Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ալպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպեր
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ավստրիա Ավստրիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իտալիա Իտալիա
Սլովենիա Սլովենիա
Մոնակո Մոնակո
Լիխտենշտայն Լիխտենշտայն
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Նյութմագմատիկ ապարներ, Ֆլիշ, Մոլասներ, փոխակերպված ապար և նստվածքային ապար
Բարձրություն (ԲԾՄ)4810,9 մետր
Երկարություն1200 կմ
Մակերես190 000 կմ²
Մեծագույն գագաթՄոնբլան
Քարտեզ
Քարտեզ

Ալպեր կամ Ալպյան լեռներ (գերմ.՝ Alpen, իտալ.՝ Alpi, ֆր.՝ Alpes, հունարեն՝ Αλπεις, սլովեն.՝ Alpe), կելտական alp բառից, որը նշանակում է «բարձր լեռ», Եվրոպայի ամենաբարձր լեռնաշղթան է։

Ալպերը ուռուցիկ աղեղի նման ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք 1200 կմ։ Լեռներն ունեն սուր, ատամնաձև գագաթներ, որոնք ծածկված են հավերժական ձյունով։

Ատլանտյան օվկիանոսից փչող քամիներն առատ տեղումներ են բերում, ձմռանը լեռներում առատ ձյուն է գալիս։ Լեռներից, վիթխարի սառցային գետերի նման, դանդաղորեն դեպի ներքև են սահում սառցադաշտերը։ Նրանցից սկիզբ են առնում մի շարք վտակներ, որոնք աստիճանաբար դառնում են ջրառատ, արագահոս և սահանքավոր գետեր (Վերին Հռենոս, Ռոն և այլն)։ Լեռնային գետերն օգտագործվում են ջրաէլեկտրակայաններ կառուցելու համար։

Ալպերի արևմտյան մասում գտնվում է Մոնբլանը («Սպիտակ լեռ», 4810 մ)` Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը։

Չնայած այդպիսի բարձրությանը` Ալպերը դժվարանցանելի չէ։ Այն կտրտված է խոր հովիտներով` ինչպես լայնությամբ, այնպես էլ երկարությամբ։ Լեռների միջով փորված թունելներով անցնում են երկաթուղիներ։ Ալպերի շրջանի բնակչությունը բավականին խիտ է։ Վաղ ժամանակներից ի վեր ալպյան լեռնանցքներով են անցնում առևտրական ճանապարհները Միջերկրական ծովից դեպի Կենտրոնական Եվրոպա։ Այդ ճանապարհներին, գետահովիտներում և լճերի մոտերքում, առաջացել են հնադարյան քաղաքներ։

Լեռնային փարթամ մարգագետիններում զարգացած է կաթնատու անասնապահությունը։

Ալպերը հարուստ չէ օգտակար հանածոներով (ծայր հարավ-արևմուտքում կան բոքսիտներ, արևելքում՝ մի քանի մետաղների հանքեր)։

Ալպերը մտնում է 8 երկրի կազմության մեջ. փակագծերում ներկայացված են Ալպերի տոկոսը տվյալ պետության ընդհանուր տարածքից. Լիխտենշտայն (100%), Մոնակո (100%), Ավստրիա (65%), Շվեյցարիա (60%), Սլովենիա (40%), Իտալիա (17%), Ֆրանսիա (7%), Գերմանիա (3%)։

Անվանման ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալպեր» անվան ծագման վերաբերյալ միաձայն ընդունված կարծիք գոյություն չունի:

Ալպեր

Տարբերակներից մեկի համաձայն, լատիներեն Alpes բառը, որը ձևավորվել է Albus (Սպիտակ) անունից, կիրառվում էր դեռ Ք. ա. 1-ին դարում լեռները ծնածածկ լինելու պատճառով։ Մեկ այլ աղբյուրի համաձայն անվան ծագումը առաջացել է Al կամ Ar բառերից, որը նշանակում է բարձրալեռնային տեղանք։ Alpe բառը ժամանակակից ֆրանսերենում և իտալերենում նշանակում է Լեռնագագաթ, ինչպես նաև գերմաներենում։

Alpeisկամ Alpesբառերը, Հին Բյուզանդիայի և Հին Հունաստանի մտածողների մոտ բարձր լեռներ և լեռնային զանգվածներ նշանակությունն ունեին։ Մասնավորապես, VI դարի բյուզանդական պատմաբան և գրող Պրոկոպիոս Կեսարացին, Ալպերն ու Պիրենեյները իր ստեղծագործություններում անվանում է մեկ անունով՝ Geminas Alpeis: Այլ լեռներ կոչվեցին նաև նմանատիպ անուններով՝ (Կարպատները՝ Basternikae Alpes): Անփոփոխ ձևով այս բառը պահպանվում է ժամանակակից հունարենում՝ Άλπεις (Alpeis).

