Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ներքին Ծաղկավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ, Իջևանի շրջան, Ղազախի գավառ և Ելիզավետպոլի գավառ
ԳյուղապետՆաիրի Աթաբեկյան[1]
Հիմնադրված էXIII դար թ.
Այլ անվանումներՄելիքգյուղ
Մակերես7.98 կմ²
ԲԾՄ840 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն532[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ներքին Ծաղկավան (Հայաստան)##
Ներքին Ծաղկավան (Հայաստան)

Ներքին Ծաղկավան (նաև Ծաղկավան, նախկինում՝ Մելիքգյուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք` Քարահան գետի աջափնյակում։ Վերանվանվել է Ծաղկավան 1940 թ.-ի մարտի 2-ին[3]։

Գյուղը ապահովված է խմելու ջրով և գազաֆիկացված է։ Գյուղ մտնող ասֆալտապատ ճանապարհը կապում է այն Իջևան-Նոյեմբերյան մայրուղուն։

Աշխարհագրական դիրքը և բնական պայմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկավանը (Ներքին Ծաղկավան) գտնվում է Երևանից 161 կմ և Իջևանից 28 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Հայաստանի հյուսիսային պետական սահմանից մոտ 4,5 կմ հեռավորության վրա, ծովի մակերեսից 840 մ բարձրության վրա։ Գյուղը գտնվում է 6-7 բալանոց սեյսմական գոտում։

Գյուղատնտեսական հողերի մեծ մասը գտնվում է ծովից 700 - 1700 մ բարձրության վրա, հիմնական թեքվածությամբ հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք։ Գյուղը շրջապատող բարձունքները հասնում են 2500 և ավելին մետրի։ Հարավից և արևմուտքից գյուղը շրջապատված է Տավուշի անտառներով, իսկ հյուսիսից և արևելքից լեռնա-դաշտային լանդշաֆտներով։ Հարավ-արևմուտքից գյուղը շղթայված է անտառապատ լեռներով, իսկ հյուսիս-արևելքում գտնվում են խաղողի և այլ մշակելի դաշտեր։

Ծաղկավանի մոտակա Տավուշի անտառում (600 - 2500 մ բարձրության վրա) աճում են մոտ 120 տարբեր տեսակի բույսեր։ Ծառերը հիմնականում՝ հաճարենի, կաղնի, և բոխի են։ Աճում են նաև պնդուկենի, լորենի, ճիպոտ, գիհ, տարածված են բազմատարի խոտեր։

Գյուղն ունի բարեխառն մերձաևադարձային կլիմա. ամառները չափավոր շոգ են, ձմեռները մեղմ։ Միջին տարեկան ջերմաստիճանը +12 C° է։ Ամռան միջին ջերմաստիճանը +30 С° է, իսկ ձմռանը -2 С°։ Միջին տարեկան տեղումները կազմում են 500 - 800 մմ, ձյան ծածկը 10 - 15 սմ, վեգետացիոն շրջանը կազմում է 225 - 115 օր։

Մելիքգյուղ-Ծաղկավանը Տավուշի հնագույն գյուղերից է։ Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մետր դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվում է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ։ Բլրի գագաթին գտնվում են շրջանաձև տեղադրված մեծ քարեբեկորներ։ Ամենայն հավանականությամբ, այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։

Հնում, ներկայիս Մելիքգյուղ-Ծաղկավանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կողբոփոր գավառի մեջ։ Սակայն պատմության ընթացքում թե գավառի տարածքը, թե անվանումը քանիցս փոփոխվել են։

Արշակունիների դարաշրջանում Իջևանով և Ոսկեպարով անցնում էր Մեծ Հայքից դեպի Տփղիս միջազգային առևտրաուղղին, որը այնուհետև ձգվում էր դեպի Ալանիա և հյուսիսային Կովկաս. այդ առևտրաուղին հատկապես ակտիվորեն էր օգտագործվում IV - V դարերում։

