Ծիծեռնավանք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնավանք (այլ կիրառումներ)
Ծիծեռնավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և Բազիլիկ |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Քաշաթաղի շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 5-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 5-րդ դար |
Tsitsernavank Monastery Վիքիպահեստում |
Ծիծեռնավանք, Ագռավի գերեզման, Ագռավի տապան, Ծիծառնավանք, Ծիծեռնեկու վանք, Ծիծառնո վանք, Ծիծառնու վանք, Ծիծեռնակավանք, Ծիծեռնակու սուրբ վանք, Ծիծռանավանք, Ծիծռան վանք, Ծիծռավանք, Ծիծռնա վանք, Ծիծռնո վանք[1]։ Վանքային համալիր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում (այժմ՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում), Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի մոտ։
Ծիծեռնավանքի եկեղեցին աչքի է ընկնում իր ինքնատիպ հարդարանքով, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է։ Պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ։ Հայկական նույնատիպ կառույցների մեջ միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է։ Ներկայիս Ծիծեռնավանքն իր վրա կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցությունը։ Մասնավորապես, արտաքին պատերի ստորին՝ սրբատաշ բազալտով (7–8 շարք բարձրությամբ) մասը պատկանում է IV դարին (կամ ավելի վաղ ընկած ժամանակաշրջանին)։ Ըստ որոշ կարծիքների Ծիծեռնավանքի տեղում սկզբնապես եղել է հեթանոսական տաճար, որը հենց IV դարում վերածվել է եկեղեցու։ V–VII դդ հաջորդաբար ավելացվել են պատերի վերնամասը (ֆելզիտից), ավանդատները և խորանը՝ սյունազարդ վերնահարկով, փայտե սյուների փոխարեն՝ կամարաշարերը։ Ծիծեռնավանքի բազիլիկի առանձնահատկություններից են արևմտյան ճակատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն։ Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների, ներսը վաղ միջնադարի հայկական այլ ճարտարապետական հուշակոթողների նմանությամբ հարուստ հարդարանք ունի։ Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (նման հարդարանքը հանդիպում է V դ. 2-րդ կեսին կառուցված Տեկորի, Երերույքի, Փարպիի, Ամարասի բազիլիկ եկեղեցիներում)։ Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ երկու սրբերի պատկերով։ Պահպանվել է որոշ վարդյակների ու մույթերի խոյակների վրա կարմիր ներկը։
Հիշատակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշում է Սյունիքի մոտ 150 վանքերի մեջ որպես 30 նշանավոր վանքերից մեկը, բայց ոչ իր ժամանակի (13-րդ դարի վերջ) առաջնակարգ վանքերի շարքում և դասում է 17֊րդ տեղը, թեև մինչ Ծիծեռնավանքը նշվում են մի քանի աննշան վանքեր։ Ուշ միջնադարում նույնպես Ծիծեռնավանքը պատկանել է Տաթևի թեմին[2].
