Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն (ԱԺԴՀ)
ռուս.՝ Закавказская демократическая федеративная республика (ЗДФР)
 Երևանի նահանգ
 Կարսի մարզ
 Ելիզավետպոլի նահանգ
 Թիֆլիսի նահանգ
 Բաքվի նահանգ  Բաթումի մարզ
Ապրիլի 22, 1918 - Մայիսի 28, 1918 Հայաստանի առաջին հանրապետություն 
Վրաստանի դեմոկրատական հանրապետություն 
Մուսավաթական Ադրբեջան 
(Դրոշ)
Քարտեզ


(Անդրկովկասը)

Ընդհանուր տեղեկանք
Լեզու Ռուսերեն, հայերեն, վրացերեն
Ազգություն Հայեր, վրացիներ, կովկասյան թաթարներ, ռուսներ
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Ուղղափառություն, իսլամ
Արժույթ Ռուբլի
Զորք Հայկական կամավորական ջոկատներ
Իշխանություն
Պետական կարգ Հանրապետություն
Պատմություն

Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն (ԱԺԴՀ; ռուս.՝ Закавказская демократическая федеративная республика (ЗКДФР)), հայտնի է նաև որպես Անդրկովկասյան Ֆեդերացիա) (ապրիլի 9 (նոր տոմարով 22), 1918 – մայիսի 26, 1918), կարճ կյանք ունեցող (ժամանակավոր) պետական կազմավորում Անդրկովկասում, որ ընդգրկում էր ներկայիս Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Ֆեդերացիայից իր անկախությունը հայտարարեցին՝ Վրաստանը մայիսի 26-ին, Կովկասյան Թաթարստանը (Ադրբեջանը) մայիսի 27-ին և Հայաստանը մայիսի 28-ին։

ԱԴՖՀ Անդրկովկասը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանից անկախ։ Ռուսաստանից անջատումը նախապատրաստել էր Անդրկովկասյան կոմիսարիատը, որը չէր ընդունել խորհրդային իշխանությունը։ ԱԴՖՀ բարձրագույն մարմինը սեյմն էր, որի նախագահն էր (հանրապետության նախագահի իրավունքով) վրացի մենշևիկ՝ Ն. Ձխեիձեն։ Սեյմը կազմած նոր կառավարությունում գերակշռում էին վրացի մենշևիկները։ Կառավարության ղեկավար և արտգործնախարար էր նշանակվել Ա. Չխենկելին (մենշևիկ), ներքին գործոց նախարար Ն. Ռամիշվիլին (մենշևիկ), ռազմական նախարար՝ Գ. Գեորգաձեն (մենշևիկ), հողագործության նախարար՝ Ն. Խոմերիկին (մենշևիկ), արդարադատության նախարար՝ Ֆ. Խան-Խոյսկին (մուսավաթական), արդյունաբերության և առևտրի նախարար՝ Մ. Հաջինսկին (մուսավաթական), ֆինանսների նախարար՝ Ալեքսանդր Խատիսյանը (դաշնակցական), խնամատարության նախարար՝ Հովհաննես Քաջազնունին (դաշնակցական)։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը չճանաչեց ԱԴՖՀ։ Անդրկովկասյան Հանրապետությունը չընդունեց Բրեստի հաշտությունը (1918), բայց, ուժ չունենալով դիմակայել հարձակվող թուրքական զորքերին, համածայնեց բանակցություններ սկսել թուրքական հրամանատարության հետ Բաթումում։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը բողոքեց սկսված բանակցությունների կապակցությամբ՝ պահանջելով, որպեսզի «թուրքական սահմանի հարցում Բրեստի պայմանագրի կատարումը կայանա միայն Խորհրդային Ռուսաստանի կառավարության հետ»։ Սակայն Թուրքիային շահավետ էր բանակցել Խորհրդային Ռուսաստանից անջատված Անդրկովկասյան հանրապետությունների հետ, մանավանդ, որ մուսավաթականների թուրքամետ դիրքորոշումը ակնհայտ էր։ Բաթումի բանակցությունների ընթացքում ի հայտ եկան Անդրկովկասի ազգային կուսակցությունների միջև եղած տարաձայնությունները։ Վրաստանի, Ադրբեջանի ազգային խորհուրդները արտահայտվեցին հօգուտ առանձին հանրապետությունների։ Մուսավաթականների ներկայացուցիչները Բաթումում թուրքական պատվիրակության հետ գաղտնի համաձայնության եկան Թուրքիայի հովանավորության ներքո Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ 1918-ի մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը վայր դրեց իր լիազորությունները, դադարեց ԱԴՖՀ գոյությունը։ Կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26-ին), Ադրբեջանի (մայիսի 27-ին) և Հայաստանի (մայիսի 28-ին) անկախ հանրապետությունները, որոնցից Ադրբեջանը միջազգայնորեն այդպես էլ չճանաչվեց որպես անկախ պետություն՝ Հայաստանի հետ տարածքային խնդիրներ ունենալու պատճառով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, ե., 1967։ Կ. Խուդավերդյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 400
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։