Չայանեկի զորանոցների ճակատամարտ
Թվական | 1939 թ. մարտի 14 |
---|---|
Մասն է | Չեխոսլովակիայի գերմանական ռազմակալում |
Վայր | Ֆրիդեկ-Միստեկ, Չեխոսլովակիա |
Արդյունք | Զորանոցների անցումը գերմանական վերահսկողության տակ |
Հակառակորդներ | |
Երրորդ Ռայխ | Չեխոսլովակիա |
Հրամանատարներ | |
Փաուլ Շթյովեր | Կարել Պավլիկ |
Կողմերի ուժեր | |
1200 զինվոր, 2 զրահամեքենա, 1 հակատանկային թնդանոթ, ականանետեր | 250-300 զինվոր |
Ռազմական կորուստներ | |
6-18 սպանված | 3 վիրավոր |
Ընդհանուր կորուստներ |
Չայանեկի զորանոցների ճակատամարտ կամ Չայանեկի զորանոցների ընդհարում (չեխ․՝ Bitva o Czajankova kasárna, գերմ.՝ Gefecht bei der Czajanek-Kaserne), զինված ընդհարում չեխոսլովակյան և գերմանական զինված ուժերի միջև 1939 թվականի մարտի 14-ին` Չեխոսլովակիայի գերմանական ռազմակալման ընթացքում։ Դա չեխոսլովակյան ուժերի միակ ակտիվ կազմակերպված դիմադրությունն էր նացիստական նվաճողներին 1939 թվականին (չհաշված Մորավսկա Տրժեբովայի միջադեպը, որի փաստացի ապացույցներ չկան)։ Ճակատամարտի պատճառն այն էր, որ նացիստական զորքերը շատ շուտ էին կտրել չեխոսլովակյան հաղորդալարերը և Չայանեկի զորանոցներում տեղաբաշխված զորամիավորումը չէր ստացել մարտի չբռնվելու` վերադաս հրամանատարության հրահանգը։ Զորանոցների դիմադրության հրամանատարն էր կապիտան Կարել Պավլիկը[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չայանեկի զորանոցները գտնվում էին Միստեկում, Յոհան Չայանեկին պատկանած նախկին տեքստիլի գործարանի տարածքում, որը 1933 թվականին ձեռք էր բերել չեխոսլովյան բանակը։ Այն գտնվում էր քաղաքի ծայրամասում, Օստրավիցե գետի վրայի կամրջի մոտ, որն իրար է կապում Ֆրիդեկ և Միստեկ քաղաքները։ Զորամասի տարածքում էին գտնվում երկու չորսհարկանի աղյուսաշեն շենքեր (բուն զորանոցները), շարահրապարակը, մի քանի կցակառույցները։ Դրանք ցանկապատված էին աղյուսե պարսպով[2]։
Ընդհարման օրը զորամասում տեղակայված էր Սիլեզյան 8-րդ գնդի 3-րդ գումարտակը` ոչ լրիվ կազմով։ Այն բաղկացած էր իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ հետևակային և տասներկուերորդ գնդացրային վաշտերից և 2-րդ զրահատանկային գնդի զրահային կիսավաշտից (տանկետների և զրահամեքենաների մեկական դասակ)։ Գումարտակը թերի էր համալրված 1936 և 1937 թվականների զորակոչի թերիության և Սլովակիայի մոտալուտ անկախության նախաշեմին ընդառաջ դասալքած սլովակ զինվորների պատճառով։ Ավելի վաղ դասալքել էին նաև հունգարացի և գերմանացի զինվորները։ Զորամասի ծանր զինատեսակները և զինամթերքի մեծ մասն ավելի վաղ տեղափոխվել էին Ստարիչի ռազմապահեստ։ Զորանոցների զինվորները զինված էին հրացաններով, գնդացիրներով և նռնակներով։ Փամփուշտների մեծ քանակություն կրակվել էր ընդհարմանը նախորդած օրերին` ուսումնական հրաձգության ընթացքում։ Զորամասում գտնվում էին գումարտակի հրամանատար կայազորապետ գնդապետ Կարել Շտեպինան, տասներկուերորդ գնդացրային վաշտի հրամանատար կապիտան Կարել Պավլիկը, զրահային կիսավաշտի հրամանատար պոդպորուչիկ Վլադիմիր Հեյնիշը, հերթապահ սպա պորուչիկ Կարել Մարտինեկը, մի քանի կրտսեր սպաներ և զինվորներ, ընդհանուր առմամբ` մոտ 300 հոգի[3]։