Տաթևի թեմին անմիջապես պատկանող այսքան քիչ վանքերի և անապատների ցանկր կարելի է բացատրել միայն նրանց ուխտատեղի լինելու հանգամանքով, որոնց ստացած եկամուտը, կամ մեծագույն մասը Տաթևին է հատկացվել։ Ուշագրավ է հատկապես կուսանաց անապատների թվարկումը, որոնց թիվը մեծ չի եղել Հայաստանում։
Պատմիչը Ծիծեռնավանքի անունը հիշում է նաև մի այլ առիթով։ 844 թվականին Սյունյաց նախարար Փիլիպեն Տաթևի վանքին է նվիրում իր հայրենի Տաթև գյուղը, ամբողջ հող ու անդաստանով։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռչաս գյուղի մելիք Թումանը շարունակ նեղացնում է գյուղի քահանային։ Մելիքից ազատվելու համար՝ սա մի անեծքաթուղթ է գրում, գցում նրա սենյակն ու ինքը փախչում։ Այդ թղթի ուժով մելիքը կորցնում է կնոջը, որդիներին և ողջ հարստությունը։ Հասկանալով, որ բոլոր դժբախտությունների պատճառը քահանայի անեծքն է, մելիքը գնում է նրանից թողություն խնդրելու։ Անցնելով շատ քաղաքներ, հասնում է Հռոմ և իմանում, որ քահանան արդեն վախճանվել է։ Հուսահատված մնում է Հռոմի վանքերից մեկում իբրև լուսարար և միշտ աղոթում էր իր հոգու փրկության համար։
Ժամանակ անց, մելիքը կծելով Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը, պահում է բերանում։ Դրանից վանքի սրբապատկերները գետին են թափվում։ Քահանաները ուզում են հանել մելիքի բերանից մասունքը և իրեն էլ սպանել։ Սեղանից մի ձայն ասում է՝ «Մի մերձենաք մելիքին»։ Մելիքը անվտանգ գալիս է հայրենի երկիրը։ Պաշտամունքի առարկա մի շլորի ծառի տեղում մելիքը վանք է կառուցում, ուր և ամփոփում է Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը։ Դրա համար էլ վանքը կոչվում է Ծիծեռնավանք[3][4][5][6]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծիծեռնավանքում առաջին հերթին աչքի Է ընկնում երկու տարբեր շինանյութով կառուցած լինելը։ Պատերի ստորին մասը ամբողջ պարագծով, յոթ-ութ շարք բարձրությամբ, կառուցված Է մուգ գորշավուն բազալտի սրբատաշ խոշոր քարերից, իսկ մնացածը բաց դեղնավուն ֆելզիտի մաքուր տաշած քարերից։ Ոչ միայն պատերի վերին մասերը, այլև աբսիդը ավանդատներով, մույթերը և որմնամույթերը, տաճարի բազալտե մասի համեմատությամբ, հետագա հավելված են։ Տաճարն ունի արևելքից արևմուտը ձգված ուղղանկյուն հատակագիծ (արտաքին չափերն են 12․5 մետր x 25․6 մետր)։ Ներսի տարածությունը երկու շարք մույթերով բաժանվում Է երեք նավի, որոնցից գլխավորը (միջինը) կողայիններից լայն Է ավելի քան երկու անգամ։ Մույթերի ուղղանկյուն են (հյուսիսային շարք) և քառակուսի (հարավային շարք)։ Հայաստանի մյուս եռանավ բազիլիկաների մույթերը ունեն Т-աձև կտրվածք։ Ծիծեռնավանքում մույթերի չափերի անհավասարությունը երկայնական ուղղությամբ բերել Է նրանց միջև ձգվող պայտաձև և երկկենտրոն կամարների թռիչքների անհավասարություն։ Միջին նավն արևելքում ավարտվում Է արտակարգ շեշտված պայտաձև հատակագիծ և հաղթակամար ունեցող խորանով։ Այն լուսամուտ չունի, ինչպես 4-5-րդ դարի հայկական հուշարձաններից Ճարճակեսը, Թանահատը։ Խորանի երկու կողմերում կան սեղանաձև հատակագծով թաղածածկ ավանդատներ, որոնք աբսիդի հետ ներառված են տաճարի ընդհանուր ծավալի ուղղանկյուն եզրագծի մեջ և դրսում չեն արտահայտվում։ Ավանդատները երկհարկանի են, ընդ որում երկու հարկերն Էլ տաճարի արևելյան ճակատում լուսամուտներ ունեն։
