Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ծովախոզուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովախոզուկ
Ծովախոզուկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ (Chordata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ընտանիք Խոզուկազգիներ (Caviidae)
Ցեղ Խոզուկներ (Canis)
Տեսակ Ծովախոզուկ
Լատիներեն անվանում
Cavia porcellus
Հոմանիշներ
  • Mus porcellus
  • Cavia cobaya
  • Cavia anolaimae
  • Cavia cutleri
  • Cavia leucopyga
  • Cavia longipilis


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծովախոզուկ (լատին․՝ Cavia porcellus) (հաճախ անվանվում է գվինեական խոզուկ կամ կեյվի) ընտելացված կրծողների կարգի խոզայինների ընտանիքի խոզուկների ցեղի ներկայացուցիչ է։ Չնայած անվանը՝ նրանք կապ չունեն խոզերի ընտանիքի և Գվինեայի հետ։ Ընտելացվել են ինկերի կողմից և օգտագործվել են որպես մսի աղբյուր և դեկորատիվ նպատակներով[1]։ Ըստ վարկածներից մեկի այն ծագում է Cavia cutleri–ից[1], իսկ ըստ մյուսի՝ Cavia aperea tschudii–ից[2]։ Ենթադրվող երկու նախնիներն էլ ապրում են Պերուում։

Անվանական նմանությունից ելնելով խոզուկներին չշփոթել առհասարակ խոզերի, կամ ծովախոզուկներին՝ մասնավորապես ծովային խոզերի հետ։ Խոզուկանմանները վայրենակերպերի կարգի ենթակարգ է, խոզուկազգիները՝ այդ ենթակարգի ընտանիք, իսկ խոզուկները՝ այդ ընտանիքի ցեղ, որի տեսակ էլ հանդիսանում է ծովախոզուկը։

Ծովախոզուկներն ընտելացվել են մ․ թ․ ա․ 5 հազարամյակ առաջ Հարավային Ամերիկայի Անդերի շրջանի ցեղերի կողմից (այժմյան հարավային Կոլումբիայի, Էկվադորի, Պերուի և Բոլիվիայի տարածք) սննդում օգտագործելու համար[3][4]։ Պերուի և Էկվադորի տարածքում անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 500 թվականից մինչև մ․ թ․ հ․ 500 թվականների ծովախոզուկներ պատկերող քանդակներ[5]։ Մոչե քաղաքակրթության ներկայացուցիչները երկրպագում էին ծովախոզուկներին և նրանց պատկերում արվեստի գործերում[6]։ 1200 թվականից մինչև 1532 թվականի իսպանական զավթումը իրականացվել են սելեկցիոն աշխատանքներ, արդյունքում ի հայտ եկան ծովախոզուկների նոր բազմաթիվ ցեղատեսակներ, որոնցից շատերը ժամանակակից ընտանի ծովախոզուկներն են[7]։ Նրանք այդ տարածաշրջաններում շարունակում են օգտագործվել սննդում։ Անդերի տարածքի շատ ընտանիքներ բուծում են հատկապես այս կենդանիները[8]։ Ծովախոզուկների հետ առնչվող ժողովրդական բանահյուսությունները շատ են։ Մարդիկ նրանց նվիրում են, օգտագործում տարատեսակ հասարակական և դավանական արարողություններում, հաճախ հիշատակում փոխաբերական խոսքում[8]։ Նրանք լուրջ դերակատարում ունեն նաև ավանդական բուժման մեջ, քանի որ նրանց օգտագործում են այնպիսի հիվանդությունների հայտնաբերման համար, ինչպիսիք են դեղնախտը, ռևմատիզմը, հոդաբորբը և բծավոր տիֆը[8]։ Այս կենդանիներին դնում են մարմնի ցավոտ մասերում և համարում են գերբնական դեղամիջոցներ[8]։ Սև ծովախոզուկները ավելի նախընտրելի են ախտորոշումներ կայացնելու համար[8]։ Կենդանիներին նաև հերձում են և ուսումնասիրում նրանց ներքին օրգանները, որպեսզի պարզեն բուժման արդյունավետությունը[8]։ Այս մեթոդները լայն տարածում ունեն Անդերի բազմաթիվ շրջաններում, որտեղ արևմտյան բժշկությունը հասանելի չէ կամ թերագնահատված է[8]։

Ծովախոզուկներին Եվրոպա են բերել Իսպանացի, հոլանդացի և անգիացի վաճառականները, որտեղ դրանք շատ արագ հռչակ ձեռք բերեցին բարձր դասի ներկայացուցիչների, այդ թվում նաև Եղիսաբեթ I թագուհու շրջանում՝ որպես էկզոտիկ ընտանի կենդանիներ[8]։ Առաջին հայտնի գրավոր տեղեկագիրը ծովախոզուկների մասին կազմվել է 1547 թվականին Սանտո Դոմինգոյի կենդանու նկարագրությունում[9]։ Ըստ հյուսիսային հնդկական ավելի հին հիշատակությունների կենդանին Կարիբյան ծով է բերվել մ․ թ․ ա․ 500 թվականին Հարավային Ամերիկայի խեցեգործների կողմից[10]։ Ծովախոզուկներն առաջին անգամ նկարագրվել են 1554 թվականին շվեդ բնագետ Կոնրադ Հեսների կողմից[11]։ Նրանց կենսաբանական անվանումն առաջին անգամ օգտագործվել է 1777 թվականին Էրկսլեբենի կողմից։

