Փոսիտոն (Փոսիտոնաս)
Փոսիտոն կամ Փոսիտոնաս (յուն․՝ Ποσειδῶν, Ποσειδώνας)․ հին յունական դիցաբանութեան պանթէոնին տասներկու գլխաւոր աստուածներէն մէկը (Ողիմպեան աստուածներ)։ Ան ջուրերու (լիճերու, գետերու եւ ակերու), ծովու, երկրաշարժի եւ ձիերու աստուածն է[1][2]:
Փոսիտոնաս ծովագնացներու եւ բազմաթիւ հելլենական քաղաքներու եւ գաղութներու հովանաւորն է: Հոմերոսի «Իլիական»ին մէջ Տրովադայի պատերազմի ատեն Փոսիտոն կ'աջակցէր յոյներուն՝ ընդդէմ տրովադացիներուն: «Ոդիսական»ին մէջ, Տրոյէն Իթաքի վերադառնալու ատեն, Ոդիսեւս կը զայրացնէ Փոսիտոնը՝ երբ կը կուրցնէ անոր Փոլիֆիմոս զաւակը: Այդ պատճառով կը պատժուի անոր կողմէ ղրկուած փոթորիկով եւ կը կորսնցնէ իր նաւն ու ուղեկիցները, եւ վերադարձը կը տեւէ տասը տարի:
Պղատոնի գործերուն մէջ, Ատլանտիս կղզին անոր նստավայրն էր:[3][4][5]
Անոր հռոմէական համարժէքն է Նեփթունը:
Հնագոյն արուեստի գործերու մէջ, ան սովորաբար պատկերուած է իբրեւ տարեց տղամարդ մը, իբրեւ կանոն, ձեռքին իր անբաժան զէնքը՝ եռաժանին, կապուտաչեայ, գանգուր մազերով ու մօրուքով, միշտ զայրացած դէմքով, ի տարբերութիւն Զեւսի, որ նկարագրուած է ողիմպեան հանգստութեամբ։
Դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնունդ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոսիտոն Քրոնոս եւ Ռէա տիտաններու երկրորդ զաւակն էր, Զեւսի, Հերայի (Իրա), Տիմիթրայի, Էսթիայի եւ Ադիսի եղբայրը։ Հայրը՝ տիտան Քրոնոսը, զինք եւ միւս զաւակները կուլ տուած էր, երբ ան նորածին էր: Հետագային փրկուած է իր միւս եղբայրներուն եւ քոյրերուն հետ միասին, Զեւսի շնորհիւ։
«Իլիական»ին մէջ կը նշուի, թէ աշխարհը բաժնուած էր երեք մասերու, Զեւս ստացած էր երկինքը, Ադիս՝ անդրաշխարհը, իսկ Փոսիտոն՝ ծովը:
Կը պատմուի, թէ Փոսիտոն երբ իր եռածայր նիզակը հողին զարնէր, երկրաշարժ տեղի կ' ունենար։ Նոյն նիզակով կ'ալեկոծէր կամ կը խաղաղեցնէր ծովու ալիքները։ Արդարեւ պատմական հին քարտէսներու վրայ Պոզպուրունը (Արմութլու թերակղզիին արեւմտեան ծայրամասը) կը նշուի Փոսիտոնի անունով։ Աղբիւրներ կը վկայեն, թէ հոն գտնուած է նաեւ Փոսիտոնի ձօնուած մեհեան մը[6]։
Կարգ մը բանահիւսութիւններ կը նշեն, թէ Փոսիտոնն ու իր եղբայրը՝ Զեւսը իրենց եղբայրներուն եւ քոյրերուն ճակատագիրը չեն ունեցած, այսինքն՝ Քրոնոս զիրենք կուլ չէ տուած: Փոսիտոնը իր դաժան հօրմէն ու սարսափելի ճակատագիրէն փրկած է մայրը՝ Ռէան, որ նորածին Փոսիտոնը գառնուկներու հօտի մէջ պահած է, իսկ ամուսինին՝ Քրոնոսին, ըսած է, թէ քուռակ մը ծնած է եւ երեխային փոխարէն անոր ձիու քուռակ մը տուած է, որ կուլ տայ։
Ստուգաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոսիտոնի անուան ծագման շուրջ կան կարգ մը տեսութիւններ։
Ըստ Պղատոնի, Արիստոթելիսի եւ կարգ մը ժամանակակից բանասէրներու, անունը յառաջացած է երկու բաղադրիչ տարրերէ՝ «փոսիս» եւ կամ «փոթիս» (յունարէն πόσις (posis) - πότις (pótis)), որ պարոն, սեփականատէր եւ կամ ամուսին կը նշանակէ եւ «դա» (δᾶ (da)՝ որ Ատիկէի բարբառին «ղի» (γῆ (GE)) բառն է, հող կը նշանակէ։
Այլ տեսութիւն մը կ'ըսէ, թէ «հող» (δᾶ (da) տարրը կը մեկնաբանուի, իբրեւ δᾶϝον dâwon «ջուր»։ Այսինքն, կը յանգի Posei-dawōn «Ջուրի Տէր» տարբերակին։
Փոսիտոնի տիտղոսները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փոսիտոն ունի բազմաթիւ տիտղոսներ, որոնցմէ շատերը ձեռք բերած է իր աստուածային գործառոյթներէն.