Կելտերենում էլ գոյություն ունի Alpes բառը, որը կելտեր անվանում էին բոլոր բարձր լեռներին։ Հետագայում այն ձևափոխվեց անգլերենում՝ Alps: Ենթադրվում է, որ կելտերին հայտնվել է Հռոմեական կայսրությունից։

Ալպերի երկրաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացի գիտնականները 18-րդ դարի սկզբին Ալպերի ծագումը և կառուցվածքը ուսումնասիրելու հարցում սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել։

Ալպերը առաջին լեռնային համակարգերից են, որը սկսել են համակարգված և մանրամասնությամբ հետազոտել։ Լեռների հետազոտման առաջընթացի արդյունքում հայտնվեցին մի քանի հիմնական երկրաբանական գաղափարներ։ 19-րդ դարի կեսերին լեռնային համակարգերի «կառուցվածք» բացատրության մեջ կիրառվեց գեոսինկլինալ հասկացությունը։

20-րդ դարի 60-ական թվականներին հերթը տեկտոնական սալերինն էր, որը ծնվեց օվկիանոսի երկրաբանության նոր հայտնագործությունների հետ միասին։ Այս տեսությունը հիմք հանդիսացավ էվոլյուցիայի ներկայիս պատկերացումների համար:[1]

Լեռնաշղթայի ձևավորման գործընթացը կարելի է բաժանել մի քանի փուլերի։

Ալպերի խորքերում, ամենահին ապարների հետազոտությունը, մասնավորապես ցիրկոնիումի, ցույց է տալիս, որ դրանք ձևավորվել են Պրոտերոզոյան դարաշրջանի վերջին՝ Քեմբրի ժամանակաշրջանի սկզբին (մոտավորապես 540 միլիոն տարի առաջ)։ Ալպերի տարածքում երբեմն հանդիպում են Քեմբրի ժամանակաշրջանի քարացրոններ։ Այս ժամանակ էլ Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքները մոտենում էին իրար։ Մինչև Պերմի ժամանակաշրջանը տեղի է ունեցել լեռնային ապարների կառուցվածքի ձևավորում, որոնք այսօր ընկած են Ալպյան լեռների տակ։ Այս ժանակաշրջանում սկսեց առաջանալ Հերցինյան ծալքավորությունը[2]։

Պանգեյա գերմայրցամաքի ձևավորումը ավարտվել է Քարածխային ժամանակաշրջանի վերջում, Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքների բախման արդյունքում:Ժամանակակից Ալպերը գտնվել են երկու տեկտոնական սալերի միջև, Պալեոթետիս հնագույն օվկիանոսի հատակում:а[1][3][4]: Վաղ Պերմի ժամանակաշրջանը բնութագրվում է բարձր հրախականության ակտիվությամբ, որը քամու և տեղումների միաժամանակյա ազդեցությամբ բերեց Հերցինյան ծալքավորության քայքայմանը։ [3]

Յուրայի ժամանակաշրջանում (շուրջ 150 մլն. տարի առաջ), համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի կտրուկ իջեցման արդյունքում Պարաթետիսից հեռացավ ժամանակակից Հարավային Ալպերից, թողնելով այս շրջաններին բնորոշ կրաքարի նստվածքներ։ Այս ժամանակ Աֆրիկայից դեպի Եվրոպա սկսեց շարժվել Ադրիատիկական սալը, որը Հարավային Ալպերում բերեց օվկիանոսային իջվածքների առաջացմանը։ Ներկայումս էլ այդ սալը շարունակվում է շարժվել դեպի Եվրոպա[3][5]։

Շուրջ 60 միլիոն տարի առաջ, Կավճի ժամանակաշրջանում սկսեց լեռնային համակարգի ձևավորումը։ Սկզբից գործընթացը սկսվեց Ալպերի արևելաավստրիական հատվածում, այնուհետև, աստիճանաբար շարժվեց դեպի հարավ։ Այս գործընթացը ստացավ Ալպյան լեռնակազմություն անվանումը[6]։ Առանձնացնում են Ալպերի երեք հիմնական տարածաշրջան, հայտնված լեռնային զանգվածը, որոնք տարբերվում են կառուցվածքով և երկրաբանական կազմությամբ, արդյունքում ձևավորեցին Արևմտյան, Արևելյան և Հարավային Ալպերը[7]։