Առաջին հիշատակությունները Կոլումբիան գրավելիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի տարածքում ծովախոզուկների ամենատարածված cori ցեղատեսակի տարածվածության մասին հարուստ տեղեկություն է հասել թագավորական բյուրոկրատներ Խուսան դե Սան Մարտինի և Անտոնիո դե Լեբրիխի կողմից, որոնք մասնակցություն են ունեցել 1539 հուլիսի զավթիչ Գոնսալո դե Կեսադի՝ Կոլումբիա արշավանքին․

...այս տարածքը, այն ամենը, ինչ այստեղ տեսել ենք, այս վայրը չափից դուրս առողջ է, քանի որ ինչ մենք այստեղ ենք՝ մոտ երկու տարի է, մեր մոտ հիվանդություններից ոչ ոք չի մահացել։ Այն լավ է ապահովված եղջերուների, որոնց սպանում են մեծ քանակությամբ, և նապաստակների մսով, որոնց անվանում են cori։

— Խուան դե Սան Մարտին և Անտոնիո դե Լեբրիխ, Նոր Թագավորական Գրանդի գրավման և Բոգոտա քաղաքի հիմնման մասին հաշվետվություն (1539 թվականի հուլիս)։

Առաջին հիշատակությունները Պերուն և Բոլոնիան գրավելիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կեչուական ծովախոզուկը «կույ» կամ «կուի» (կեչուա՝ Quwi; Saka icha Haka > իսպ.՝ cuy, coi, cui, coy) անուններով հիշատակվել է 1554 թվականին Պեդրո Սյեսա դե Լեոնի «Պերուի խրոնիկա» աշխատության մեջ[12]։ Դիեգո Գոնսալես Օլգինի բառարանում (1608 թվական) «Ccoui», «Ccuy», «Ccoy» բառերը նշվում են որպես «տեղի փոքրիկ նապաստակներ», «Հնդկաստանի նապաստակ» բացատրություններով[13]։

Դերը Անդերի ժառանգության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում Կոնկիստայի ժամանակ Անդերի բնակիչների կողմից ծովախոզուկներն օգտագործվում էին հիմնականում գյուղատնտեսության (որպես մսի աղբյուր) և դավանաբանության մեջ (կենդանիների զոհաբերություն, գուշակություններ ներքին օրգանների միջոցով)[14]։

Կենտրոնական Անդերում Վամաչուկոյի (Պերու) հնդիկների մոտ գոյություն ուներ ծովախոզուկների կուռք։

Իրավաբան Խուան Պոլո դե Օնդեգարդոն, «Հնդիկների մոլորությունները և սնահավատ ծիսակատարությունները» տրակտատում նկարագրելով 1559 թվականին Պերուում հնդիկների արարողությունները, նշել է․

Իններորդ ամիսը կոչվում էր «Յապակիս»։ Այդ ժամանակ վառում էին հարյուրավոր շագանակագույն ոչխարներ, հազարավոր «կույեր», որ սառույցը, օդը, ջուրը, արևը արտերը չվնասեն։ Այդ ամիսը, կարծես, համապատասխանում է Օգոստոսին․․․ Նրանք զոհաբերում էին նաև Կույերի, սրանք փոքրիկ կենդանիներ էին (unos animalejos), որոնց բուծում էին տանը, չափերով սրանք մկներից մեծ են։ Այս կենդանիներին օգտագործում էին կանխագուշակություններ անելու և գործերի ելքը իմանալու համար։ Նրանք չէին օգտագործում վայրի կենդանիների, քանի որ ասում էին, թե առողջության և հաջողության համար մատուցված զոհաբերությունների համար պետք է օգտագործել միայն սեփական քրտինքով աճեցված կենդանիների։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ ներկայումս շատ տարածված է Կույերի զոհաբերությունը ինչպես լեռնաբնակների, այնպես էլ նրանց շրջանում, ովքեր ապրում են հարթավայրերում։

— «Revista histórica; órgano del Instituto Histórico del Perú, Volume 1. – Lima, 1906, էջ 216, 226[14]։

Մինչ օրս ծովախոզուկները մսի հիմնական աղբյուրներից մեկն են Անդերում։ Նրանցից պատրաստված կերակրատեսակներ կարելի է հանդիպել Պերուի և Էկվադորի ռեստորաններում։

Տարածումը Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանում իսպանական, հոլանդական և անգլիական վաճառականները ծովախոզուկներին բերում են Եվրոպա, որտեղ վերջիններս դառնում են իշխող վերնախավի ընտանի կենդանիներ (ներառյալ նաև Ելիզավետա I թագուհուն)։

