Բերտրան Ռասել
Բերտրան Արթուր Ուիլյամ Ռասել (անգլ.՝ Bertrand Arthur William Russell, 3rd Earl Russell, մայիսի 18, 1872[1][2][3][…], Թրելեչ, Trellech United, Մոնմութշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - փետրվարի 2, 1970[5][1][2][…], Պենհինդեդրա, Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն[4] և Պենհինդեդրա, Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ։ Խոր հետք է թողել 20-րդ դարի փիլիսոփայական, տրամաբանական, մաթեմատիկական և բնագիտական մտքի զարգացման վրա։ Դեյվիդ Հյումի փիլիսոփայական հայացքների հետևորդ էր։ Ստեղծել է տրամաբանական ատոմիզմի կոնցեպցիան և մշակել է դեսկրիպցիաների տեսությունը։ Հայտնի է որպես հակաֆաշիստական և հակառազմական շարժումների ակտիվ կազմակերպիչ։
Ռասելը Պագոուշյան շարժման նախաձեռնողներից մեկն էր, Ռասել-Այնշթայն մանիֆեստի համահեղինակը[17]։ 1963 թ. ստեղծել է «Խաղաղության հիմնադրամը»։ Ժան-Պոլ Սարտրի հետ համատեղ կազմակերպել է Վիետնամում ԱՄՆ հանցագործությունները հետաքննող միջազգային ատյան։
1950 թ. ստացել է Գրականության Նոբելյան մրցանակը՝ «… ի նշանավորում նրա բազմազան և նշանակալի աշխատությունների, որոնցում նա պաշտպանում է հումանիստական իդեալները և մտքի ազատությունը»[18]։
Հեղինակ է բազմաքանակ քաղաքական հետազոտությունների, որոնք վերաբերում են դեմոկրատիային, մյուս քաղաքական ռեժիմներին, ազատության տեսություններին. մեծ ուշադրություն է դարձրել մարքսիզմի ուսմունքին։ Հայերեն թարգմանվել են Ռասելի «Փիլիսոփայության պրոբլեմները» երկը[19]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական իդեալները, Ռասելի կարծիքով, պետք է հիմնվեն անհատական կյանքի իդեալների վրա։ Քաղաքականության գլխավոր խնդիրը մարդկանց կյանքը աստիճանաբար ավելի լավ ու բարեկեցիկ դարձնելն է։ Քաղաքական ինստիտուտների գործունեությունը պետք է իրականացվի միայն իրենց արդյունավետության տեսանկյունից, այսինքն՝ ինչ են տալիս անհատին։ Ժամանակակից ինստիտուտները հիմնված են սեփականության և իշխանության վրա։ Եթե պատասխանատվությունը համարվում է անհատի ազատության հիմքը, ապա իշխանությունը համարվում է այն գործիքը, որը կարող է աշխատել հանուն բարու, նաև հանուն չարի։ Ըստ Ռասելի՝ դեմոկրատիան լավագույն մեխանիզմն է, որը սահմանափակում է պետության միջամտությունը քաղաքացիների մասնավոր կյանքին։ Հենց պետությունը պետք է ծառայի մարդկանց՝ իր գործունեությունը սահմանափակելով օրենքով։
Իշխանության սոցիալական վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռասելն իր այս աշխատանքը սկսում է հետևյալ հետաքրքիր դատողությամբ․ «Կոնֆուցիոսը, անցնելով Թայ սարերի ստորոտով, տեսնում է դառնորեն լացող մի կնոջ և մոտենում։ Ուսուցիչը հարցնում է նրան.
-Ինչո՞ւ եք այդպես հեկեկում։
Կինը պատասխանում է.
-Ամուսնուս հորը սպանել է վագրը, ամուսնուս նույնպես սպանել է վագրը, որդիս ևս սպանվել է նույն կերպ։
Ուսուցիչը ասում է.
-Իսկ ինչո՞ւ չեք փոխում Ձեր բնակավայրը։
Կինը պատասխանում է.
