտներ։ Սպիտակ կապակցող ճյուղերը միացնում են ողնուղեղային առաջային արմատները սիմպաթիկ հանգույցներին, ունենալով նրանց համեմատ միջային և խորանիստ դասավորություն[6]։

Հանգույցների միջային կողմից դուրս են գալիս ընդերային ճյուղեր դեպի թոքեր, կրծքային աորտա, կերակրափող, որոնք ընթացքից միանում են միմյանց հետ տարբեր երկարության բարակ ճյուղերով և տվյալ օրգանների վրա թափառող նյարդի հետ միասին ձևավորում են հյուսակներ։ Գլխավորապես 1-3-րդ հանգույցներից դուրս են գալիս սրտի կրծքային նյարդերը և մասնակցում սրտային հյուսակի ձևավորմանը[7][8]։ Այստեղ առկա նեյրոֆիզիոլոգիական շունտի կամ Կունտցի ճյուղի գիտենալը կարևոր է սահմանային ցողունի այս բաժնի վրա օպերատիվ միջամտություններ կատարելիս։

Սպիտակ կապակցող ճյուղերը, որոնք մասնակցում են վերին վերջույթի իններվացիաին, բարձրանալով սիմպաթիկ սահմանային ցողունով, հասնում են առաջին հանգույցին, որտեղից էլ ուղղվում են բազկային հյուսակ։ 1927 թ-ին Կունտցն ապացուցեց լրացուցիչ ճյուղի առկայությունը, որը դուրս գալով Th2 հանգույցից, շրջանցում է 1-ինը և անմիջականորեն բարձրանում դեպի բազկային հյուսակ։ Նա ապացուցեց նաև լրացուցիչ ճյուղի առկայությունը 2-րդ և 3-րդ հանգույցների միջև։ Th5-Th9 հանգույցների առաջամիջային մակերեսից 3-ից 5 մեծ մասամբ նախահանգույցային թելեր պարունակող ճյուղերով սկիզբ է առնում և Th9-Th10 ողների առաջային մակերեսին մեկ ցողունի է հավաքվում կրծքի ընդերային մեծ նյարդը (nervus splanchnicus thoracicus major)։ Th10-Th11 հանգույցներից նույնպես մեծ մասամբ նախահանգույցային թելիկներով 2-3 ճյուղերով դուրս է գալիս և ձևավորվում կրծքի ընդերային փոքր նյարդը (nervus spanchnicus thoracicus minor)։ Th11-Th12 հանգույցներից դուրս է գալիս կրծքի ընդերային ստորագույն նյարդը (nervus spanchnicus thoracicus imus)։ Ուղղվելով միջայնորեն՝ սրանք անցնում են որովայնի խոռոչ աջից կենտ, ձախից կիսակենտ երակների հետ միասին։ Ընդ որում, մեծը մասնակցում է որովայնային հյուսակի ձևավորմանը, ստորագույնը և փոքրի մեծ մասը երիկամային հյուսակի ձևավորմանը, իսկ փոքր նյարդի մնացած փոքր մասը նույնպես որովայնային հյուսակի կազմությանը[9]։

Գոտկային բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպաթիկ սահմանային ցողունի գոտկային բաժինն անցնում է որովայնի խոռոչ ստոծանու գոտկային մասի խրձերի արանքով։ Այն բաղկացած է 3-4 հանգույցներից, որոնք տեղակայված են ողների առաջակողմնային մակերեսներին, գոտկային մեծ մկանի (musculus psoas major) միջային եզրով, գոտկային զարկերակներից առաջ։ Աջ ցողունը տեղակայված է ստորին սիներակից հետ, ձախը որովայնային աորտայի կողմնային մակերեսին և միանում են միմյանց կապակցող ճյուղերի զգալի քանակությամբ։