Անվան ծագումնաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական անունը Cavia porcellus է, որտեղ porcellus լատիներենից թարգմանաբար նշանակում է «ծովախոզուկ», իսկ сavia նորլատինական տերմին է, որն առաջացել է сabiai–ից, որը կենդանու անունն է Գալիբի ցեղերի մոտ, որոնք ապրում էին ֆրանսիական Գվիանայի տարածքում։ Ընդհանրապես վաճառականները հիմնականում օգտագործում էին կրճատ Cavy (Կևի կամ կեյվի, լատիներենից կրճատած) տերմինը, մինչդեռ ավելի տարածված էր գվինեական խոզուկ անունը։ Ռուսաստանում կենդանուն ընդունված է կոչել ծովախոզուկ։ Այս անունը ենթադրաբար փոխառվել է չեխական świnka morska անունից, իսկ վերջինս էլ՝ գերմանական Meerschweinchen–ից, ինչը բառացիորեն նշանակում է ծովախոզուկ։

Խոզուկներին խոյերի հետ համեմատելն անհասկանալի է։ Հնարավոր է, պատճառը նրանց համապատասխան ձայներ արձակելն էր և գլխի ու մարմնի համամասնությունը, գեր վիզը և կոնքերի բացակայությունը։ Բացի այդ նրանք անընդհատ ուտում են և կարող են ապրել փոքրիկ անասնանոցներում, որոնք հիմնականում օգտագործում էին նավերում՝ կենդանիներին փոխադրելու համար։ Ծովախոզուկների հայրենիքում հնդիկները դրանց օգտագործում էին սննդում։ Ներկայումս այդ ավանդույթը շարունակվում է գրեթե ողջ Հարավային Ամերիկայում։ Համով և սննդային արժեքով դրանք մոտ են նապաստակներին և հավերին, այսինքն՝ դիետիկ են։

Այս կենդանունը անունը շատ լեզուներով հղում է կատարում խոզերին։ Օրինակ, ֆրանսերեն cochon d’Inde (հնդկական խոզ), նիդեռլանդերեն՝ Guinees biggetje (գվինեական խոզուկ), պորտուգալերեն՝ porquinho da Índia (փոքրիկ հնդկական խոզ), չինարեն՝ 荷蘭豬 hélánzhū (հոլանդական խոզուկ)։ Սակայն կան նաև նմանություններ այլ կենդանիների հետ, օրինակ, ճապոներեն モルモット (մորումոտտո) անգլերեն marmot (արջամուկ), իսպաներեն՝ conejillo de Indias (փոքրիկ նապաստակ Հնդկաստանից), գերմանական մի քանի բարբառներով merswin (դելֆին) (առավել հնարավոր է merswin=Meerschweinchen), հավանական է ձայների նմանության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Брэм А. Э. Жизнь животных. — М.: Олма-Пресс, 2001. — С. 240. — 1192 с. — 5000 экз. — ISBN 5-224-04422-7
  2. Альтман, 1991, էջ 5
  3. Morales, 1995, էջ 3
  4. Chazan M. World Prehistory and Archaeology: Pathways through Time. — Allyn & Bacon, 2008. — P. 272. — 544 p. — ISBN 0-205-40621-1
  5. Morales, 1995, էջ 3-4
  6. The Spirit of Ancient Peru: Treasures from the Museo Arqueologico Rafael Larco Herrera. — Thames & Hudson, 1997. — 216 p. — ISBN 0500018022
  7. Nowak, Ronald M. (1999). Walker's Mammals of the World (6th ed.). Baltimore, Md.: Johns Hopkins University Press. էջեր 1667–1669. ISBN 0-8018-5789-9.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Morales, 1995
  9. Weir, Barbara J. (1974). «Notes on the Origin of the Domestic Guinea-Pig». In Rowlands, I. W.; Weir, Barbara J. (eds.). The Biology of Hystricomorph Rodents. Academic Press. էջեր 437–446. ISBN 0-12-613333-6.
  10. Newsom and Wing, 2004, cited in Fitzpatrick, S.M.; Keegan, W.F. (2007). «Human impacts and adaptations in the Caribbean Islands: an historical ecology approach». Earth and Environmental Science Transactions of the Royal Society of Edinburgh. 98: 29–45. doi:10.1017/S1755691007000096.
  11. Gmelig-Nijboer, C. A. (1977). Conrad Gessner's "Historia Animalum": An Inventory of Renaissance Zoology. Krips Repro B.V. էջեր 69–70.
  12. Педро Сьеса де Леон. (2009 թ․ հունվարի 14). «Хроника Перу. Часть Вторая: Владычество Инков». www.kuprienko.info (А. Скромницкий). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. Диего Гонсалес Ольгин. «Словарь языка кечуа (1608)» (PDF). www.kuprienko.info (А. Скромницкий). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  14. 14,0 14,1 Источники инков, 2013
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 135
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովախոզուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովախոզուկ» հոդվածին։