Հերբերտ Ուելս
Հերբերտ Ջորջ Ուելս (անգլ.՝ Herbert George Wells, սեպտեմբերի 21, 1866[1][2][3][…], Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][5] - օգոստոսի 13, 1946[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի գրող, հրապարակախոս։ «Ժամանակի մեքենան», «Անտեսանելի մարդը», «Աշխարհների պատերազմը» և գիտաֆանտաստիկ այլ վեպերի հեղինակ, քննադատական ռեալիզմ գրական ուղղության ներկայացուցիչ, ֆաբիուսական սոցիալիզմի կողմնակից։ Ուելսի ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են հայերեն[6][7][8][9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտի հայրն ու մայրը սկզբում աշխատում էին մի հարուստ կալվածքում որպես այգեպան և նաժիշտ։ Որոշ ժամանակ անց կարողացան հախճապակե իրերի կրպակի տեր դառնալ, բայց առևտուրը շահույթ գրեթե չէր ապահովում, և ընտանիքը իր ապրուստը հիմնականում հոգում էր այն փողերով, որ շահում էր պրոֆեսիոնալ խաղացող հայրը կրիկետի մրցախաղերում տարած հաղթանակների շնորհիվ։ Երբ տղան ութ տարեկան էր, «բախտի բերմամբ» /իր արտահայտությունն է/ կոտրեց ոտքը և երկար ժամանակ հարկադրված էր փակված մնալ տանը։ Հենց այս ժամանակ էլ տարվեց ընթերցանությամբ։ Ութ տարեկան հասակում էլ ընդունվեց միսթր Թոմաս Մորլեյի առևտրական ակադեմիան, որտեղ վաճառականի մասնագիտություն էր ձեռք բերելու։ Բայց երբ Հերբերտը տասներեք տարեկան էր, հայրը կոտրեց ազդրը, այլևս ի վիճակի չէր մասնակցելու կրիկետի մրցախաղերի, և տղան ստիպված էր ինքնուրույն կյանք սկսել։ Կարողացավ հաղթահարել նյութական դժվարությունները, կրթություն ստանալ Լոնդոնի համալսարանի արքայական քոլեջում, որն ավարտեց 1888 թվականին։ Դրան հաջորդած երեք տարում երկու գիտական աստիճան ստացավ կենսաբանության գծով, իսկ 1942 թվականին նրան շնորհվեց նաև գիտությունների դոկտորի աստիճան։
Եղել է մանուֆակտուրայի վաճառականի աշկերտ, դեղատան վաճառող, դպրոցի ուսուցիչ, ճշգրիտ գիտությունների դասախոս և անվանի կենսաբան Թոմաս Հաքսլիի օգնական։ 1893 թվականին անցել է լրագրողական աշխատանքի։ Հրատարակել է կենսաբանության և ֆիզիոգրաֆիայի դասագրքեր, 1930 թվականին՝ «Կյանքի գիտությունը» (հատոր 1-3, Զ․ Հաքսլիի հեղինակակցությամբ) հանրամատչելի գիրքը։ «Ժամանակի մեքենան» (1895) վեպով սկզբնավորել է 20-րդ դարի գիտական ֆանտաստիկան։
1900 թվականից Ուելսը հանդես է եկել կանխորոշող և ուտոպիական երկերով («Կանխատեսում», 1901, տրակտատ)։ Ուելսի գաղափարախոսության հիմքը լուսավորականությունն է։ Սակայն «Ուիլյամ Քլիսոլդի աշխարհը» (1926) վեպ-տրակտատում և «Լեգալ դավադրություն» (1928) տրակտատում նա իր տեսությունները տրամագծորեն հակադրել է մարքսիզմին։
1903-1909 թվականներին անդամակցել է «ֆաբիուսականների ընկերությանը», ովքեր հանդես էին գալիս քաղաքականության, գիտության մեջ, հասարակական կյանքում աստիճանական, զգուշավոր փոփոխությունների օգտին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ուելսը եղել է պատերազմական պրոպագանդայի գործուն մասնակից («Պատերազմ, որը վերջ կտա պատերազմներին», 1914)։ Նոր կրոնի՝ որպես մարդկության վերադաստիարակության միջոցի պրոպագանդմանն են նվիրված «Պատմության ակնարկ» (1920), «Պատմության համառոտ ակնարկ» (1922) և պատմությանն ու մանկավարժությանը վերաբերող այլ աշխատություններ։ 1923 թվականին հրատարակել է «Մարդիկ որպես աստվածներ» լուսավորական վեպ–ուտոպիան։ «Նախօրեին» (1927) վեպով Ուելսը հակաֆաշիստական ակտիվ դիրք է գրավել։
Նրա երգիծական արտակարգ վարպետությունն է դրսևորված 1920-1930-ական թվականներին գրած վեպերում։ Ուելսը երեք անգամ այցելել է Ռուսաստան (1914, 1920 և 1934)։ Վլադիմիր Իլիչ Լենինի հետ նրա հանդիպումը (1920 թվական հոկտոկտեմբերի 6) լայնորեն հայտնի է դարձել «Ռուսաստանը մշուշի մեջ» (1920, հայերեն հրատարակությունը՝ 1960) գրքի շնորհիվ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն ԽՍՀՄ-ի։ Ուելսը քննադատական ռեալիզմի շատ խոշոր վարպետ է, նշանակալի ավանդ ունի համընդհանուր գրական պրոցեսում։ Հերբերտ Ջորջ Ուելսը մահացել է 13․8․1946, Լոնդոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Nicholson N. C. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Уэллс Герберт Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Անտառի գանձը / : [Պատմվածքներ] / Հ.Ջ. Ուելս; Թարգմ.՝ Հ. Զարյան; Խմբ.՝ Ա.Ղուկասյան. - Երևան։ Հայպետհրատ, 1962. - 41 էջ
- ↑ Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում / Հ. Ուելս; Թարգմ.՝ Հ. Բուջիկանյան; Ստ. Ալաջաջյան; Խմբ.՝ Օ. Սանահյան. - Երևան։ Հայպետհրատ, 1959. - 446 էջ։
- ↑ Ռուսաստանը մշուշի մեջ։ [Ակնարկ] / Հ. Ուելս; Առաջաբ.՝ Գ. Կրժիժանովսկի; Ռուս. թարգմ.՝ Հ. Հարությունյան. - Երևան։ Հայպետհրատ, 1960. - 112 էջ
- ↑ Դոկտոր Մորոյի կղզին / Հ. Ուելս; Թարգմ.` Սևակ Ղազարյան. - Երևան, Դարակ, 2021. - 184 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերբերտ Ուելսի ստեղծագործությունների աուդիոտարբերակը
- Հերբերտ Ուելսը էլեկտրոնային գրադարանում
- Ուելսի «Ռուսաստանը մշուշի մեջ» վեպը հայերեն թարգմանությամբ
- Հերբերտ Ուելսը standardebooks.org֊ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Ուելս» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Օգոստոսի 13 մահեր
- 1946 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- 19-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի հրապարակախոսներ
- Բրիտանացի հումանիստներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Գիտության փիլիսոփաներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Կրոնների քննադատներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Վիկտորյական դարաշրջանի անձինք
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց
- Գրականության պատմություն
- Ֆուտուրոլոգներ
- Անգլիացի սոցիալիստներ
- Անգլիացի կենսաբաններ
- Անգլիացի աթեիստներ
- Բրիտանացի հասարակագետներ
- Հակաթեիզմ