Այստեղ նույնպես առկա են սպիտակ կապակցող ճյուղեր, ինչպես նաև գորշ կապակցող ճյուղեր, որոնք ընդգրկելով գոտկային մկանը շարժվում են դեպի գոտկային նյարդեր։ Գոտկային բաժնի հանգույցներից դուրս են գալիս մեծ թվով ճյուղեր՝ գոտկային ընդերային նյարդեր (nervi spanchnici lumbales), որոնք մեծ և փոքր ընդերային նյարդերի հետ և նաև թափառող նյարդի որովայնային մասի հետ միասին ձևավորում են որովայնային հյուսակը։ Վերջինս բաղկացած է տարբեր ձևի ու չափերի միմյանց հետ կապակցող ճյուղերով հաղորդակցվող հանգույցներից և իրենից անջատվող աորտայի հյուսակի հետ հանդիսանում է որովայնի խոռոչի օրգանների իններվացիայի հիմնական աղբյուրը։ Աորտայի հյուսակն անցնում է ստորին միջընդերային հյուսակի, որն էլ դեպի ներքև շարունակվում է որպես ստորորովայնային վերին հյուսակ։ Վերջինս պրոմոտորիումի մոտ երկատվում է ու վերածվում ստորորովայնային ստորին հյուսակի։

Սրբանային բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպաթիկ սահմանային ցողունի սրբանային բաժինը ներկայացված է 4 հանգույցներով, ընդ որում աջ և ձախ ցողունները մոտենում են և միաձուլվում կենտ հանգույցների, որտեղից դուրս են գալիս ստորորովայնային ստորին հյուսակի ձևավորմանը մասնակցող ճյուղեր։

Ֆունկցիաները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպաթիկ նյարդաթելերը նյարդավորում են ներքին օրգանները, մաշկը, արյունատար անոթները։ Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակները ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացը, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։

Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվող ադրենալինը համարվում է տագնապի հորմոն։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական ազդեցություն։ Այս օրինաչափությունն ուսումնասիրել են Լևոն Օրբելի և Ա. Գինեցիսկին։ Նրանք բացահայտել են, որ նրանց վերջույթներում արտազատվող ադրենալինը վերականգնում և ուժեղացնում են մկանային գործունեությունը, մեծացնում մկանային ուժը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pocock, G and Richards, C (2006). Human Physiology The Basis of Medicine (Third ed.). Oxford University Press. p. 63. ISBN 978-0-19-856878-0.
  2. Brodal, Per (2004). The Central Nervous System: Structure and Function (3 ed.). Oxford University Press US. pp. 369–396. ISBN 0-19-516560-8
  3. Dorland's (2012). Dorland's Illustrated Medical Dictionary (32nd ed.). Elsevier Saunders. p. 1862. ISBN 978-1-4160-6257-8.
  4. Sympathy, Sympathetic. Evolution of a Concept and Relevance to Current Understanding of Autonomic Disorders (2013)
  5. Olry, R. (1996). "Winslow's contribution to our understanding of the cervical portion of the sympathetic nervous system". J Hist Neurosci 5 (2): 190–6. doi:10.1080/09647049609525666. PMID 11619046
  6. Drake, Richard L.; Vogl, Wayne; Mitchell, Adam W.M., eds. (2005). Gray's Anatomy for Students (1 ed.). Elsevier. pp. 76–84. ISBN 0-443-06612-4.
  7. Silverthorn, Dee Unglaub (2009). Human Physiology: An Integrated Approach (4 ed.). Pearson/Benjamin Cummings. pp. 379–386. ISBN 0-321-54130-8.
  8. Triposkiadis F, Karayannis G, Giamouzis G, Skoularigis J, Louridas G, Butler J (2009). "The sympathetic nervous system in heart failure physiology, pathophysiology, and clinical implications". J. Am. Coll. Cardiol. 54 (19): 1747–62. doi:10.1016/j.jacc.2009.05.015. PMID 19874988.
  9. Moro, C; Tajouri, L; Chess-Williams, R (January 2013). "Adrenoceptor function and expression in bladder urothelium and lamina propria". Urology. 81 (1): 211.e1–7. doi:10.1016/j.urology.2012.09.011. PMID 23200975.