Ամերիկյան պատմություն Իքս
Ամերիկյան պատմություն Իքս անգլ.՝ American History X | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3][…], ֆիլմ բանտի մասին, անկախ ֆիլմ և քրեական ֆիլմ |
Թեմա | անհաջող ընտանիք |
Թվական | 1998 և փետրվարի 25, 1999[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոնի Քեյ[2][3][5][…] |
Պրոդյուսեր | Ջոն Մորիսեյ |
Սցենարի հեղինակ | Դևիդ ՄակՔեննա[3] |
Դերակատարներ | Ֆայրուզա Բալկ[6], Սթեյսի Քիչ[7][6], Էլիոթ Գուլդ[7][6], Էվերի Բրուքս[6], Բևերլի դ'Անջելո[8][6], Էդվարդ Նորթոն[1][5][8][…], Էդվարդ Ֆերլոնգ[1][8][7][…], Իթան Սափլի[6], Ջենիֆեր Լիեն[6], Քերամ Մալիկի-Սանչես[9], Ջուզեպե Էնդրյուս[9], Քրիստոֆեր Մասթերսոն[9], Գայ Թորի, Ուիլյամ Ռաս[9], Փոլ լը Մեթ[9], Սեմ Սարփոնգ[9], Ջիմ Նորթոն[9] և Էնն Լեմթոն[9] |
Օպերատոր | Թոնի Քեյ |
Երաժշտություն | Էն Դադլի |
Մոնտաժ | Ջերալդ Բ. Գրինբերգ |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | New Line Cinema |
Տևողություն | 114 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
American History X Վիքիպահեստում |
«Ամերիկյան պատմություն Իքս» (անգլ.՝ American History X), 1998 թվականին ռեժիսոր Թոնի Քեյի կողմից նկարահանված քրեական դրամա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էդվարդ Նորթոնը և Էդվարդ Ֆերլոնգը։ Միացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել է 1998 թվականի հոկտեմբերի 30-ին։
Ֆիլմը պատմում է Կալիֆորնիայի Վենիս քաղաքում բնակվող երկու եղբայրների մասին, ովքեր սկսում են ներգրավվել նեոնացիստական շարժման մեջ։ Ավագ եղբայրը սպանության համար դատապարտվում է երեք տարվա ազատազրկման, բանտում փոխում համոզմունքները և պատժաժամկետի ավարտից հետո վերադառնում քաղաքացիական կյանք՝ փորձելով կրտսեր եղբորը ետ պահել իր ուղին կրկնելուց։
Ֆիլմը մեծ մասամբ դրական արձագանքեր է ունենում կինոքննադատների շրջանում, ովքեր առավել տպավորված էին Նորթոնի դերակատարմամբ։ Նորթոնն առաջադրվում է Օսկարի՝ «լավագույն դերասանի» անվանակարգում։ 2008 թվականին «Իմփայր» ամսագիրը ֆիլմը դասակարգում է որպես բոլոր ժամանակների 311-րդ մեծագույն ֆիլմը։
IMDb վարկածով բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի ցուցակում ֆիլմը, 2014 թվականի մայիսի 11-ի դրությամբ, գրավում է 32-րդ տեղը[10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողություններն ընթանում են 80-ականների ավարտին և վաղ 90-ականներին։ Դենի Վինյարդը (Էդվարդ Ֆերլոնգ) սովորում է ավագ դպրոցում և հանդիսանում Վենիս բիչի (Կալիֆորնիա նահանգ) «Քրիստոսի առաքյալներ» (անգլ.