10-12 դարերում Մելիքգյուղի և ամբողջ Կողբոփորի տարածքը (որ հետագայում կոչվում էր Կայան կամ Կայեն) մտնում էր հայոց Լոռու թագավորության կազմի մեջ։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում գավառի պատմամշակութային հուշարձաններից շատերը՝ ճարտարապետությունը, վիմագրությունները, մանրանկարչությունը։ Մասնավորապես, մեզ են հասել Մակարավանքը, Դեղձնուտը, Սամսոնի վանքը, Առաքելոց վանքը, Կիրանցը և այլն։ Այդ տաճարները ունեն բազմաթիվ զարդաքանդակներ և վիմագրեր, որոնք պատմական արժեք են ներկայացնում։ Այդ ժամանակաշրջանում զարգացան նաև առևտրատնտեսական հարաբերությունները, կառուցվեցին բազմաթիվ կամուրջներ։ Մելիքգյուղ-Ծաղկավանի տարածքում պահպանվել են մի քանի միջնադարյան կամուրջներ։

12-13 դարերում գյուղը մտնում էր Հայոց Վահրամյանների և Մահկանաբերդի Արծրունիների իշխանությունների կազմի մեջ։ Սակայն 13-րդ դարի մոնղոլ-թաթարական արշավանքների արդյունքում՝ Մելիքգյուղը ասպատակվեց՝ Տավուշի այլ ավանների և գյուղերի թվում։ Բազմաթիվ պատմական հուշարձաններ քանդվեցին թաթարների կողմից։ Բնակչության մի մասը կոտորվեց, իսկ շատերը գերևարվեցին։ Տնտեսական և մշակութային կյանքը գրեթե ընդհատվեց։

15 դարում Շահ-Աբասի ասպատակումների արդյունքում Մելիքգյուղը նորից ամայացավ։ Գյուղի բնակիչների մի մասը թաքնվեցին Տավուշի անտառում և մոտակա քարանձավներում։ Պարսկական տիրապետության տարիներին, չնայած զավթիչների ճնշումներին, Մելիքգյուղը և ամբողջ Տավուշը մասամբ վերակենդանացան։

1721 թվականին լեզգիները, իսկ 1723 թվականին թուրքերը, նորից ասպատակում և թալանում էին Տավուշի հայկական բնակավայրերը։ Այնուհետև հետևեցին պարսից Աղա Մահմադ-խանի հարձակումները Արցախի և Վրաստանի վրա (1795 - 1797 թվականներ)։ Այդ տարիներին Մելիքգյուղ ժամանեցին մի քանի տոհմ Արցախից, այդ թվում Աթաբեկյանների մելիքական տոհմի ներկայացուցիչները, ինչի արդյունքում գյուղը վերաբնակեցվեց և ստացավ իր Մելիքգյուղ անվանումը։ Աթաբեկյանները գյուղում կառուցեցին սբ. Հովհաննես եկեղեցին և Սառնաղբյուրը (գյուղի միջին հատվածում)։ Արցախից և պատմական Մեծ Հայքի այլ մասերից Տավուշ տեղափոխվողների թիվը շատացավ 1801 թվականից հետո, երբ հյուսիսային Հայաստանը՝ այդ թվում Մելիքգյուղը, հայտնվեցին Ռուսաստանի կազմի մեջ։

1918 թվականին Մելիքգյուղը մտավ Հայաստանի առաջին Հանրապետության կազմի մեջ։ 1920 թվականին հուլիսին Մելիքգյուղը Սևքարի հետ միասին ենթարկվեց Ղազախում տեղակայված բոլշևիկ հրոսակախմբերի հարձակմանը։ Բայց կարճ ժամանակ հետո գյուղը ազատագրվեց հայոց բանակի կողմից[4]։ Սակայն նույն տարում Թուրքիայի Հայաստանի վրա հարձակումից հետո, բոլշևիկ հրուզակները Ադրբեջանից նորից հարձակվեցին Հայաստանի վրա, այդպիսով բացելով երկրորդ ճակատ։ Այդ թվում գրավվեց Մելիքգյուղը։ Ինչպես և ամբողջ Հայաստանում, Մելիքգյուղում սկսվեց բոլշևիկյան «կարմիր տեռոր»՝ ընդդեմ ազնվականների (մելիքների) և մտավորականների։ Մասնավոր հողերը առգրավվեցին, իսկ գյուղի համայն բնակչությունը բռնի կերպով կոլխոզագրվեց։ 1961 թվականին Սևքարի և Մելիքգյուղի կոլխոզների հիման վրա ստեղծվեց միացյալ սովխոզ, որը այլ սովխոզների պես եկամտավրեպ էր։

