Կոմիտաս Ա Աղցեցի
Կոմիտաս Ա Աղցեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Աղձք, Հայաստան[1] |
Մահացել է | 628[1] |
Մահվան վայր | Դվին[1] |
Մասնագիտություն | քահանա, կոմպոզիտոր, բանաստեղծ և երաժիշտ |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Կոմիտաս Ա Աղցեցի, Շինող (ծ. թ. անհայտ, գ. Աղցք (Արագածոտն գավառ) – 628, Դվին), Ամենայն հայոց կաթողիկոս 615 թվականից։ Ուսումն ու կրթությունը ստացել է Մովսես Եղիվարդեցի կաթողիկոսի օրոք (574-604 թթ.) Դվինում։ Մի կարճ ժամանակով եղել է Ս. Հռիփսիմե վկայարանի փակակալը, հետո, ինչպես երևում է, Աբրահամ կաթողիկոսի (607-615 թթ.) կողմից, նախքան կաթողիկոս ընտրվելը, ձեռնադրվել է Տարոնի եպիսկոպոս։
Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է Տարոնի եպիսկոպոսը։ Եռանդուն մասնակցություն է ունեցել ժամանակի դավանաբանական վեճերին, պաշտպանել Հայ եկեղեցու դավանանքը քաղկեդոնականների և նեստորականների ոտնձգություններից։ Կոմիտասն իր մասնակցությունն է բերել եկեղեցաքաղաքական պայքարին նմանապես. նրա հանձնարարությամբ են կազմվել ինչպես «Կնիք հաւատոյ» դավանաբանական ժողովածուն, այնպես էլ «Գիրք Թղթոց»-ը։ «Կնիք հաւատոյ» երկը 1914 թ. հրատարակվել է Կարապետ եպիսկոպոսի կողմից համաձայն Երևանի մատենադարանի թիվ 4640 ձեռագրի (ԺԵ դար)։
Կոմիտասի անունով մեզ են հասել երկու թղթեր։ Առաջին թուղթը «Վասն հաւատոյ» (615 թ.), գրված է Պարսկաստանի եպիսկոպոսների խնդրանքով։ Այն զետեղված է «Գիրք Թղթոց» ժողովածուի մեջ։ Երկրորդ թուղթը (618 թ.) հղված է Երուսաղեմի տեղապահ Մոդեստոս երեցին։ Թղթի պատճենը զետեղված է Սեբէոսի պատմության մեջ (տե՛ս Սեբէոս «Պատմութիւն» Գլուխ ԼԶ 5-28)։ Այստեղ Կոմիտաս կաթողիկոսը իր ուրախությունն է հայտնում ցավալի ընդմիջումից (Երուսաղեմի 614 թ. ավերումից) հետո Հայ Եկեղեցու և Երուսաղեմի միջև վերափոխված հարաբերությունների կապակցությամբ։ Թուղթը շարադրված է քրիստոնեական մխիթարության դասական ավանդների փայլուն իմացությամբ սուրբգրային վկայությունների տեղին օգտագործումով։
Ծավալել է շինարարական և հոգևոր-մշակութային գործունեություն (դրանից էլ՝ Շինող մականունը)։ Ավարտին է հասցրել Դվինի Սբ. Գրիգոր եկեղեցու շինարարությունը, հիմնանորոգել է Վաղարշապատի Սբ. Էջմիածին Կաթողիկեն, 618-ին կառուցել է Էջմիածնի Սբ. Հռիփսիմե վանքը (Գրիգոր Լուսավորչի հիմնած նախկին Վկայարանի տեղում), հետամուտ եղել Սյունյաց, Արշարունյաց, Դվինի կաթողիկոսարանի, Էջմիածնի վանքի, Մայրավանքի դպրոցների, Շիրակի դպրեվանքի և այլ հոգևոր-կրթական կենտրոնների զարգացմանը։
Ս. Հռիփսիմեի տաճարի արևելյան խորշի մեջ Կոմիտաս Աղցեցին թողել է շինարարական արձանագրություն. «Քրիստոս Աստուած, յիշեա զԿոմիտաս Հայոց կաթողիկոս՝ շինող սրբոյ Հռիփսիմէի»։
Կոմիտաս Ա Աղցեցին նաև բանաստեղծ-երաժիշտ էր, հայ շարականերգության նշանավոր ներկայացուցիչներից։ Հայտնի է նրա Սբ. Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված կանոնի օրհնությունը՝ «Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարականը։ Սա ամենայն հավանականությամբ գրվել է նավակատիքի՝ տաճարի բացման արարողության կապակցությամբ՝ ոգեկոչելով Հռիփսիմյան կույսերի հիշատակը։