` «Disciples of Christ», D.O.C.) նեո-նացիստական խմբավորման անդամ։ Դպրոցում պատմության ուսուցիչ Մյուրեյը (Էլիոտ Գուլդ) որպես տնային աշխատանք հանձնարարում է գրել ակնարկ «մարդու իրավունքների պայքարի մասին պատմող ցանկացած գրքի մասին»։ Տեղեկացված լինելով ուսուցչի հրեական արմատների մասին, Դենին որոշում է ակնարկ գրել Ադոլֆ Հիտլերի «Մայն քամփֆ» (Իմ պայքարը) գրքի մասին։ Ուսուցիչն այդ արարքից վրդովված փորձում է Դենիին հեռացնել տալ դպրոցից, սակայն սևամորթ տնօրեն Բոբ Սվինին (Էվերի Բրուքս) չի ընդունում այդ միտքը և տեղեկացնում է մոլորյալ պատանուն, որ այսուհետ ինքն է անձամբ նրան պատմություն դասավանդելու, իսկ դասընթացը կոչվելու է «Ամերիկյան պատմություն Իքս»։ Դենիի առաջին տնային հանձարարությունն էր լինելու ակնարկ պատրաստել ավագ եղբոր՝ Դերեկ Վինյարդի (Էդվարդ Նորթոն) մասին, ով նախկին նեոնացիստական առաջնորդ էր և զանգվածային սպանության համար բանտում երեք տարի պատիժը կրելուց հետո վերադարձել էր տուն։ Սվինին նաև ավելացնում է, որ եթե հանձնարարությունը հաջորդ առավոտյան նրա սեղանին դրված չլիներ, ապա Դենին կհեռացվեր դպրոցից։ Դրանից հետո ֆիլմում ցուցադրվում են բազմաթիվ կադրեր Վինյարդ եղբայրների համատեղ անցյալից, որոնք առանձացվում են սև ու սպիտակով, իսկ ներկա ժամանակները ցուցադրվում են գունավորով։
Դերեկի և Դենիի հայրը վետերան հրշեջ Դենիս Վինյարդն է (Ուիլյամ Ռաս), ով աչքի է ընկնում ռասիսատական պահվածքով, երբ իմանում է, որ Դերեկի պատմության ուսուցիչ Սվինին հանձարարել էր կարդալ սևամորթ հեղինակ Ռիչարդ Ռայթի «Հարազատ որդին» պատմվածքը։ Դենիսը սպանվում է սևամորթ թմրավաճառների հրազենից՝ աֆրոամերիկյան թաղամասում հրշեջի պարտականությունը կատարելիս։ Հեռուստատեսությամբ տրված հարցազրույցի ժամանակ հուզված Դերեկը սկսում է երկար ռասայական մեկնաբանություններ կատարել՝ նշելով որ հայրը չպետք է նույնիսկ գնար սևամորթների թաղամաս, որովհետև նրանք արժանի չէին մարդկային վերաբերմունքի, այնուհետև Դերեկն սկսում է Միացյալ Նահանգներում տիրող բոլոր խնդիրների պատճառները բարդել ազգային փոքրամասնությունների վրա։ Կարճ ժամանակ անց Դերեկը և նրա գաղափարակից Քեմերոն Ալեքսանդրը (Սթեյսի Քիչ) հիմնադրում են «Քրիստոսի առաքյալներ» նացիստական խմբավորումը։
Լինելով հմուտ բասկետբոլիստ, մի առիթով Դերեկը բասկետբոլային մրցույթ է կազմակերպում «Քրիփս» աֆրոամերիկյան բանդայի ներկայացուցիչ սևամորթների հետ, այն պայմանով, որ եթե հաղթեին սպիտակամորթերը, ապա սևամորթերը պետք է «հավաքեին իրերը և մեկընդմիշտ հեռանային խաղահրապարակից»։ Դերեկի շնորհիվ սպիտակամորթերը հաղթում են խաղը։ Նույն օրը երեկոյան Դերեկի մայր Դորիսը (Բեվերլի Դ՛Անջելո) ընտանեկան ընթրիքի է հրավիրում ուսուցիչ Մյուրեյին, ում հետ տևական ժամանակ հանդիպում էր։ Ընթրիքի ժամանակ Դերեկը և Մյուրեյն սկսում են վիճաբանել Ռոդնի Քինգի հանդեպ կատարվածի մասին (որը տեսախցիկի վրա նկարահանված իրական դեպք է. սևամորթ վարորդ Ռոդնի Քինգին կանգնեցնում են սպիտակամորթ ճանապարհային ոստիկանները և դաժանությամբ ծեծի ենթարկում)։ Վիճաբանությունն ավելի է թեժանում և Դերեկը Մյուրեյին ցույց տալիս ձախ կրծքավանդակին դաջված