Բոլշևիկյան "դասակարգային պայքարի" սին գաղափարի ոգով և ստալինյան տեռորի մթնոլորտում, 1946 թվականին կոմունիստները փոխեցին գյուղի հին անվանումը՝ Մելիքգյուղը անվանափոխվեց Ծաղկավան արհեստական անունով։ Չնայած կոմունիստական գաղափարախոսական ճնշումներին, 1983 թվականին հոկտեմբերի 8-ին Մելիքգյուղում կազմակերպվեց Աթաբեկյանների մելիքական տոհմի առաջին տոհմահավաքը[5]։

Երբ արդեն անկախ Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների արդյունքում Իջևանի, Նոյեմբերյանի և Շամշադինի շրջանները միացվեցին Տավուշի մարզի շրջանակներում, այդ վարչական տարածքում հայտնվեցին երկու գյուղ նույն՝ Ծաղկավան անունով. մեկը նախկին Իջևանի շրջանի Մելիքգյուղ-Ծաղկավանն էր, իսկ մյուսը՝ նախկին Շամշադինի շրջանի Ծաղկավանը։ Տարբերակման համար որոշվեց առաջին Ծաղկավանը անվանել Ներքին, իսկ երկրորդը՝ Վերին Ծաղկավան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ներքին Ծաղկավանի մշտական բնակչությունը կազմել է 532, առկա բնակչությունը՝ 481 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 168 286[7] 427 561 722 588 596 552 600 576 532[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսությամբ՝ այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։ Ձմեռները անասունները պահվում են հովիտներում, իսկ ամռանը քշվում դեպի ալպիական արոտավայրեր (սար)։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիքգյուղ-Ծաղկավանի շրջակայքը բարենպաստ է էկո- և էթնո-զբոսաշրջության համար։ Տավուշի անտառի եզրով բխում են սառնորակ ջրով բազմաթիվ աղբյուրներ, որոնք ունեն բուժիչ հատկություններ (մասկավորապես օգտակար են էկզեմաների և ստամոքսա-աղիքային հիվանությունների բուժման համար)։ Դրանցից ամենահայտնի աղբյուրն է Մասմանի աղբյուրը։ Գյուղից դեպի հարավ երևում է հողաշերտի բնական փլվածք, որը տեղացիները կոչում են Փուլք։

Մելիքգյուղ հնատեղին գտնվում էր ներկայիս գյուղից մոտ 1000 մետր դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվող բլրի կատարին հայտնաբերվել է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ. պահպանվել են շրջանաձև դրված մեծ տաշած քարեր։ Ամենայն հավանականությամբ, հնագույն ժամանակներում այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։

Նույն բլրի վրա կան 13-րդ դարի խաչքարեր։ Մոտակա անտառներում նույնպես կան խաչքարեր, այդ թվում այդպես կոչված «կելտական» ոճի. դրանցից մեկը գտնվում է Փուլքից վերև և կոչվում է Սպիտակ խաչ։

Հարավ-արևմուտքում գտնվող և Տավուշի անտառով ծածկված բարձր գագաթները (Լոշ-քար և Կարմիր-քար) ունեն ժայռակատարներ, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ։

Գյուղի հյուսիսային ծայրամասից բացվում է գեղատեսիլ տեսարան Ոսկեպար (նախկինում՝ Ջողազ) գետի հովտի և Գավազան (Գավառծին) լեռան վրա։ Պարզ եղանակի ժամանակ, հեռվում տեսանելի են Հյուսիսային Կովկասի լեռները։

Ծաղկավանի շրջակայքում պահպանվել են XIII-XVII դարերի “Քոլեր” գյուղատեղին, XII-XIII դարերի եկեղեցին և XIII դարի խաչքարերով գերեզմանոցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տավուշի մարզ(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 835 — 992 էջ։
  4. Последние дни Первой Армянской Республики — дневник неизвестного автора (հայ.)
  5. Журнал "Анив", 08.09.2008 №5 (14)
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 101» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
  7. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»