Արևմտյան Ալպերը իրենցից ներկայացնում են Ալպերի ամենաերիտասարդ շրջանը Կայնոզոյան նստվածքներով, բարձր ու սուր պիկերով, բյուրեղային (գնեյս, փայլարավոր թերթաքար) և մետամորֆային (քվարց-ֆիլիտային թերթաքարեր) ապարներով։

Արևելյան Ալպերը համեմատաբար ցածր են և մեղմաթեք, Մեզոզոյան դարաշրջանի նստվածքներով։ Հարավային Ալպերի նստվաքները պատկանում են Կավճի ժամանակաշրջանին:[6][8]

Փաստացի, Ալպերի կառուցվածքը բաղկացած է եվրոպական, աֆրիկյան և օվկիանոսային ծագման լեռնային ապարների շերտերից[9][6]։

Ալպերի աշխարհագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին ալպյան հովիտ,տիեզերական լուսանկար, Ֆրանսիա:

Ալպերը Եվրոպայի ամենակարևոր կլիմայաբաժանն են համարվում։ Նրանից հյուսիս և արևմուտք տարածվում են ցամաքային կլիմայով տարածքները, իսկ հարավից՝ մերձարևադարձային միջերկրածովային լանդշաֆտները։ Տեղումների տարեկան քանակը արևմտյան և հյուսիսարևմտյան հողմակողմ լանջերին 1500—2000մմ է, երբեմն՝ մինչև 4000 մմ։ Ալպերում են են գտնվում մի շարք խոշոր գետերի ակունքները՝ Հռենոս, Ռոն, Պո, Ադիջե, Դանուբի աջակողմյան վտակները, ինչպես նաև մեծաթիվ լճեր, որոնք ունեն սառցադաշտային և տեկտոնա-սառցադաշտային ծագում՝ Բոդենի, Ժնևի, Կոմո, Լագո- Մաժորե և այլն։

Ալպերը աղեղնաձև տարածվում Ֆրանսիայի հարավում և արևմուտքում, Սլովենիայում՝ արևմուտքից արևելք:

Լավ է արտահայտված լանդշաֆտների վերընթաց գոտիականությունը։ Մինչև 800 մ բարձրության վրա կլիման չափավոր տաք է, հարավային լանջերին՝ միջերկրածովային։ Շատ են խաղողի այգիները, այգիները, գյուղատնտեսական հողահանդակները, միջերկրածովային թփուտները և լայնատերև անտառները։ 800-1800 մ բարձրության վրա կլիման չափավոր է, խոնավ։ Կաղնու և հաճարենու լայնատերև անտառները դեպի վեր աստիճանաբար փոխարինվում են փշատերև անտառների:

2200-2300 մ բարձրության վրա կլիման ցուրտ է, ձնածածկի կայուն տևողությամբ, այսպես կոչված մերձալպյան գոտին։ Գերակշռում են թփերով և բարձրահասակ խոտածածկով մարգագետինները, ամառային արոտավայրերը։ Ավելի բարձր, հավերժական ձյան սահմանին, այսպես կոչված ալպիական գոտին է` ցուրտ կլիմայով, ցածր խոտածածկով ալպիական մարգագետինների գերակշռությամբ, որոնք տարվա մեծ մասը ծածկված են ձյունով։ Ավելի բարձր նիվալ-սառցադաշտային գոտին է՝ սառցադաշտերով ձնածածկ ժայռոտ լեռներով։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերը հանքանյութերի աղբյուր են, որոնք դեռ մի քանի հազար տարի է շահագործվում են մարդու կողմից։ Hallstatt մշակույթի ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 8-6-րդ դարեր) կելտերը արդյունահանում էին պղինձ, իսկ ավելի ուշ հռոմեացիները արդյունահանում էին ոսկի՝ մետաղադրամների համար։ Բացի այդ, Ալպերի շրջանների մեծ մասում կան բյուրեղային այնպիսի հանածոներ, ինչպիսիք են՝ կինաբարիս, մեղեսիկ և կվարց։ Սլովենիայում կինաբարիսի պաշարները համարվում են հումքի տարբեր երանգների գլխավոր աղբյուրները:[4].

