Փյունիկիա[1] (Փյունիկե, հուն․՝ Φοινίκη, Phoiníkē), հնագույն պետություն Միջերկրական ծովի արևելյան ափին։ Փյունիկիայում բնակվել են փյունիկեցիներ, որոնք այնտեղ են եկել Էրիթրեական ծովի ափերից։ Հավանական է, մ.թ.ա. V-IV հազարամյակներում փյունիկցիները Միջերկրական ծովի ափին հիմնել են բնակավայրեր, որոնք աստիճանաբար դարձել են առևտրաարհեստավորական և նավահանգստյան կենտրոններ՝ Սիդոն, Տյուրոս, Բիբլոս։ Մ.թ.ա. II հազարամյակում Փյունիկիան գյուղատնտեսական տարածքներ ունեցող քաղաք-պետությունների համախմբություն էր։ Փյունիկիան իր աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ գործուն մասնակցություն է ունեցել Միջագետքի ու Նեղոսի հովտի հետ ցամաքային առևտրին, տիրել է Միջերկրականի ծովային ուղիներին։ Մ.թ.ա. II հազարամյակի սկզբին գտնվել է եգիպտական փարավոնների գերիշխանության տակ, ինչը, սակայն, Փյունիկիայի քաղաք-պետություններին չի խանգարել դիվանագիտական հարաբերություններ պահպանել Հյուսիսային Միջագետքի պետությունների հետ։ Մ.թ.ա. XIII-XIIդդ. Փյունիկիայի քաղաքները ազատագրվել են եգիպտական լծից։ Մ.թ.ա. Xդ. Տյուրոսի թագավոր Ածիրամը Փյունիկիայի տարածքում կազմել է Տյուրես- Սիդոնի միացյալ թագավորությունը, դարձել Փյունիկիայի ամբողջ ծովափի հեգեմոնը։ Նրա օրոք Իսրայել-Հուդայի թագավորության հետ հաստատվել է ռազմաքաղաքական սերտ դաշինք։ Տյուրոսն աստիճանաբար կորցրել է իր ազդեցությունը, և մ.թ.ա. Xդ. վերջին Փյունիկիայի քաղաքները դարձել են ինքնուրույն։ Մ.թ.ա. II-I դդ. Փյունիկիայի պետության մեջ նշանակալից երևույթ էր Միջերկրականի կենտրոնական և արևմտյան ափերի գաղութաբնակեցումը։ Փյունիկեցի առևտրականներն ու ծովահեններն այդտեղ թափանցել են դեռևս մ.թ.ա. II հազարամյակի կեսին։ Փյունիկիան գաղութներ է հիմնել Հարավային Իսպանիայում, Սիկիլիայում, Սարդինայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Մ.թ.ա. IX-VIIդդ. այդ գաղութները ձեռք են բերել քաղաքական ինքնուրույնություն և աստիճանաբար մտել են փյունիկյան նախկին գաղութ Կարթագենի պետության մեջ։ Փյունիկիայի քաղաքները մ.թ.ա. VIII-VIIդդ. ենթարկվել են ասորեստանցիների հարձակմանը։ Մ.թ.ա. VIIIդ. Փյունիկիայի հյուսիսում հիմնվել է ասորեստանյան կուսակալություն։ Սակայն Փյունիկիայի քաղաքները պահպանել են ներքին ինքնավարությունը և սեփական թագավորների իշխանությունը։ Մ.թ.ա. 722-ին ասորեստանցիները ճնշել են տյուրոսցիների, իսկ 701-ին՝ Փյունիկիայի հարավում Սիդոնի գլխավորած ապստամբությունը։ Մ.թ.ա. 677-ին Սիդոնը կործանվել է, իսկ Բիբլոսը, Տյուրոսը և այլ քաղաքներ ճանաչել են Ասորեստանի գերիշխանությունը։ Մ.թ.ա. 605-ի Ասորեստանի անկումից հետո Փյունիկիան դարձել է կռվախնձոր Նոր Բաբելոնյան թագավորության և Եգիպտոսի միջև։ Մ.թ.ա.539-332-ին մտել է Աքեմենյան պետության կազմի մեջ։ Փյունիկիայի նավատորմը պարսիկների կողմից գործուն մասնակցություն է ունեցել մ.թ.ա. 500-449-ի հույն-պարսկական պատերազմներին։ Մ.թ.ա. IV-I դդ. Փյունիկիան գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու, Պտղոմեյանների, Սելևկյանների պետության կազմի մեջ։ Մ.թ.ա. II-Iդդ. Կիպրոսում ստեղծվել է հունա-փյունիկիական թագավորություն։ Մ.թ.ա. I դ. 1-ին կեսին Փյունիկիան գտնվել է Տիգրան Բ Մեծի հայկական պետության, այնուհետև՝ հռոմեական Ասորիք պրովինցիայի կազմի մեջ։ Փյունիկիցիներն աստիճանաբար ձուլվել են Ասորիքի մյուս բնակչությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։