Ճագարներ (լատին․՝ Oryctolagus cuniculus), նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը։ Մարմնի երկարությունը 35-45 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ 1,3-2,2 կգ։ Գույնը՝ գորշ մոխրագույն։ Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 3-9 ձագ)։ Սնվում է հիմնականում խոտաբույսերով։ Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում։ Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։