Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ռևմատոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոլոգիա (ռևմա[1] և լոգիա), բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է ռևմատիկ հիվանդությունները՝ շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումները, հոդաբորբերը, օստեոարթրոզը և արտահոդային հյուսվածքների ախտահարումները։

Ռևմատոլոգիան սերտորեն առնչվում է նեֆրոլոգիայի, սրտաբանության, արյունաբանության, թոքաբանության և ներքին հիվանդությունների այլ բաժինների հետ, քանի որ շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները կարող են ընթանալ առավելապես երիկամային, սրտային, ուղեղային և այլ համախտանիշներով (սինդրոմներով), իսկ ուսումնասիրվող որոշ ռևմատիկ համախտանիշներ կապված են արյան հիվանդությունների, ուռուցքների և ախտաբանական այլ պրոցեսների հետ։

Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ

Հոդերի ռևմատիկ բորբոքումները նկարագրել է դեռևս Հիպոկրատը։ 2-րդ դարում Կ․ Դալենն առաջարկել է «ռևմատիզմ» տերմինը՝ հենաշարժական ապարատի տարբեր հիվանդությունները նշելու համար։ 17-18-րդ դարերում սկսել են նկարագրել առանձին ռևմատիկ հիվանդություններ։

Թ․ Սիդենհամը առանձնացրել է ռևմատիկ բազմահոդաբորբը (պոլիարթրիտ) և խորեան, անգլիական բժիշկ Վ․ Հեբերդենը (1802) նկարագրել է արթրոզին բնորոշ հանգուցիկները՝ ձեռքերի մատների վրա և այն տարբերակել է հոդատապից (պոդագրայից)։ 19-րդ դարի 30-ական թվականներին ռևմատիզմի ժամանակակից ուսմունքի հիմնադիրներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժ․ Բույոն և ռուս թերապևտ Դ․ Սոկոլսկին (միմյանցից անկախ) կապ հաստատեցին բազմահոդաբորբի և սրտի ախտահարման միջև։

Հետագայում ռևմատիզմի ընդհանուր խմբից անջատեցին ռևմատոիդ հոդաբորբը (ամերիկացի Ա․ Հեռոդ և ֆրանսիացի Ժ․ Շարկո), համակարգային կարմիր գայլախտը (հունգարացի Մ․ Կապոշի), կարծրամաշկությունը (ֆրանսիացի Ե․ Գինտրակ) և այլ հիվանդություններ։

Ս․ Բոտկինը առաջինն է նշել ռևմատիզմի վարակական բնույթը, նկարագրել ռևմատիկ թոքամզաբորբը, երիկամաբորբը (1874-1885)՝ նշելով հիվանդության համակարգային բնույթը։

Դ․ Զախարինն ապացուցել է ռևմատիզմի նոզոլոգիական ինքնուրույնությունը և սալիցիլատներով բուժման արդյունավետությունը (1899), Գ․ Մալկովը նշել է ստրեպտոկոկերի և ըմպանային նշիկների բորբոքումների դերը ռևմատիզմի զարգացման գործում (1900

20-րդ դարում ամերիկացի գիտնականներ Ա․ Կոբեռնը, Ն․ Ստրաժեսկոն, Գ․ Լանգը և ուրիշներ առաջարկել են ռևմատիզմի պատճառագիտության ստրեպտոկոկային տեսությունը։

Ա․ Բոգոմոլեցը առաջ է քաշել շարակցական հյուսվածքի՝ որպես օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներ կատարող ֆիզիոլոգիական համակարգի վերաբերյալ ուսմունքը (1926), Վ․ Տալալաևը բացահայտել է սրտի շարակցական հյուսվածքի ձևաբանական փոփոխությունների փուլերը, գերմանացի գիտնական Ֆ․ Կլինգեն փորձարարական աշխատանքներով բացահայտել է ռևմատիզմի և ռևմատիկ հիվանդությունների ալերգիական բնույթը։

Ախտաբանական պրոցեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաբանական պրոցեսների առաջացման նյարդասնուցողական մեխանիզմների վերաբերյալ Ա․ Սպերանսկու տեսությունը հաստատեց նաև ռևմատիզմի առաջացման գործում նյարդային համակարգի դերը[2]։

20-րդ դարի 2-րդ կեսին ռևմատոլոգիայի առաջընթացին նպաստել են ռևմատիզմի ախտորոշման իմունաբանական և կենսաքիմիական մեթոդների հաջող կիրառումը։