Ալպերի շրջանները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արևմտյան Ալպեր
  • Արևելյան Ալպեր
  • Հարավային կրաքարային Ալպեր
  • Հյուսիսային կրաքարային Ալպեր

Բոդենի լճի և Կոմո լճի լայնակի հովիտների միջև Ալպերը բաժանվում են ավելի բարձր Արևմտյան Ալպերի (բարձրությունը մինչև 4808 մ, Մոնբլան լեռնագագաթ) և ավելի ցածր և լայն Արևելյան Ալպերի (բարձրությունը մինչև 4049 մ, Բերնինա լեռնագագաթ

Պետք է նշել, որ ֆրանսական սովորության համաձայն Արևմտյան Ալպերի փոխարեն առանձնացվում են Արևմտյան և Կենտրոնական։ Նման մոդելում Ալպերի երեք մասերի սահմանները գործնականորեն համընկնում են պետական սահմանների հետ։ Արևմտյան Ալպերը հիմնականում հայտնվում են Ֆրանսիայում, Կենտրոնականը՝ Շվեյցարիայում և Արևելյանը՝ Ավստրիայում։ Ստորև Ալպերի հիմնական շրջանների ցանկն է։ Պետք է հաշվի առնել, որ դա պայմանական է, քանի որ տարբեր աղբյուրներ համապատասխան սահմանները սահմանում են տարբեր ձևերով

Ամենաբարձր գագաթները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը Բարձրությունը, մ Տեղադիրքը
Մոնբլան 4810,45 մ Գրայան Ալպեր
Մոնտե-Ռոզա 4634 մ Փենինյան Ալպեր
Դոմ 4545 մ Փենինյան Ալպեր
Վայսհորն 4505 մ Փենինյան Ալպեր
Մատերհորն 4478 м Փենինյան Ալպեր
Գրան-Կոմբեն 4314 մ Փենինյան Ալպեր
Ֆինստերաարհորն 4273 մ Բերնյան Ալպեր
Ալեչհորն 4192 մ Բերնյան Ալպեր
Բար-դեզ-Էկրեն 4102 մ Դոֆինե Ալպեր
Գրան-Պարադիզո 4061 մ Գրայան Ալպեր
Բերնինա 4049 մ Ռետիական Ալպեր
Վայսմիս 4023 մ Փենինյան Ալպեր

Ալպիական գոտու ռելիեֆին բնորոշ է լեռնային սառցադաշտերի զգալի տարածվածությունը։

Լեռներում` ծովի մակերևույթից ավելի քան 3000 մետր բարձրության վրա, ձմռանն ավելի շատ ձյուն է տեղում, քան հալվում։ Այն վայրերում, որտեղ ձյունը ամբողջ տարին կուտակվում է, ձյան ճնշման, վերին շերտի հալվելու և սառչելու պատճառով ձևավորվում է սառցադաշտի հիմքը։ Քանի որ ջուրը հոսում է սառցադաշտի մակերեսի վրայով, աստիճանաբար սառցի շերտերը խորանում են հովտում։ Սառույցը սահում է, ճանապարհին քայքայում է հողերի վերին շերտերը, ճեղքում և իր հետ տեղափոխում է քարերը, ավազը կամ բնահողը։ Սառցադաշտի մակերևույթը ծածկված է տարբեր մեծության ճեղքերով։ Հավերժական ձյան գիծը հյուսիսում տարածվում է 2,5 կմ բարձրության վրա, իսկ հարավում` 3-ից մինչև 3,2 կմ։ Ժամանակակից սառցադաշտի ընդհանուր տարածքը 4140 կմ² է։ Ալպերում գտնվող սառցադաշտերը մոտ 1200 են, ամենամեծը Ալչիականն է, Բերնյան Ալպերում, 169 կմ² տարածքով։ Սառցադաշտերը Ռոնա, Հռենոս և այլ գետերի սնման ակունքներն են։

Ալպիական տեսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալշտատ

2001 թվականին Ալպերում բնակվող բնակչությունը կազմում էր 12 մլն 300 հազար մարդ, մեծ մասը ֆրանսիացիներ, գերմանացիներ և իտալացիներ են։ Գոյություն ունեցող համայնք է համարվում սլովեններինը։