-Այստեղ կառավարությունը չի կեղեքում մեզ։
Ուսուցիչն այդ ժամանակ ասում է. «Հիշե՛ք, իմ զավակներ, հալածող ու կեղեքող կառավարումը սարսափելի է վագրերից»»։
Այս աշխատության հիմնական թեման այն է, որ կառավարումը չպետք է լինի այնքան ահավոր, որքան վագրը։ Այս պրոբլեմի լուծման հետ կապված՝ ակնհայտ է, որ դեմոկրատիան, եթե այդ պրոբլեմի լրիվ լուծումը չէ, ապա լուծման հիմքն է։ Ամբողջական լուծումն այն է, որ պետք է խուսափել խառնաշփոթություններից քաղաքականության մեջ, ինչը նշանակում է հաշվի նստել տնտեսության հետ, պրոպագանդայի, հոգեբանության, հանգամանքների ազդեցության և դաստիարակության հետ։ Ելնելով սրանից՝ Ռասելն իր դատողությունները բաժանում է 4 մասի՝
- քաղաքական պայմաններ
- տնտեսական գործոններ
- պրոպագանդայի ազդեցություն
- հոգեբանության ազդեցություն և դաստիարակություն
Դեմոկրատիայի առավելությունները նեգատիվ են, այն չի ապահովում լավ կառավարում, չնայած թույլ է տալիս խուսափել դրա չարիքներից։ Ողջ պատմությունը ցույց է տալիս, որ փոքրամասնությունը չի ձգտում հոգ տանել մեծամասնության մասին։ Նման միտում գոյություն է ունեցել միշտ, պահպանվում է նաև հիմա և թույլ է տալիս ենթադրել, որ օլիգարխիան իրականում հրաշալի է, եթե այն բաղկացած է լավ մարդկանցից։ Օրինակ՝ Անգլիայի պատմության մեջ, որը դասավանդում են դպրոցում, կան «լավ» և «վատ» թագավորներ։ Հրեաների օլիգարխիան «վատ» է, նացիստների օլիգարխիան «լավ», ցարական արիստոկրատը «վատ» է, կոմկուսը «լավ» է և այլն։ Նման հակադրությունները մանկական են, բայց երբ երեխան մեծանում է, դառնում քաղաքական լիդեր, նա իր գիտակցության մեջ պահպանում է այդ տարբերությունները և շարունակում է մտածել այնպես, որ «լավը» նրանք են, ովքեր ենթարկվում են հրամաններին, «վատը» նրանք են, ովքեր հրամայում են։ Նման մտածողությունը քաղաքական կյանքը դարձնում է անտանելի։ Այս դեպքում միայն ուժն է ընդունակ որոշելու, որ խումբն է «լավ» և որը «վատ»։ Ոչ մի խմբավորում, իշխանության գալով, չի փորձի հոգ տանել այլ խմբի մասին։ Իսկ սոցիալական կյանքը պահանջում է անաչառություն։ Եվ, երբ կոլեկտիվ գործողությունը դառնում է անհրաժեշտություն, անաչառության միակ պրակտիկ ձևը մեծամասնության կառավարումն է։ Բոլոր դեպքերում, ինչպիսին էլ լինի դեմոկրատիան, այն անհրաժեշտ է և միակ պայմանն է, որը սանձում է իշխանությունը։ Ժամանակակից հզոր պետություններում, եթե անգամ դեմոկրատական է, շարքային քաղաքացին շատ թյուր պատկերացում ունի քաղաքական իշխանության մասին, օրինակ, նա չի կարող որոշել ընտրությունների արդյունքը. հավանական է, որ քաղաքականությունը նա կգնահատի՝ ելնելով իր առօրյա կյանքից։
Ըստ Ռասելի, որքան լայն է քաղաքականության դաշտը, այնքան մեծ քանակությամբ էլեկտորատ է մտահոգվում քվեարկությամբ։ Դա մասնավորապես բացատրվում է նրանով, որ պատասխանատու ընտրությունների ժամանակ պրոպագանդայի վրա ծախսվում են մեծ գումարներ, նաև նրանով, որ ընտրությունների ժամանակ որոշվում են պատերազմի հարցեր և հավանական հակառակորդների հետ հարաբերություններ։
Իսկական դեմոկրատիա, ըստ Ռասելի, հնարավոր է արհմիությունում, որի յուրաքանչյուր ճյուղավորում կարող է բարձրացնել, քննարկման դնել քաղաքականության խրթին հարցեր, անդամներն ունեն հավասար շահեր և փորձ, որը հնարավոր է դարձնում օգտակար բանավեճը։ Հասարակական պրոբլեմներն ընդգրկում են մեր կյանքը բոլոր հարաբերություններով այնպես, որ զբաղված մարդը, որը քաղաքական գործիչ չէ, չի կարող մասնակցել տեղական և համազգային գործերի մեծ մասի լուծմանը, որոնք, սակայն, անմիջապես իրեն են վերաբերում։ Լավագույն լուծումը պաշտոնական արհմիությունների մեթոդների տարածումն է, որոնք արտացոլում են կոնկրետ շահեր։ Ներկայումս շատ շահեր չունեն ներկայացուցչական արտահայտություն։ Դեմոկրատիան պահանջում է բազմազան շահերի կազմակերպություններ և նրանց ներկայացուցչություններ, մարդկանց քաղաքական համաձայնություն, որն ունի որոշակի ազդեցություն, անդամներ և այլն։ Ռասելի կարծիքով, դա չի փոխի պառլամենտը, բայց հավատացած է, որ այն կարող է լինել կապող օղակ, նպատակ, որը թույլ կտա պառլամենտին պատկերացում կազմել քաղաքացիների տարբեր խմբերի ցանկությունների մասին։ Այնտեղ, ուր