Փսորիազ արթրիտ

Կիրառվում են նաև հետազոտության վիրուսոլոգիական մեթոդներ, նուկլեինաթթուների փոխանակության, հումորալ ու բջջային իմունիտետի խանգարումների և իմունագենետիկական շեղումների ուսումնասիրություններ։

Իմունաճնշիչ բուժման եղանակները (կորտիկոստերոիդներ, ցիտոստատիկ դեղամիջոցներ), զուգակցելով փուլային սկզբունքի հետ (ստացիոնար պոլիկլինիկա), որն ապահովում է այդ պատրաստուկների երկարատև օգտագործումը, բարելավում են ռևմատիկ հիվանդությունների ելքը։

1960-ական թվականներին ռևմատոլոգիան առանձնացվել է որպես բժշկագիտության ինքնուրույն բաժին։ Մի շարք երկրներում կազմակերպվել են ռևմատոլագիայի մասնագիտացված ԳՀԻ-ներ։

1928 թվականներին Մ․ Կոնչալովսկու և Գ․ Դանիշևսկու նախաձեռնությամբ կազմակերպվել է Համամիութենական հակառևմատիզմային կոմիտե, որը 1964 թվականին վերակառուցվել է որպես ռևմատոլոգների համամիութենական ընկերության․ վերջինս ռևմատիզմի դեմ պայքարի Միջազգային լիգայի անդամ է (1928)։ ԽՍՀՄ-ում ռևմատոլոգիայի խնդիրները լուսաբանվում են «Վոպրոսի ռևմատիզմա» («Вопросы ревматизма», 1961 թվականից) ամսագրում։

Հրատարակվում է նաև Միջազգային լիգայի օրգան «Ռևմատոլոջի» («Rheumatology», 1967 թվականից) ամսագիրը։ ՀԽՍՀ-ում ռևմատիզմի տեսական և պրակտիկ հարցերի մշակմամբ զբաղվել են ակադեմիկոս Լ․ Հովհաննիսյանը, պրոֆեսորներ՝ Ա․ Մելիք-Ադամյանը, Ա․ Քաթանյանը, Տ․ Մնացականովը և ուրիշներ (Հայրենական պատերազմի տարիներից սկսած)։

Երևանի Բժշկական Ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում ռևմատիզմի և մեծ կոլագենոզների պատճառագիտության և ախտածագման հյուսվածա- և իմունամորֆոլոգիայի հարցերի վերաբերյալ հետազոտություններ են կատարում պրոֆեսոր Ա․ Բեգլարյանի ղեկավարությամբ։

Երևանի սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիական բաժանմունքում, պրոֆեսոր Ս․ Յոլյանի ղեկավարությամբ, ուսումնասիրվում են ռևմատիզմի, սրտի ձեռքբերովի արատների և սրտամկանի բորբոքման ախտորոշման, բուժման և կանխարգելման խնդիրները։

Ռևմատոլոգիայի գիտագործնական հարցերի ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևմատոլոգիայի գիտագործնական տարբեր հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում են նաև կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտում, բժիշկների կատարելագործման ինստիտուտի մանկաբուժության, Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոններում։ ՀԽՍՀ-ում ստեղծվել է ռևմատոլոգիական ծառայության լայն ցանց, պոլիկլինիկաների և մանկական կոնսուլտացիաների կազմում գործում են ռևմատոլոգիական կաբինետներ, հիվանդանոցների և որոշ ԳՀԻ-ների բազայի վրա ստեղծվել են ռևմատոլոգիական բաժանմունքներ, Արզնի առողջարանում գործում է մանկական ռևմատոլոգիական սանատորիա։ Հանրապետությունում կազմակերպվել են մեծահասակների և մանկական ռևմատոլոգիական կենտրոններ, հիմնվել է ՀԽՍՀ ռևմատոլոգների գիտական ընկերություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ревматология». Малая медицинская энциклопедия. — М.: Медицинская энциклопедия. 1991—96 гг. dic.academic.edu. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  2. Prada Ojeda A, Otón Sánchez MT. Las enfermedades reumatológicas en el niño: características fundamentales que reconocer en una consulta de Atención Primaria. Rev Pediatr Aten Primaria. 2013;15:275-81.

http://www.crosscenter.am/am/diseases/arthritis-arthrosis-coxarthrosis

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Villiger, Peter Matthias [Hrsg.]; Aeschlimann, André։ Rheumatologie in Kürze : klinisches Basiswissen für die Praxis ; 30 Tabellen, 2., komplett überarb. und erw. Aufl., Thieme, Stuttgart, New York 2006, ISBN 978-3-13-112432-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։