Ալպերում ամենախոշոր քաղաքներից են Գրենոբլը (Ֆրանսիա), 155 100 բնակչությամբ, Ինսբրուկը (Ավստրիա)՝ 127 000 մարդ, Տրենտո (Իտալիա)՝ 116 893 մարդ և Բոլցանոն (Իտալիա)՝ 98 100 մարդ։

Ալպերում հյուսիսից հարավ տարածվում են այն տարածքները, որոնց բնորոշ է բարեխառն կլիմա, իսկ հարավում բնորոշ են մերձարևադարձային միջերկրածովյան լանդշաֆտները։ Ալպերի տարբեր շրջանների կլիման պայմանավորված է բարձրությունից, տեղադիրքից և քամիների ուղղությունից։ Ամռանը Ալպերում լինում են շոգ օրեր, որոնք փոխարինվում են սառը երեկոներով։ Առավոտյան լեռներում սովորաբար արևոտ է, իսկ կեսօրից հավաքվում են ամպեր։ Ձմեռը բերում է հաճախակի ձյան տեղումներ և երկար ժամանակահատվածով ցածր ջերմաստիճաններ։ Ալպերի հյուսիսային կողմում կլիման ավելի սառն է ու խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը ցածր է + 14 °C-ից, հունվարինը` մինչև -15 °C-ը։ Տարեկան տեղումների քանակը 1000 մմ է։ Ձյան ծածկույթը հարթավայրերում տարվա մեջ տևում է մեկ-վեց ամիս։ Ձմռան մեծ մասում հովիտներում շատ են մառախուղները։ Ալպերին բնորոշ են տեղական քամիները։ Դրանցից կարևորը տաք և չոր ֆյոն քամին է, որը ձևավորվում է լեռնալանջերով օդային զանգվածների իջեցման հետևանքով, որն էլ ուղեկցվում է ադիաբատական գործընթացով։ Սա զգալիորեն մեծացնում է տեղական ջերմաստիճանը, ինչը հանգեցնում է ձյան և ձնահյուսերի կտրուկ հալոցքին, որն էլ վտանգավոր է դառնում մարդկանց կյանքի համար և կարող է նույնիսկ շատ շրջաններ կտրվեն արտաքին աշխարհի հետ շփումից։ Միևնույն ժամանակ, ֆյոնը պայմաններ է ստեղծում ավելի բարձր բարձրություններում գյուղատնտեսության համար, քանի որ շատ վայրերում այդ բարձրություններում այն գոյություն չունի։

Աստղազարդ երկինք Ալպերում

Ալպերի կլիման և հողային ծածկույթը հստակորեն ենթարկվում է վերընթաց կամ ուղղաձիգ գոտիականության։ Ալպերում տարածվում են հինգ կլիմայական գոտիներ։ Կլիման, բուսական և կենդանական աշխարհը տարբեր կլիմայական գոտիներում տարբեր են։ Լեռնազանգվածի 3000 մ բարձրությունից վեր գոտին կոչվում է սառցային զոնա։ Սա այն գոտին է, որն ունի սառը կլիմա, մշտապես ածկված է բազմամյա ձյան շերտով։ Այդ պատճառով էլ այն զորկ է բուսականությունից։ Ալպյան մարգագետինները տարածվում են 2000 մինչև 3000 մետր բարձրության վրա։ Այս գոտին համարվում է համեմատաբար քիչ սառը, քան սառցայինը։ Ալպյան մարգագետիններին բնորոշ են յուրահատուկ, կարճահասակ և «բարձիկանման բույսեր»։ Սա մոտեցնում է տունդրա էկոհամակարգի տիպին, որի շնորհիվ էլ ալպիական մարգագետինները անվանում են նաև «լեռնային տունդրա»։

Սուվորովy 1799 թվականին անցել է Ալպերով

Ալպյան գոտուց ցած` 1500 մինչև 2000 մետր բարձրության վրա, տարածվում է մերձալպյան գոտին։ Մերձալպյան գոտում աճում են եղևնու անտառներ։ Ջերմաստիճանն այստեղ աստիճանաբար բարձրանում է։ Ալպյան գոտում ջերմաստիճանը ամռանը` արևոտ օրերին բարձրանում է մինչև + 24 °C և սովորաբար չի հասնում + 16 °C: Ցրտահարություններ հնարավոր են տարվա ցանկացած եղանակին։