սվաստիկան և սպառնում, որ վերջինս անգամ չմտածի «իր ընտանիք թափանցելու» մասին։ Վշտացած մայրը պահանջում է Դերեկին, որ հեռանա տանից, որդին խոստանում է, որ հաջորդ օրը կլքի։ Նույն երեկոյան Դերեկն իր սենյակում սեքսով է զբաղվում ընկերուհու՝ Սթեյսիի հետ (Ֆայրուզա Բալկ), երբ կրտսեր եղբայր Դենին նկատում է, որ դրսում մի խումբ սևամորթեր փորձում են գողանալ Դերեկի մեքենան։ Դենին խուճապահար մտնում է եղբոր սենյակ և զգուշացնում ամեն ինչ մասին։ Սևամորթները նույն մարդիկ էին, ովքեր պարտվել էին բասկետբոլային խաղում։ Դերեկն արագ վերցնում է ատրճանակը և կիսամերկ շտապում դուրս։ Առաջին ավազակն իսկույն զոհվում է Դերեկի կրակից, երկրորդը՝ վիրավորվում, իսկ երրորդը կարողանում է մեքենայով հաջողությամբ փախուստ գործել։ Դերեկը վերադառնում է վիրավորված սևամորթի մոտ, ստիպում որ վերջինս ատամներով բռնվի մայթի եզրաքարից, ինչից հետո Դերեկը ոտքի հուժկու հարվածով խփում է նրա գլխի ետամասին՝ փշրելով երիտասարդ սևամորթի գլուխը։ Այդ ամենը տեսնում է Դենին։ Շուտով դեպքի վայր է հասնում ոստիկանությունը։ Դերեկը դատապարտվում է երեք տարվա ազատազրկման և ուղարկվում Կալիֆորնիայի տղամարդկանց ուղղիչ կենտրոն։
Բանտում Դերեկն աշխատանք է գտնում լվացքատնում։ Լվացքատնում Դերեկը պետք է աշխատեր սևամորթ Լամոնտի (Գայ Թորի) հետ, ում պատժաժամկետը կազմում էր վեց տարի։ Լամոնտը հեռուստացույց էր գողացել և, երբ ոստիկանը նրան կանգնեցրել էր, հեռուստացույցն անզգուշաբար դուրս էր պրծել ձեռքերից և ընկել ոստիկանի ոտքին՝ կոտրելով այն, ինչի պատճառով էլ նրա ազատազրկումը կազմել էր վեց տարի։ Դերեկը և Լամոնտը սկսում են ընկերանալ, ինչում մեծ ավանդ է ունենում երկուսի բասկետբոլային հետաքրքրվածությունը։ Միևնույն ժամանակ Դերեկը ծանոթանում է «Արիական եղբայրություն» խմբավորման ներկայացուցիչների հետ և դառնում անդամ։ Մոտ մեկ տարի մնալով նացիստների խմբավորման կազմում, Դերեկը որոշում է հեռանալ, քանի որ նկատում է, թե ինչպես է խմբավորման ղեկավար Միտչ Մակկորմիկը (Ալեքս Սոլ), դեմ գնալով արիական գաղափարներին, ընկերական կապ է հաստատում մեքսիկական խմբավորման ներկայացուցիչների հետ, նրանցից թմրադեղեր ձեռք բերում և վաճառում իր իսկ մարդկանց։ Ի պատասխան Դերեկի անհանդուրժողականությանը՝ եղբայրության անդամները բանտի լոգարանում դաժանորեն ծեծում և բռնաբարում են Դերեկին։ Հոսպիտալացվելուց հետո Դերեկին այցելում է Սվինին, ումից նա հուսահատորեն օգնություն է խնդրում։ Սվինին Դերեկին տեղեկացնում է, որ Դենին նույնպես մուտք է գործել նեոնացիստական խմբավորում և փորձում է գնալ եղբոր տխրահռչակ ճանապարհով։ Դրանից հետո Սվինին խոստովանում է, որ երիտասարդ տարիներին ատում էր սպիտակամորթերին, սակայն ավելի ուշ հասկացով, որ ատելությունն անիմաստ երևույթ է։
