Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ճշմարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճշմարտությունը մարդու կողմից ստեղծված մեծագույն արժեքներից է։ Փիլիսոփայության պատմության մեջ ճշմարտության հիմնախնդրին միանշանակ իմաստավորում չի տրվել։ Ի սկզբանե փիլիսոփայության երկու հիմնական ուղղությունները՝ մատերիալիզմը և իդեալիզմը հարցին մոտեցել են տարբեր տեսանկյունից։ Անտիկ դարաշրջանում մատերիալիստ մտածողներ Դեմոկրիտեսը, Էպիկուրը և այլք ճշմարտությունը դիտել են որպես գիտելիքների համապատասխանությունը իրերի բնույթին։ Իսկ իդեալիստ մտածողներ Պարմենիդեսը, Պլատոնը ճշմարտությունը համարում էին վերզգայական հավերժ գաղափար։ Արիստոտելը ճշմարտություն էր դիտում իդեալական ձևերի հետ մտածողության համապատասխանությունը։ Այդպիսի ճշմարտություն մարդը ձեռք է բերում գոյություն ունեցող իրերն ընկալելու միջոցով։ Այսինքն՝ մարդու զգայությունների, պատկերացումների, մտքերի համապատասխանությունը առարկաների հատկություններին դրսևորվում է որպես ճշմարտություն։ Միջին դարերում ավարտուն, անհերքելի ճշմարտություն է համարվում կրոնական դոգմաների բովանդակությունը, աստծո բնույթի և էության վերաբերյալ եկեղեցու հայրերի պատկերացումները, սուրբ գրքերի շարադրանքը։ Թ. Աքվինացու, Օգոստինոսի համոզմամբ՝ այդպիսի ճշմարտությունները բնածին են և անկասկածելի։ Աքվինացու համոզմամբ՝ ճշմարտությունն իրերի բովանդակության համապատասխանությունն է աստվածային բանականության հետ։ Իսկ հավատը համարվում է գերբնական ճշմարտություն։ Ճշմարտության ըմբռնման հարցում զգալի զանազանություն է նկատվում օբյեկտիվ և սուբյեկտիվ իդեալիզմի դիրքորոշումներում։ Օբյեկտիվ իդեալիստների համոզմամբ, ճշմարտությունը իդեալական գոյերի հավերժ, անփոփոխ, ժամանակից դուրս գտնվող հատկություն է։ Այդպիսի ըմբռնման տեսանկյունից, ճշմարտությունը դիտվում է որպես ճանաչողությունից անկախ գոյություն ունեցող իդեալական գոյերի հատկություն։ Այստեղ ճշմարտության դատողությունները համարվում են բնածին գաղափարներ։ Նման համոզմունքներ զարգացրել են Պլատոնը, Օգոստինոսը, հեգելը և այլք։ Սուբյեկտիվ իդեալիստները (Բերկլի, Հյում, Կանտ) ճշմարտությունը դիտում են որպես ինքն իր համաձայնության մեջ գտնվող անձի հատկություն։ Նման համոզմունքներում ճշմարտություն է դիտվում մտածողության համապատասխանությունը անձի զգայություններին։ 17-18-րդ դարերում սենսուալիստ մտածողներ Ֆ. Բեկոնը, Ջ. Լոկը, Հելվեցիուսը ճշմարտությունը նույնացնում էին մարդկային զգայությունների բովանդակության հետ։ Իսկ ռացիոնալիստ մտածողներ Դեկարտի, Սպինոզայի, Լայբնիցի հայացքներում ճշմարտություն էր դիտվում ինտելեկտուալ ինտուիցիայի միջոցով ձեռք բերված գիտելիքը։ Ճշմարտության հիմնախնդրին յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում պրագմատիկները Ջեյմսը, Պիրսը։ Պիրսի համոզմամբ՝ ճշմարտությունը գաղափարների ու գործողությունների համապատասխանությունն է Ճշմարտություն՝ գաղափար, որը համապատասխանում է օբեկտիվ/անաչառ/ իրականությանը։ Սուբյեկտի կողմից իրականության համապատասխան արտացոլումն է։ Ճշմարտությունն իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ։ Ճշմարտության չափանիշները դիտարկվում են ճանաչողության տեսության՝ գնեսեոլոգիայի շրջանակներում։ Գնեսեոլոգիան փիլիսոփայության այն բաժինն է, որն ուսումնասիրում է ճանաչողական գործունեության ընթացքում սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերությունները, գիտելիքի և իրականության հարաբերակցությունը, մարդու կողմից աշխարհի ճանաչման հնարավորությունները, ճշմարտության չափանիշներն ու գիտելիքի հավաստիությունը։

Իդեալիստական փիլիսոփայության համակարգերում ճշմարտությունը համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն /Պլատոն/, բանականության բնածին հատկանիշ /Դեկարտ/ կամ մտքի ապրիորի ձև /Կանտ/։ Ըստ դիալեկտիկական ըմբռնման՝ ճշմարտությունը գիտելիքների ծավալուն գործընթաց է /Հեգել/։ Իսկ պրագմատիզմը ճշմարիտ է համարում այն գիտելիքը, որը գործնականորեն կիրառելի է և ապահովում է հաջողություն։

Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում է այնպիսի կատեգորիա, ինչպիսին է օբյեկտիվ ճշմարտությունը, ինչը մարդուց և մարդկությունից անկախ գիտելիքի բովանդակությունն է։ Կա նաև բացարձակ և հարաբերական ճշմարտություն, ինչը դիալեկտիկական մատերիալիզմի կատեգորիա է։

Ճշմարտություն տերմինն օգտագործվում է նաև ձևական տրամաբանության մեջ։ Գոյություն ունի «տրամաբանական ճշմարտություն», որը հակադրվում է փաստական ճշմարտությանը։ Տրամաբանության մեջ ասույթը համարվում է ճշմարիտ, եթե նրա ձևը համընկնում է կամ որոշ թույլատրելի գործողություններից հետո կարող է համընկնել տրամաբանական օրենքի հետ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ճշմարտություն հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտություն» հոդվածին։