1000 մինչև 1500 մետր բարձրության վրա տարածվում է բարեխառն գոտին։ Այս զոնայում աճում են միլիոնավոր կաղնի ծառատեսակ։ Այստեղ զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ։ 1000 մետրից ցածր՝ հարթավայրերիում, բնորոշ է բուսական աշխարհի մեծ բազմազանությունը։ Գյուղերը գտնվում են ցածրադիր շրջաններում, քանի որ այստեղ ջերմաստիճանային ռեժիմը հարմար է մարդկանց և կենդանիների բնակեցման համար։ 

Ֆլորա և ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերի ֆլորա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպյան լեռների շրջաններում գիտնականները հայտնաբերել են բույսերի 13000 տեսակ[10]։ Ալպիական բույսերը խմբավորված են ըստ միջավայրի և հողերի տիպերի՝ կրաքարային կամ ոչ կրաքարային։ Բույսերը աճում են տարբեր բնական պայմաններում՝ մարգագետիններում, ճահիճներում անտառներում (լայնատերև և փշատերև), ժայռերում և բարձրավանդակներում[11]։ Բարձրադիր գոտիների առկայության պատճառով ալպյան ֆլորայի բազմազանությունը և առանձնահատկությունը հիմնականում կախված է ծովի մակարդակից ունեցած բարձրության։ Ալպերում հանդիպում են ամենատարբեր կենսատոպեր՝ մարգագետիններ, որոնց հովիտները ծածկված են վառ գույների ծաղիկներով, իսկ բարձրալեռնային շրջաններում գերակշռում է համեստ բուսականությունը։ Ծովի մակարդակից 2400 մ բարձրության վրա աճում են փշատերև ծառատեսակներ։ Ավելի վեր, մինչև 3200 մետր, դեռ հանդիպում են գաճաճ ծառատեսակներ։ Ամենահայտնի լեռնային բույսերից է սառցային գորտնուկ կամ սառցային հրանունկը, որը բույսերի մեջ համարվում է ռեկորդակիր և հանդիպում է մինչև 4200 մ բարձրության վրա։ Բույսերի փոքր խմբեր հանդիպում են 2800 մ բարձրության վրա։ Նրանցից շատերը, օրինակ անմոռուկը բարձիկաձև են, որը նրանց պաշտպանում է բարձրադիր շրջաններում ապրող խոտակեր կենդանիներից և խոնավության կորստին։ Այսպիսով, երիտասարդ ընձյուղները նույնպես պաշտպանված են քամուց և ցրտից։ Հայտնի ալպիական առյուծամագիլը ծածկված է սպիտակ մազմզուկների շերտով, որոնց շնորհիվ էլ լավ պահվում է ջերմությունը։

Ալպերի ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերը 30000 տեսակ կենդանիների համար բնակեցման միջավայր է։ Բոլոր կաթնասուններն ամբողջ տարին ապրում են Ալպերում, սակայն նրանցից ոմանք ձմռանը քուն են մտնում։ Ամբողջ տարվա ընթացքում լեռներում մնում են միայն թռչունների որոշ տեսակներ։ Ալպերում ապրող թռչունների առանձին տեսակներ էլ լիովին հարմարվել են այս բավականին անհյուրընկալ միջավայրին։ Օրինակ, ձնային սերինոսը (Oenanthe deserti) բները կառուցում է անտառի սահմանին՝ ժայռերի ճեղքերում, իսկ սնունդը՝ սերմեր և միջատներ, որոնում է լեռան լանջերին։ Ալպիական արջնագռավ (Pyrrocorax graculus) բները կառուցում է ժայռերի վրա, անտառի սահմանից համեմատաբար բարձր։ Ձմռանը ալպիական արջնագռավները մեծ երամ են ձևավորում և հավաքվում զբոսաշրջային բազաների և կայանների շուրջ, որտեղ հիմնականում սնվում են մնացորդներով։ Մայրահավերը (Nucifraga caryocatactes) հատուկ ձևով են պատրաստվում ձմռանը։ Աշնանը այս թռչունը սերմերի և ընկույզի պաշար է հավաքում, որը թաղում է գետնի մեջ։ Մինչև ձմռան գալը մայրահավերը հավաքում են ավելի քան 100 հազարավոր սերմեր, որոնք թաքցնում է շուրջ 25 հազար գաղտնի վայրերում։ Իր զարմանալի հիշողության շնորհիվ, ձմռանը ավելի քան մեկ մետր խորության վրա մայրահավը գտնում է պահեստը:Մայրահավը պահեստարանից սնում է իր ձագերին:Կենդանական աշխարհի պահպանումն ապահովում են Ալպերում գտնվող ազգային պարկերը։