Ազատազրկման հետագա տարիները Դերեկն անցկացնում է միայնակ և կարդում Սվինիի ուղարկած գրքերը։ Ամեն վայրկյան Դերեկին թվում էր, որ բանտակիցները կհարձակվեն նրա վրա, սակայն Լամոնտի համոզումների շնորհիվ նրան այլևս ոչ-ոք ձեռք չի տալիս։ Դերեկը բանտից հեռանում է որպես ամբողջովին փոխված մարդ։
Դերեկը տուն վերադառնալիս պարզում է, որ եղբայրը կրում է «Քրիստոսի առաքյալների» դաջվածքը, ինչից վշտանում է, փորձում նրան համոզել, որ հետ մնա ֆաշիստական ուղղուց և չկրկնի իր սխալները։ Երեկոյան Վինյարդ եղբայրները գնում են նեոնացիստական երեկույթի։ Երեկույթի ժամանակ Դերեկը պատվիրում է առաջնորդ Քեմերոնոնին, որ վերջինս հեռու մնա Դենիից և չփորձի նրան ներքաշել նեոնացիստական շարժման մեջ։ Երբ Քեմերոնը անպարկեշտ ակնարկումներ է կատարում, Դերեկը զայրացած հարվածների տարափ է տեղում նրա վրա։ Ի պատասխան դրան՝ Դենիի գաղափարակից ընկեր Սեթ Ռայանը (Իթան Սափլի) ատրճանակ է պահում Դերեկի վրա, սակայն Դերեկը խլում է ատրճանակը և այն պահելով զայրացած ամբոխի վրա հեռանում երեկույթից։ Դենին հասնելով եղբորը սկսում է անընդհատ հրել նրան, սակայն Դերեկն հանգստացնում է նրան պատմում ամեն ինչ իր կյանքի բեկումնային շրջանի մասին, Դենին համոզվում է որ եղբայրը ճիշտ է, և այլ ռասաների հանդեպ ունեցած ատելությունը սխալ է։ Տուն վերադառնալուց հետո Դենին իր սենյակից հեռացնում է ֆաշիստական պաստառները։
Հաջորդ առավոտ Դենին վերջացնում է հանձարարված տնային աշխատանքը, իսկ Դերեկն հանդիպում է պատասխանատու ոստիկանի հետ։ Մինչև հանդիպումը, Դերեկն եղբորը ճանապարհում է դպրոց, երբ նրանց է մոտենում Սվինին և ասում որ նախորդ երեկոյան Քեմերոնը և Սեը դաժան ծեծի էին ենթարկվել և այժմ հիվանդանոցում են։
Դպրոցի զուգարանում Դենիին է մոտենում երիտասարդ սևամորթ աշակերտ Հենրին, ում հետ Դենին ընդհարվել էր նախորդ օրը։ Հենրին գրպանից հանում է ատրճանակը և մի քանի անգամ մահացու կրակում Դենիի կրծքավանդակի ուղղությամբ։ Դենին տապալվում է գետնին։ Երբ Դերեկը հասնում է դպրոց, իսկույն նետվում է զուգարան, գրկում եղբոր արնաշաղախ դին և սկսում բարձրաձայն հեկեկալ։
Ֆիլմն ավարտվում է Դենիի գրած տնային հանձարարության վերջին տողերով. «Ատելությունը մի մեծ բեռ է։ Կյանքը չափազանց կարճ է ամբողջ ժամանակ զայրացած լինելու համար, դրա կարիքը չկա»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Նորթոն | Էդվարդ Ֆերլոնգ | Իթան Սափլի | Ֆայրուզա Բալկ | Էվերի Բրուքս | Էլիոտ Գուլդ | Բեվերլի Դ'Անջելո | Սթեյսի Քիչ |
Դերասան | Դեր |
---|---|
Էդվարդ Նորթոն | Դերեկ Վինյարդ |
Էդվարդ Ֆերլոնգ | Դենիել Վինյարդ |
Բեվերլի Դ՛Անջելո | Դորիս Վինյարդ |
Ջենիֆեր Լիեն | Դավինա Վինյարդ |
Իթան Սափլի | Սեթ Ռայան |
Ֆայրուզա Բալկ | Սթեյսի |
Էվերի Բրուքս | Ռոբերտ Սվինի |
Էլիոտ Գուլդ | Մյուրեյ |
Սթեյսի Քիչ | Քեմերոն Ալեքսանդր |
Ուիլյամ Ռաս | Դենիս Վինյարդ |
Գայ Թորի | Լամոնտ |
Ջո Կորտիզ | Ռասմուսեն |
Ջեյսոն Բոուզ Սմիթ | Փոքրիկ Հենրի |
Անտոնիո Դեյվիդ Լայոնս | Լոուրենս |
Ալեքս Սոլ | Միտչ Մակկորմիկ |
