Պատվաստում (բուսաբանություն)
Պատվաստում, բուսաբուծությունում, բույսերի վեգետատիվ բազմացման ձև, երբ մի բույսի (պատվաստացու) աչքը կամ կտրոնը տեղափոխվում և համաճեցվում է մյուսի (պատվաստակալ) վրա[1]։ Պատվաստացուի և պատվաստակալի կամբիումի շերտերը սերտորեն շփվում են և դրա շնորհիվ տեղի է ունենում լրիվ համաճում։ Առաջանում է միասնական բուսական օրգանիզմ։ Պտղատու տեսակների մշակովի սորտերի մեծ մասը բազմացվում է պատվաստով։ Պատվաստում կիրառվում է նաև բազմամյա բույսերի սորտային առանձնահատկությունների պահպանման նպատակով։
Ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են պատվաստման հարյուրավոր ձևեր, սակայն արտադրության մեջ կիրառվում են ընդամենը 10-15-ը։
Քնած աչքով պատվաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտղատու տնկարաններում ամենատարածված ձևը «քնած աչքով» աչքապատ վաստն է, որը կատարում են միամյա, երկամյա բույսերի կամ ծառի շիվերի վրա օգոստոսից սեպտեմբեր ամիսներին (մշտական ցրտերն սկսվելուց 50-60 օր առաջ)։ Պատվաստակալի վրա սուր դանակով կատարում են T-աձև կտրվածք և որպես պատվաստացու օգտագործում միամյա, հասունացած, 4-6 մմ ից ոչ պակաս հաստության շիվերը։ Շվից աչքն (միջին մասի) անջատում են վահանիկի հետ (երկարությունը՝ 2-2,5 սմ) և տեղավորում վերևից ներքև պատվաստակալի T-աձև կտրվածքի մեջ, ամուր կապում սինթետիկ թաղանթով, ճիլոպով կամ հաստ փափուկ թելով։
Աճող աչքով պատվաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչքապատվաստը «աճող աչքով» կատարում են գարնանային հյութաշարժությունն սկսվելուց հետո, երբ պատվաստակալի կեղևը հեշտությամբ անջատվում է բնափայտից։ Պատվաստման տեխնիկան նույնն է։ Կիրառվում է հիմնականում հարավային շրջաններում (որտեղ վեգետացիայի շրջանը երկար է), առավելապես արագ աճող կորիզապտղավոր ցեղերի համար։
Պատվաստ լեզվակի տակով
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչքապատվաստ կարելի է կատարել նաև «լեզվակի» տակ, երբ պատվաստակալի վրա կեղևը հեռացվում է, թողնելով 5-7 մմ լեզվակ, որտեղ տեղադրվում է աչքը և կապվում։
Կտրոնապատվաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգիների վերապատվաստում (սորտային կազմը բարելավելու, փոշոտիչների բացակայությունը վերացնելու նպատակով և այլն) կատարվում է հիմնականում 2-3 աչք ունեցող միամյա շիվերով՝ կտրոնապատվաստներով։ Կտրոնապատվաստը կատարվում է գարնանը՝ ծառերի հյութաշարժության ընթացքում կամ ամռանը։ Տարածված ձևերից են․ սովորական կտրոնապատվաստ, երբ պատվաստակալը և պատվաստացուն նույն հաստության են։ Երկուսն էլ սուր դանակով կտրում են, պատվաստացուն դնում պատվաստակալի վրա այնպես, որ դրանց կամբիումի շերտերը բոլոր կետերում համընկնեն։ Բարելավված կտրոնապատվաստ, շեղակի կտրվածքի վրա լեզվակ են անում՝ ճեղքելով կտրվածքի մակերեսը երկարության 2/3 մասից։ Լեզվակները իրար են հագցնում, արտաքին մակերեսը ծածկում են այգու մածիկով։ Պատվաստ կեղևի տակ կատարում են պատվաստակալի լրիվ հյութաշարժության ժամանակ՝ հաստ ճյուղի վրա։ Պատվաստակալի ճյուղերը հեռացնում են և մնացած մասի վրա անում 2 սմ երկարության կտրվածք։ Կտրոնի ներքին ծայրը շեղակի կտրում են 2 սմ երկարությամբ, կտրվածքի հակառակ կողմից կեղևը հանում և կտրոնի ծայրը տեղավորում պատվաստակալի կեղևի տակ, ամուր կապում ու ծածկում մածիկով։ Հաստ ճյուղերի վրա կարելի է պատվաստել 2-4 կտրոն։
Լիաճեղք պատվաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիաճեղք պատվաստ (ճեղքապատվաստ) կատարում են հաստ ճյուղերի վրա։ Ճյուղը կտրում են, դանակով ճեղքում 1-4 տեղից։ Պատվաստացու կտրոնի ծայրը սեպաձև 2 կողմից սրացնում են և տեղավորում ճեղքի մեջ, ապա կապում և մածիկ քսում։ Կան նաև պատվաստման այլ տեսակներ՝ պատվաստ տեղադրումով, սեպապատվաստ, կողապատվաս, կամրջապատվաստ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hottes, A.C. (1925). Practical plant propagation: an exposition of the art and science of increasing plants as practiced by the nurseryman, florist and gardener. translated by. New York: A. T. De La Mare Company, Inc.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 173)։ |