Crédit Agricole (արտասանվում է Կրեդի ագրիկոլ), ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատ, որը BNP Paribas-ի, Société Générale-ի և Groupe BPCE-ի հետ մեկտեղ կազմում է ֆրանսիական բանկային շուկայի «մեծ քառյակը»։ Մեծությամբ Ֆրանսիայի երկրորդ, Եվրոպայի երրորդ և աշխարհի տասներորդ բանկն է[5]։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում։ Հիմնադրվել է 1894 թվականին։ 2009 թվականին Fortune Global 500 մրցույթում գրավել է 46-րդ տեղը[6]։ 2018 թվականին իր ակտիվների հանրագումարով աշխարհում զբաղեցրել է տասներորդ տեղը[7]։ 2011 թվականից համարվում է համաշխարհային մասշտաբով համակարգային նշանակություն ունեցող բանկ[8]։ Crédit Agricole խմբի հիմնական ընկերությունը Crédit Agricole S.A.-ն է։ Խմբի մեջ մտնում են նաև Crédit Lyonnais բանկը, այլ երկրներում գործող մի շարք բանկեր, ապահովագրական ընկերություն և ակտիվների կառավարմամբ զբաղվող Amundi ընկերությունը։ Խումբը ներկայացված է 48 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), ունի շուրջ 10.000 բաժանմունքներից բաղկացած ցանց (դրանցից 8.200-ը Ֆրանսիայում), որոնց միջոցով սպասարկում է 52 միլիոն հաճախորդների։ Ինչպես բանկի անվանումն է հուշում՝ այն պատմականորեն սերտ առնչություն ունի գյուղատնտեսության ֆինանսավորման հետ[9]։