Ծիծեռնավանքի ներքին տարածության կազմակերպումն ունի մի բացառիկ հետաքրքրական առանձնահատկություն՝ դա խորանի վրա գտնվող պատշգամբն Է, որը կամարակապ երեք բացվածքներով դուրս Է գալիս դեպի գլխավոր նավը։ Այդ վերնահարկը, որի հատակը գտնվում Է ավանդատների երկրորդ հարկերի հատակների հետ միևնույն բարձրության վրա, լուսավորվում Է տաճարի արևելյան ճակատում բացվող զույգ լուսամուտներով և նոանցից բարձր տեղադրված կիսաշրջանաձև պատուհանով։ Վերնահարկի կամարները պայտաձև են։ Նրանց միջի սյուները ունեն պարզունակ խոյակներ և խարիսխներ։
Ծիծեռնավանքի վերնահարկը գործառնական նշանակություն չունի, որովհետև չկան դեպի այնտանող մշտական աստիճաններ։ Միակ հնարավոր մուտքը հարավային ավանդատան թաղի մեջ թողնված անցքն է, որտեղից կարելի է բարձրանալ ավանդատան երկրորդ հարկը և այնտեղից անցնել կամարասրահով այդ պատշգամբը։ Ծիծեռնավանքի վերնահարկը հիմնականում ունի գեղագիտական նշանակություն՝ տաճարի գլխավոր նավի ձևավորման գործում (որպես լույսի աղբյուր այն երկրորդական դեր է խաղում)։ Կամարների միջև կանգնեցված են եղել ազատ թևերով քարե խաչեր, որոնք կամարակապ բացվածքների լուսավոր ֆոնի վրա երևացել են իրենց ուրվանկարով։
Ծիծեռնավանքի նավերի թաղերը չունեն թաղակիր կամարներ։ Տաճարի միջին նավերը լուսավորվում են արևմտյան ճակատում, ծածկի անմիջապես տակ տեղադրված մեկական լուսամուտով և ընդերկայնական պատերում բացվող (յուրաքանչյուրում չորսական) բարձր և լայն պատուհաններով։ Բոլոր լուսամուտների կամարները պայտաձև են։ Հետագայում (18-րդ դարում) փակվել են հյուսիսային պատի բոլոր լուսամուտները և հարավայինի երկուսը։
Ծիծեռնավանքի ճարտարապետության կարևոր առանձնահատկություններից Է արևմտյան ճակատում մուտքի բացակայությունը։
Հուշարձանի հյուսիսային և արևելյան ճակատները անմիջականորեն դրված են բլրի զառիթափ լանջերին, որի հետևանքով հյուսիսի տաճարն ունի բազմաստիճան որմնախարիսխ, իսկ արևելքից վեց շարք կիսամշակ բազալտե խոշոր քարերից հիմնապատ։ Շենքի քիվը ստացվում է տանիքի քարե սալերի շարունակությամբ։ Խորանի տանիքի համեմատ միջին նավի երկթեք տանիքը նկատելիորեն ցածր է։ Երկու տանիքների միացման տեղում, միջին նաևի տանիքի գագաթին, բարձրանում է վեցսյունանի փոքրիկ զանգակատունը, պսակված կոնաձև վեղարով։
Ծիծեռնավանքի արաաքին ճարտարապետական կերպարը զուսպ է։ Պատերը դրսից ունեն հարդարանքի սակավաթիվ տարրեր։ Հյուսիսային և հարավային ճակատների լուսամուտները ունեն պատի հարթություննից դուրս եկող կիսաշրջանաձև երեսակալներ, որոնք այժմ խիստ հողմնահարված են։ Իսկ արևելյան և արևմտյան ճակատների լուսամուտների պարակալները ուղղակի փորված են պատի հարթության մեջ։ Արևելյան ճակատի զույգ լուսամուտների տակով գնում է սալերից շարված հորիզոնական քիվ։ Տաճարի պատերի հիմնական զարդաքանդակները վաղ միջնադարին բնորոշ շրջանագծի մեջ ներգծված հավասարաթև խաչերն են։ Նրանց տարբերակները փորված են հարավային պատի արևմտյան կողմում, լուսամուտների միջև և արևելյան հատվածում, նույն պատի մուտքերի բարավորների վրա։ Իսկ հյուսիսային պատի մուտքի բարավորին շրջանագծի մեջ ներգծված հավասարաթև խաչը նկարված է կարմիր ներկով։ Մուտքերի և պատերի վերին՝ տուֆե մասի վրայի խաշերը քանդակված են միաժամանակ։