Ալպերով անցնող ճանապարհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն հին ժամանակներում, անկասկած, նախապես կապ էր հաստատվում հարևան տարածքների միջև, ապա ավելի հեռու գտնվողների, և վերջապես, Ալպերի հյուսիսային և հարավային ստորոտների միջև։ Ալպերի ճանապարհները կապված էին անհարմարության և վտանգի հետ, չնայած դրան, նրանց միջով անցնում էին հին ժամանակներից գալիական, կարթագենցիների, հռոմեական և կիմերական զորքերի կողմից։ Նույն ճանապարհներից միջին դարերում օգտվել են նաև գերմանացիները տեղաշարժերի ժամանակ և գերմանական թագավորները՝ հռոմեական արշավների ժամանակ։ Այս ճանապարհները առևտրական ուղիներ էին ծառայում Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Հունգարիայի առևտրական հարաբերությունների համար, ինչպես նաև ուխտավորները ուղևորվում էին դեպի Հռոմ։

Ավտոստրադա Բրեներ լեռնանցքում

Բնապահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերի բնական էկոհամակարգերը երկար ժամանակ անընդհատ ենթարկվել է անթրոպոգեն ազդեցության, այդ իսկ պատճառով էլ անթրոպոգեն լանդշաֆտները շատ քիչ են տարբերվում կիսաբնականից։ Ավելի շատ փոփոխության են ենթարկվել անտառները, որոնք կտրատվել են մշակովի դաշտեր, սալորի տնկիների տնկման և արոտավայրեր դառնալու համար։ Հարավային Ալպերի նախալեռներում, անթրոպոգեն լանդշաֆտի փոխակերպման արդյունքում, սկսեցին աճել թփուտներ՝ գարիգաները, հակված պարբերական հրդեհների։ Մերձծովյան և Հարավային Ալպերի ստորոտներում,Մերկանտուր ազգային պարկում, բնական լանդշաֆտների պահպանության համար, խիստ արգելված է տնտեսական գործունեությունը[12]:. Ամեն տարի լեռնային շրջաններում անտառի խոշոր տարածքներ են կտրվում քարքարոտ ճանապարհների և հանգստի շրջանների շինարարության համար, ինչը վտանգում է լեռների բնական հավասարակշռությունը։ Ծառերը մեծ նշանակություն ունեն հողերի էռոզիայի պայքարի դեմ, իսկ նրանց կոճղերը նվազեցնում են ձնահյուսերի և սելավների վտանգները, երբ 1987 թվականին զոհերի թիվը ավելի քան 20 օրվա ընթացքում գերազանցեց 60-ը։ Անտառների տարածքի կրճատման պատճառը, բացառությամբ ծառահատումների, գործարաններից թունավոր արտանետումներն են և լեռներում ծանր տեխնիկայի օգտագործումն է։ Ծառերը թուլանում և ավելի հեշտ են տրվում հիվանդություններին և փոթորիկներին։ Գիտնականները նշում են, որ ալպիական անտառների մոտ 60-80%-ը ոչնչացվել է։ Շրջակա միջավայրի վատթարացումը բացասաբար է անդրադառնում կենդանիների և բույսերի կյանքի համար։ Բոլոր երկրներում, որտեղ գտնվում Ալպերը, կազմակերպվել են պահպանված տարածքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Graciansky, 2010, էջ 1-2
  2. Piaz, 2003, էջ 178-179
  3. 3,0 3,1 3,2 Piaz, 2003, էջ 179
  4. 4,0 4,1 Shoumatoff, 2001
  5. Schmid, 2004, էջ 97
  6. 6,0 6,1 6,2 Piaz, 2003, էջ 179-180
  7. Schmid, 2004, էջ 99
  8. Schmid, 2004, էջ 97-99
  9. Graciansky, 2010, էջ 29
  10. Chatré, Baptiste, et. al. (2010), 8
  11. Reynolds, Kev. (2012) The Swiss Alps. Cicerone Press. ISBN 978-1-85284-465-3. Стр. 43-45
  12. Снытко В. А., Собисевич А. В. Франко-советский полевой географический симпозиум Альпы - Кавказ // Вестник Академии наук Чеченской Республики. — 2017. — Т. 35, № 2. — С. 93–98.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 187