Յունարէն անուանումը | Հռոմէական անուանումը | Նշանակութիւնը |
Βασιλεύς | Basileus | Թագաւոր, Տէր |
Πελαγαίος | Pelagaeus | Ջրային, ծովային |
Αιγαίων | Aegaeon | Եգէական ծովու |
Προσκλύστιος | Prosclystius | Մէկը, որ բոլորին դէմ է |
Ασφάλιος | Asphalius | Անվտանգ ճամբորդութիւն ապահովող |
Επόπτης | Epoptes | Վերակացու, դիտող |
Γαιήοχος | Gaeochus | հողին տէրը եւ կամ նաեւ հողը պաշտպանողը |
Εννοσίγαιος | Ennosigaeus | Երկիրը թափ տուող |
Ἱππιος | Hippius | «ἵππιος Ποσειδῶν»-Փոսիտոնաս իբրեւ ձին ստեղծողը
«ἵππιος Κολωνός»-Քոլոնոս, սրբավայր Փոսիտոնասիի պատիւ |
Ἱπποκουριος | Hippocurius | Ձի մրցող, ծանօթացնող |
Φυτάλμιος | Phytalmius | որ հօր պէս կը հոգայ |
Πατρός | Patrus | Հայր |
Γενέθλιος | Genethlius | Հարազատ, ցեղի |
Δωματίτης | Domatites | որուն տունը, սենեակը կը պատկանի |
λαοί της | Laoites | Իր մարդիկը |
- Գլխաւոր տիտղոսներ, որոնք կապուած են անոր սրբավայրերուն հետ.
Յունարէն անուանումը | Հռոմէական անուանումը | Նշանակութիւնը |
Ποσείδιον | Poseideum | Փոսիտոնի տաճար |
Ποσειδώνιον | Poseidoneum | Փոսիտոնի տաճար |
Ποσειδωνία | Poseidonia | Փոսիտոնի փառատօն |
Ισθμια | Isthmia | Իսթմիա Խաղեր |
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Փոսիտոնի տաճարը Սունիոն հրուանդանին վրայ, կառուցուած Ք.Ա. 440-ին
-
Փոսիտոնի արձանը Քոփենհակընի մէջ
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Փոսիտոնի մասին վկայութիւններ
- ↑ Burkert 1985, pp. 136–139.
- ↑ Plato (1971)։ Timaeus and Critias։ London, England: Penguin Books Ltd.։ էջ 167։ ISBN 9780140442618
- ↑ Timaeus 24e–25a, R. G. Bury translation (Loeb Classical Library).
- ↑ Also it has been interpreted that Plato or someone before him in the chain of the oral or written tradition of the report accidentally changed the very similar Greek words for "bigger than" ("meson") and "between" ("mezon") – Luce J.V. (1969)։ The End of Atlantis – New Light on an Old Legend։ London: Thames and Hudson։ էջ 224
- ↑ Արմութլու թերակղզիին արեւմտեան ծայրամասը
- ↑ Ուիքի բառարան․ «փոսիս» կամ «փոթիս»(յունարէն)
- ↑ ստուգաբանութիւն․ իփիոս - ίππιος (յունարէն)
- ↑ Ստուգաբանութիւն․ φυτάλμιος(յունարէն)
- ↑ Ստուգաբանութիւն - εννοσίγαιος(յունարէն)
- ↑ Ստուգաբանութիւն- γαιήοχος(յունարէն)
- ↑ Իփիոս Քոլոնոս(յունարէն)