գոյություն ունի դեմոկրատիա, այն միշտ կարիք ունի պաշտպանելու մարդուն և փոքրամասնությանը բռնապետությունից, որն անցանկալի է և կարող է քայքայել հասարակական կարգը։ Իսկական դեմոկրատիայի պայմաններում անձինք և կազմակերպությունները, որոնք, ինչպես ենթադրվում է, ունեն խիստ ամրագրված գործառույթներ, ձգտում են իշխանությունը դարձնել անկախ։ Դա հատկապես պետք է վերաբերի ոստիկանությանը։ Իսկ դրա համար կարևոր է, որ ոստիկանության իշխանությունը սանձելու համար խոստովանությունը չհաշվվի որպես մեղքի ապացույց։ Պետք է ընդունվի այն տեսակետը, որի համաձայն անմեղի արդարացումը պակաս կարևոր չէ, որքան հանցագործի դատապարտումը. ահա այս ճանապարհով հնարավոր կլինի սանձահարել ոստիկանական ռեպրեսիվ իշխանությունը։
Ռասելն իր այս աշխատությունում անդրադառնում է տնտեսական պայմաններին, որոնք թույլ են տալիս իշխանական քաոսը հասցնել նվազագույնի։ Քաղաքական դեմոկրատիան լուծում է մեր պրոբլեմների մի մասը միայն, բոլորն այն չի կարող լուծել, երբ տնտեսական իշխանությունը միապետական կամ օլիգարխիկ բնույթ ունի։ Սրանից հետևում է, որ այն պետք է լինի դեմոկրատական։ 2 դեմոկրատիաները (հնաոճ և նորաոճ) ջանք չեն թափել իշխանության սահմանափակման համար։ Հին դեմոկրատիային դա չի հաջողվել, որովհետև այն միայն քաղաքական էր, նոր դեմոկրատիային նույնպես չի հաջողվել, որովհետև միայն տնտեսական է։ Միայն 2-ի միացման դեպքում է հնարավոր իշխանության սահմանափակման պրոբլեմի լուծումը։ Մեր աչքի առաջ ժամանակակից տեխնիկայի ազդեցությամբ աճում են կազմակերպչական տարբեր համակարգեր, որոնք ընդլայնում են իրենց մասշտաբները և շահերը։ Որպես անխուսափելի հետևանք՝ քաղաքական պետությունը կամ պետք է մեծ չափերով ընդլայնի իր տնտեսական ֆունկցիաները, կամ մասնակիորեն հրաժարվի դրանցից ի շահ մասնավոր ձեռներեցության, լինի բավական հզոր, որպեսզի կարողանա հակադրվել պետությանը կամ վերահսկել նրան։ Եթե պետությունը չկարողանա վերահսկել մասնավոր ձեռներեցությունը, ապա կդառնա մարիոնետ, իսկ ձեռներեցությունը՝ ռեալ պետություն։
Ըստ Ռասելի՝ ժամանակակից տեխնիկայի պայմաններում տնտեսական և քաղաքական իշխանությունները պետք է լինեն միավորված։ Կարևորը ոչ միայն դեմոկրատիան է, երբ պետության կողմից տնտեսական հիմնարկությունների վրա վերահսկողությունը ինչ-որ չափով ձեռնտու է շարքային քաղաքացուն, այլև հենց ինքը՝ դեմոկրատիան, պետք է լինի արդյունավետ, ինչն ապահովելը շատ դժվար է։ Ռասելն անդրադառնում է նաև պրոպագանդայի հարցին՝ որպես իշխանության սանձելու միջոց։ Պարզ է, որ պետք է բոլորին հասանելի և մատչելի լինի բողոքների հրապարակումը, ագիտացիան չպետք է դառնա օրենքի հակոտնյան։ Կառավարությունը չպետք է ի վիճակի լինի ապահովելու իր մշտական տեղն իշխանության մեջ՝ խեղաթյուրելով ընտրությունների արդյունքները։ Չպետք է լինեն ոչ մի կարգի հետապնդումներ՝ ոչ պաշտոնական, ոչ էլ հակառակը, որոնք կամրապնդեն էլիտայի քննադատությունները։
Ըստ Ռասելի՝ իշխանության հոգեբականան պայմանները, որոշ առումներով դժվար իրականացվող են։ Իշխանության հոգեբանության առումով, ըստ նրա, մենք գործ ունենք զգայությունների, դժգոհությունների և հնարավոր կոլեկտիվ գրգռված վիճակների հետ, որոնք մարդուն կուրացնում են և դրդում հետևելու լիդերին, որը շատ հաճախ օգտագործում է նրանց վստահությունը իր ինքնահաստատման համար։ Լավ է նաև, որ դեմոկրատիան հեռու մնա այնպիսի իրադարձություններից, որոնք առաջացնում են ընդհանուր համոզմունքներ։ Երբ դեմոկրատիան բարեհաջող զարգացում է ապրում, այն կարիք է զգում իր 2 հատկությունների լայնորեն տարածմանը։ Մի կողմից, մարդը պետք է վստահ լինի իր ուժերին և պատրաստ լինի պաշտպանելու իր դատողությունները, մյուս կողմից՝ մարդիկ պետք է պատրաստ լինեն ենթարկվելու մեծամասնության որոշումներին, անգամ եթե դրանք համահունչ չեն իրենց որոշումներին։ Այս պայմաններից որևէ մեկը կարող է բացակայել. մարդիկ կարող են լինել ենթարկվող, կարող են հետևել ուժեղ լիդերին մինչև անգամ բռնապետության հաստատում, կամ հակառակը, բոլոր կուսակցություններն այնքան ինքնավստահ են, որ արդյունքում երկիրը հասցնում են անարխիայի։
Ի՞նչ կարող է անել դաստիարակությունը։ Այն կարելի է ներկայացնել 2 ձևով.