Զարդաքանդակներով հարուստ է տաճարի ներսը։ Մույթերի խոյակները զարդարված են ատամիկներով (որոնք դասավորված են հիմնականում մեկ՝ շարքով, բայց կա և շախմատաձև, երկշարք դասավորություն), ալիքներով, պարանահյուս քանդակով, ճառագայթներով ութ եռանկյան բաժանված ուղղանկյուններով, սալիկներով և գլանիկներով։ Մույթերի վրա կան վեց թերթիկանի վարդյակներ, ուղղանկյուն շրջանակի մեջ առնված հարթ և լայն ժապավենի օձանման հյուսկեն քանդակ, ութ ճառագայթներով եռանկյունների բաժանված ուղղանկյուններով շրջապատված պարանաձև հյուսվածք։ Մույթերից վերև, նրանց առանցքով, կան երեսակալներ ունեցող ձագարաձև խորշեր, իսկ ավելի վեր, կամարաշարի պատերին քանդակված են հավերժության նշաններ, ինչպես նաև բազմաթերթ վարդյակներ։ Մույթերի ավելացված մասերին, ապա նրանց և հյուսիսային պատի որմնասյուների խոյակները նույնպես մշակված են ատամիկներով։ Հյուսիսային պատին որմնասյուների արանքում պահպանվել Է որմնանկարի մի բեկոր ողջ հասակով կանգնած երկու սրբերի պատկերով։ Տաճարի ձևավորման մեջ օգտագործված Է նաև գույն՝ կարմիր են ներկված որոշ վարդյակներ և մույթերի խոյակները։
Վանքի համալիրի շենքերից պահպանվել Է միայն հարավային պարսպին Կից, որձաքարով և կիսամշակ բազալտով շինված, այժմ կիսավեր սեղանատունը։ Այն ուղղանկյուն, ձգված (ներսի չափերն են 13.75 մետր x 4.25 մետր) թաղածածկ կառուցվածք է, որին որպես հարավային պատ ծառայել Է պարիսպը (այժմ այդ մասում լրիվ քանդվաձ), Մուտքերը երկուսն են արևելյան և արևմտյան պատերում։ Հյուսիսային կողմից դեպի սեղանատուն բացվում են կամարակապ խորշեր։ Սեղանատունը 18-րդ դարի գործ Է, որովհետև որպես արևեյան մուտքի բարավոր 17-րդ դարի խաչքար Է оգտագործված։ Վանքի խցերի հետքերը նշմարվում են համալիրի արևմտյան կողմում։ Պարիսպը շինված Է որձաքարով և գետաքարով, կրաշաղախ ի միջոցով։ Այն նախնականը չէ և 17-րդ դարի վերակառուցման արդյունք Է։ Սրբատաշ բազալտից շինված այժմյան դարպասի շքամուտքի շուրջը, պատի շարվածքի մեջ, պահպանվել են նախնական դարպասի կամարի հատվածներր, շարված նույն ֆելզիտի սրբատաշ քարերով, որով և կառուցված Է տաճարը։ Հին դարպասի կամարը ունեցել Է համեմատաբար ավելի մեծ թոիչք (3․55 մ)։ Նոր դարպասը ուղղանկյուն բացվածք Է, վերևում համակենտրոն կրկնակի կամարներով, կառուցված 1613 թվականին (եստ արձանագրության)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ վանական համալիրների ցանկ
- Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- ՀՀ տաճարների ու եկեղեցական համալիրների ցանկ
- Արցախի վանական համալիրների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 849 — 992 էջ։
- ↑ Ստեփաննոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Աիսական, Թիֆլիս, 1910 թվական, էջ 516
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծիծեռնավանք կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 126)։ |