Գերմանական բանակի 8-րդ հետևակային դիվիզիայի 84-րդ գնդի երկրորդ գումարտակի երկու շարասյուներ գնդապետ Փաուլ Շթյովերի գլխավորությամբ քաղաք են մտել հարավից։ Դրանք սահմանը հատել են Պրիբորում և մոտ 18։00 արևելքից մոտեցել Միստեկին[4][5]։ Քաղաքի կարևոր հենակետերն զբաղեցնելուց հետո գերմանացիները մոտեցել են Չայանեկի զորանոցներին։
Մարտի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ գերմանացիները հասել են Չայանեկի զորանոցներին, գերմանացի սպաներից մեկը մոտեցել է ժամապահներին և առաջարկել հանձնել իրենց զենքը և կանչել հերթապահ սպային։ Երբ ժամապահները գերմանացի սպային հրահանգել են կանգնել, նա հանել է իր ատրճանակը։ Սկսվել է փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել է սվոբոդնիկ Բոհուսլավ Պրիբիլան և սպանվել գերմանացի սպան[6]։ Այդ պահին կապիտան Կարել Պավլիկը դասընթաց էր վարում հնարավոր հակառակորդի լեզվի` լեհերենի թեմայով։ Երբ լսվել են կրակոցները, հերթապահ սպա Կարել Մարտինեկը հայտարարել է մարտական տագնապ։ Հրացաններով և գնդացիրներով զինված իր զինվորներին նա տեղակայել է պատուհանների մոտ և հրամայել կրակ բացել։ Այդ ընթացքում զորամասի հրամանատար գնդապետ Կարել Շտեպինան փորձում էր կապ հաստատել հրամանատարության հետ։ Զորամասի հրամանատարությունը ստանձնում է Պավլիկը[7]։
Գերմանացիների առաջին հարձակումը ձախողվել է։ Անպատրաստության պատճառով նրանք կրել են զգալի կորուստներ։ Առաջին գրոհի ձախողումից հետո գերմանացիներն սկսել են ականանետերով ականակոծել զորանոցների տարածքը և զորանոցի մոտ են կենտրոնացրել զրահամեքենաներ։ Գերմանացիներն օգտագործել են նաև կուրացնող լուսարձակներ։ Զորանոցների շինություններն ամրաշեն էին և շատ չեն տուժել ականակոծությունից։ Պատասխան կրակով ոչնչացվել է զրահամեքենան և սպանվել դրա վարորդը։ Չեխերը, զգալով, որ իրենց զինամթերքն սպառվում է, սկսել են անկանոն կրակահերթեր արձակել` ստեղծելով զանգվածային կրակի տպավորություն։ Մարտն սկսվելուց մոտ կես ժամ անց Շտեպինան կապ է հաստատել գնդապետ Ֆլորիան Էլիաշի հետ և հրաման ստացել դադարեցնել դիմադրությունն ու հանձնվել։ Շտեպինան ազդանշանի միջոցով տեղեկացրել է հանձնվելու մասին։ Բանակցությունները վարել է պորուչիկ Մարտինեկը[3][8]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեխ սպաներին գերմանացիները կալանավորել են, իսկ զինվորներին թույլատրել են վերադառնալ զորանոցներ` գերմանացի զինվորների վերահսկողության տակ։ Սպաներն ազատ են արձակվել մի քանի ժամից, իսկ զինվորները` մի քանի օրից[6]։ Ի նշան հարգանքի` Կարել Պավլիկից չեն առգրավել իր ատրճանակը[9]։
