Մշկավանք
Մշկավանք | |
---|---|
Մշկավանք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան, Տավուշի մարզ, Կողբ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Տավուշի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Ներկա վիճակ | Մասնակի վերանորոգված |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին և Մատուռ-դամբարան |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 12-13-րդ դարեր |
Հիմնադրված | 12-րդ դար |
Գմբեթ | 1 |
Mshkavank Վիքիպահեստում |
Մշկավանք (նաև՝ Մշակավանք), միջնադարյան հայկական առաքելական չգործող վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղում[2][3][4][5]։
Տեղադրություն և կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշկավանքը գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ՝ անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա[2][3][4]։ Կողբից դեպի վանական համալիր առկա է գրունտային դժվարանցանելի ավտոճանապարհ։
Մշկավանքը ներառված է Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկում «10.41.23» համարով[2]։ Ներկայում հանդիսանում է չգործող վանական համալիր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշկավանքի կառուցման թվականի մասին հստակ հիշատակություններ չկան։ Կառույցի ճարտարապետական հորինվածքի հիման վրա կարելի է ասել, որ այն կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ 13-րդ դարի պատմագիր Վարդան Արևելցու հիշատակության համաձայն մինչև 1219 թվականի երկրաշարժը Մշկավանքը կանգուն կառույց էր[2][3][4][6]։
Հուշարձանը վերանորոգվել է 1955-1960-ական թվականներին ճարտարապետներ Հ. Հակոբյանի և Յու. Թամանյանի նախագծերով[2][4]։ Նորոգման աշխատանքների ժամանակ ամրացվել են գավթի խաչաձևող կամարները և դրանց հենվող թաղերը։ Նորոգվել են պատերի քայքայված մասերը, խցերը, շքամուտքը, սալապատվել են տանիքները[3][4]։
Ճարտարապետություն և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրը կազմված է եղել մի շարք շինություններից, որոնցից այժմ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, նրան կից գավիթը, հարակից գերեզմանոցը, կիսավեր մատուռը։ Հիմնական շինությունը կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով[2][3][4]։ Վանքի մոտակայքում պահպանվել են վանքապատկան շինությունների ավերակներ։ Այն հայտնի է իր հարուստ խաչաքանդակներով և վիմական արձանագրություններով[3][4][4]։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցին քառակուսի հատակագծով միանավ դահլիճ է, որը ծածկված է կիսագլանային թաղով։ Արևելյան կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի, նեղ ավանդատները։ Միակ մուտքը, որը բացված է արևմտյան կողմից, ձևավորված է զույգ կիսագլանիկներով և հյուսվածքանախշերով զարդարված, ուղղանկյուն շրջանակի մեջ առնված կիսաշրջանաձև կամարով, բացվում է դեպի գավիթը։ Եկեղեցու արևելյան ճակատը՝ ավագ խորանի պատուհանից վերև, հարդարված է ոճավորված խաչով, որի վերի թևին ցուլի գլուխ է քանդակված[2][3][4]։
Տեղանքի ռելիեֆով պայմանավորված՝ եկեղեցու հատակը գավիթի հատակից նշանակալի բարձր է։ Այդ բարձրությունը ճարտարապետական առումով հաղթահարվում է քարե չորս աստիճաններով[3]։
Գավիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչվող կամարներով գավիթը հանդիսանում է վանական համալիրի հիմնական կառույցը։ Այն ունի փոխհատվող զույգ կամարների համակարգով անսյուն կենտրոնակազմ գավիթների հորինվածք՝ արևմտյան կողմից երկարացված լրացուցիչ տարածությամբ, որը գավթի քառակուսի մասից բաժանված է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով։ Ունի քառալանջ կտուր։ Մուտքը արևմտյան ճակատից է։ Շքամուտքը երիզված է եռաստիճան ուղղանկյուն շրջանակներով[2][3][4]։
Ըստ կառուցվածքային սխեմայի՝ Մշկավանքի գավիթը նման է Հաղպատի և Գանձասարի վանքերի գավիթներին և բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում հետազոտողների համար[3][4]։
Մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական շինույթունից դեպի հարավ պահպանվել է կիսավեր մատուռ[4]։
Գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու շուրջ տարածված է հին գերեզմանոցը[3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու և գավթի արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարդանախշեր և քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կողբ
- Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
- Մշկավանքի վիմական արձանագրությունների ցանկ
- Գուլբոտին նվիրված խաչքար (Մշկավանք)
- Թաշտին և նրա ծնողներին նվիրված խաչքար (Մշկավանք)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Մշկավանքի մասին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպության կայքում (արխիվացված)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Յու․ Ա․ Թամանյան, «Մշկավանքի վերականգնում», (արխիվացված 27.04.2021թ.):
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Գ. Շախկյան, Լոռի, պատմության քարակերտ էջերը, էջ 163-164, (էլեկտրոնային տարբերակ)։
- ↑ [1]
- ↑ Վարդան Վարդապետ Արևելցի «Հաւաքումն պատմութեան», Վենետիկ 1862, էջ 142։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարսեղյան Լ., Մշակավանք, «Էջմիածին», 1959, դ 3։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մշկավանք կատեգորիայում։ |