Կաթողիկոսական գահին Կոմիտաս Ա Աղցեցուն նախորդել է Աբրահամ Ա Աղբաթանեցին, հաջորդել՝ Քրիստափոր Բ Ապահունին։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմիտաս կաթողիկոս, Կնիք հաւատոյ,- «Մատենագիրք Հայոց, Դ հատոր, Է դար, Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ 49-311։
- Կնիք հաւատոյ ընդհանուր սուրբ եկեղեցւոյ յուղղափառ և ս. հոգեկիր հարցն մերոց դաւանութեանց, յաւուրս Կոմիտաս կաթուղիկոսի համահաւաքեալ, հրատարակութիւն Կարապետ եպիսկոպոսի, Ս. Էջմիածին, 1914 (լուսատիպ վերահրատարակութիւնը տե՛ս Catholicos Komitas, Le Sceau de la foi, réimpression anastatique, édition Peeters-Louvain, 1974 (Հայկական Մատենաշար Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան) և Անթիլիաս-Լիբանան, 1998)։
- Թուղթ Կոմիտասայ Հայոց կաթողիկոսի ի Պարսս, - «Մատենագիրք Հայոց, Դ հատոր, Է դար, Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ 327-333։
- Կոմիտասայ Հայոց կաթողիկոսի վիճաբանութիւն վասն հաւատոյ եւ կարգաց եկեղեցւոյ եւ վասն տնաւրէնութեան բանին,- «Մատենագիրք Հայոց», Դ հատոր, Է դար, Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ 312-326։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիրք Թղթոց, էջ 400-413։
- Կնիք հաւատոյ ընդհանուր սուրբ եկեղեցւոյ յուղղափառ և ս. հոգեկիր հարցն մերոց դաւանութեանց, յաւուրս Կոմիտաս կաթուղիկոսի համահաւաքեալ, հրատարակութիւն Կարապետ եպիսկոպոսի, Ս. Էջմիածին, 1914 (լուսատիպ վերահրատարակութիւնը տե՛ս Catholicos Komitas, Le Sceau de la foi, réimpression anastatique, édition Peeters-Louvain, 1974 (Հայկական Մատենաշար Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան) և Անթիլիաս-Լիբանան, 1998)։
- Գ. Յակոբեան, Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականը, - «Էջմիածին», 1976, թիւ 1, էջ 25-30։
- Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ արմատ հաւատոյ, Երեւան, 1998։
- Յարութիւն Փալանճեան, Կնիք հաւատոյ բնագրին բառացանկ, Անթիլիաս-Լիբանան, 1999։
- Ընտրանի հայ եկեղեցական մատենագրութեան, աշխատասիրութեամբ Պ. Խաչատրեանի և Յ. Քէոսէեանի, Ս. Էջմիածին, 2003, էջ 179-187։
- Գրիգոր Փիտէճեան, «Անձինք նուիրեալք» շարականը, Նիւ-Եորք, 2003։
- J. Leban, Les citations patristiques grecques du "Sceau de la foi", - Revue d'histoire ecclésiastique, 1929, 25, pp. 5–32.
- Ch. Renoux, Le "Sceau de la Foi"։ une lacune en partie comblée, Հանդէս ամսօրեայ, 1987, էջ 285-294։
- M. van Esbroek, L'encyclique de Komitas et la réponse de Mar Maroutha (617), - "Oriens Christianus", 2001, 85, pp. 162–175.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմիտաս Ա Աղցեցի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 541)։ |
Նախորդող՝ Աբրահամ Ա Աղբաթանեցի |
Կաթողիկոս 613–628 |
Հաջորդող՝ Քրիստափոր Բ Ապահունի |
|