- բնավորության և էմոցիաների հարաբերությամբ
- ինստիտուտների հարաբերակցությամբ
Ռասելը սկսում է վերջից։ Նա ասում է, որպեսզի դեմոկրատիան աշխատունակ լինի, բնակչությունը պետք է ազատ լինի ատելությունից, քայքայելու ծարավից, ինչպես նաև վախից և ստրկությունից։ Այդ զգացումները կարող են ունենալ քաղաքական կամ տնտեսական ենթատեքստ, սակայն Ռասելը փորձում է նայել այն մասը, որում դաստիարակությունը կարող է մարդուն դարձնել շատ կամ քիչ զգայուն այդ զգացմունքների նկատմամբ։ Նրա կարծիքով, որոշ ծնողներ և դպրոցներ երեխաներին ուսուցանում, ներարկում են ենթարկվածություն և կարծես ձգտում են նրան, որ երեխաներին դարձնեն կամ ստրուկներ, կամ խռովարարներ՝ նրանց մեջ դեմոկրատիայի նկատմամբ պահանջմունք դաստիարակելու փոխարեն։ Մարդը՝ լինի տղամարդ, թե կին, դեմոկրատական հասարակության մեջ ո՛չ ստրուկ է, ո՛չ խռովարար, այլ քաղաքացի, անձ, որն օժտված է պետական մտածելակերպով և հանդուրժում է դա ուրիշների մոտ և ոչ ավելին։ Այնտեղ, ուր չկա դեմոկրատիա, այդ մտածողությունը դառնում է ենթարկվելու ընդունակություն։ Դեմոկրատիան իրավահավասար համագործակցություն է, ինչը նշանակում է հանդուրժողականություն ուրիշի կարծքիքի նկատմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 5,0 5,1 5,2 Рассел Бертран // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1950/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.kalingafoundationtrust.com/website/kalinga-prize-for-the-popularization-of-science.htm
- ↑ L'Information universitaire — 1947. — ISSN 2024-3693
- ↑ https://event.ku.dk/sonningprisen/prismodtagere/
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 Kindred Britain
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 934.
- ↑ «The Russell-Einstein Manifesto» (PDF).
- ↑ «The Nobel Prize in Literature 1950».
- ↑ «Փիլիսոփայության պրոբլեմները». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերտրան Ռասելը գրապահարանում Արխիվացված 2022-07-30 Wayback Machine
- Բերտրան Ռասել - «Ինչո՞ւ ես քրիստոնյա չեմ» Մաս Ա (հոդված)
- Բերտրան Ռասել - «Ինչո՞ւ ես քրիստոնյա չեմ» Մաս Բ (հոդված)
- Բերտրան Ռասելը standardebooks.org֊ում
- Ազատամտությունը և պաշտոնական քարոզչությունը
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան Ռասել» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան Ռասել» հոդվածին։ |
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Փետրվարի 2 մահեր
- 1970 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի հասարակական գործիչներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Անգլիացի սոցիալիստներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի հումանիստներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Գիտության փիլիսոփաներ
- Ինքնակենսագիրներ
- Իրավունքի փիլիսոփաներ
- Կրոնների քննադատներ
- Հակաազգայնականներ
- Համաշխարհային ֆեդերալիստներ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Քաղաքական փիլիսոփաներ
- Բազմությունների տեսության մասնագետներ
- Մաթեմատիկական տրամաբաններ
- Տրամաբաններ
- Անգլիացի կալանավորներ և ձերբակալվածներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