Կերամ Մալիկի-Սանչես | Քրիս |
Ջուզեպպե Էնդրյուզ | Ջեյսոն |
Միշել Քրիստին Ուայթ | Լիզի |
Ջորդան Մարդեր | Քուրտիս |
Գնահատականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը Միացյալ Նահանգների 513 կինոթատրոններում հավաքում է 6 719 864 ԱՄՆ դոլարի հասույթ, իսկ համաշխարհային կինովարձույթից ստացվում է 23 875 127 դոլարի եկամուտ[11]։
Ֆիլմը մեծ մասամբ ստանում է դրական գնահատականներ։ Քննդատներն առավել տպավորված էին Նորթոնի դերակատարմամբ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Fuck» բառը ֆիլմի ընթացքում օգտագործվում է 205 անգամ։ Այս ցուցանիշով ֆիլմը առաջատարներից մեկն է հոլիվուդյան ֆիլմերի շարքում։
- Հատուկ այս դերի համար Էդվարդ Նորտոնը 13,6 կգ մկանային զանգված է ձեռք բերում։
- Խորտկարանը, ուր նախաճաշում են Դերեկն ու Դենին, մինչ Դենին դպրոց կգնա, «Մեծ Լեբովսկի» ֆիլմի նույն խորտկարանն է։
- Բասկետբոլային հանդիպման ժամանակ Սեթը կրում է 88 համարով մարզաշապիկը։ 88-ը սափրագլուխների շրջանում հանդիպող թիվ է, որը նշանակում է «HH» կամ «Heil Hitler». «H»-ը լատինական այբուբենի 8-րդ տառն է։ 88-ը նաև այն 88 սկզբունքներն են, որոնք ձևակերպել է նեոնացիստ առաջնորդ Դևիդ Լեյնը։
- Դենիի շարադրության վերջում լսվող մեջբերումը 1861 թ.-ին ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի երդման ճառի վերջին բառերն են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.metacritic.com/movie/american-history-x
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0120586/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.cinemarx.ro/filme/American-History-X-American-History-X-13679.html
- ↑ http://www.kinokalender.com/film743_american-history-x.html
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/en/film261972.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt0120586/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=12475.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://stopklatka.pl/film/wiezien-nienawisci
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «IMDb Թոփ 250»
- ↑ "American History X (1998)". Box Office Mojo. IMDb. Retrieved August 7, 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Ամերիկյան պատմություն Իքս(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան պատմություն Իքս» հոդվածին։ |
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1998 ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր ռասիզմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1998 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1995 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1990-ականներին
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Ֆիլմեր բուլինգի մասին
- Ֆիլմեր եղբայրների մասին