Զորանոցների պաշտպաններից շատերը հետագայում հարել են հականացիստական շարժմանը։ Կապիտան Կարել Պավլիկը ձերբակալվել է 1942 թվականին և տեղափոխվել Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբար, որտեղ հարցաքննվել և գնդակահարվել է 1943 թվականին։ Նրա գերեզմանն այդպես էլ չի հայտնաբերվել և նրա խորհրդանշական գերեզմանը Կոստելեց նադ Չերնիմի լեսիում է։ 1947 թվականին նա հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով, իսկ 1999 թվականին հետմահու ստացել է գնդապետի կոչում[10]։ Պորուչիկ Կարել Մարտինեկը ձերբակալվել է 1944 թվականին և ուղարկվել համակենտրոնացման ճամբար։ Պատերազմից հետո ծառայել է չեխոսլովակյան բանակում, 1948 թվականին ձերբակալվել է երկրի կոմունիստական իշխանությունների կողմից։ Մահացել է 1975 թվականին՝ սպիտակարյունությունից[11]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 թվականին Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեշն այցելել է Չայանեկի զորանոցներ և մեծարանքի խոսքերով պատվել ճակատամարտի ողջ մնացած մասնակիցներին[12]։
- 1953 թվականին բեմադրվել է Միլան Յարիշի «Երդում» պիեսը, որի սյուժեն ոգեշնչված է Չայանեկի զորանոցների մարտից[13]։
- 1956 թվականին պիեսի հիման վրա նկարահանվել է Իրժի Սեկվենսի «Անպարտները» ֆիլմը[14]։
- 1970-ականներին զորանոցների տարածքը վերջնականապես ապակառուցապատվել է և 1989 թվականին դրա տարածքում, մարտի 50-ամյակին, տեղադրվել է հուշարձան[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bitva u Czajankových kasáren - ozbrojený střet našich vojáků s německými okupanty
- ↑ Boj o Československo
- ↑ 3,0 3,1 Lenka Habrnálová, 14. březen 1939 ve Frýdku-Místku a jeho paměťv československých a českých dějinách
- ↑ Infanterie-Regiment 84
- ↑ Artillerieführer III 8. Infanterie-Division
- ↑ 6,0 6,1 Rozhovor s posledním žijícím obráncem Czajánkových kasáren
- ↑ Kasárna, která bojovala
- ↑ Zapomínaný hrdina z Czajankových kasáren
- ↑ Březen 1939 - Frýdek - Místek
- ↑ PLUKOVNÍK KAREL PAVLÍK
- ↑ Karel Martinek
- ↑ Od bitvy o Čajánkova kasárna uplynulo devětašedesát let Zdroj: https://fm.denik.cz/zpravy_region/od-bitvy-o-cajankova-kasarna20080316.html
- ↑ Dnes uplyne 105 let od narození spisovatele Milana Jariše
- ↑ Zemřel Jiří Sequens, režisér majora Zemana Zdroj: https://www.denik.cz/umeni/sequens_reziser_film_20080121.html
- ↑ Frýdek≈Místek si připomene 80 let od odporu 8. pěšího pluku proti německé okupaci
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ռուս.) [1]
- (չեխ.) Marek Skřipský. Kasárna, která bojovala Արխիվացված 2020-09-28 Wayback Machine
- (չեխ.) Místek — Czajánkova kasárna
- (չեխ.) [2]
- (չեխ.) Čajánkovy kasárna — symbol národního odporu
- (չեխ.) Petr Tlach. Březen 1939 — Frýdek — Místek Արխիվացված 2012-03-17 Wayback Machine